ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում, անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի կողմից տնտեսության զարգացման խոստումներին եւ դրանք իրագործելու նախադրյալների առկայությանը, ասել է. «Հովիկ Աբրահամյանը կուշտ մարդ է եւ դժվար նա նպատակ ունենա վարչապետի աթոռին ավելացնել հարստություն, չեմ կարծում, որ նման նպատակ կունենա, հակառակ նպատակը կունենա, միգուցե նաեւ սեփական կորուստների հաշվին սոցիալական, քաղաքական կապիտալը ավելացնի»:
Թե ինչով է պայմանավորված Հովիկ Աբրահամյանի հասցեին նման դիֆերամբների հնչեցումը սովորաբար չափազանց ինքնահավան Արմեն Դարբինյանի կողմից, առայժմ դժվար է ասել, թեեւ չի բացառվում, որ դա տեսանելի դառնա առաջիկայում: Սակայն այն, որ Աբրահամյանի կուշտ լինելու մասին խոսում է Դարբինյանը, արդեն իսկ մինուս է Հովիկ Աբրահամյանի համար, քանի որ հանրությունը դեռ չի մոռացել, թե ինչպես էր մեկը մյուսի հետեւից կասկածահարույց բարեփոխումների անվան տակ ՀՀ տնտեսական հզորությունները փոշիացնում մանուկ հասակից բացառապես «խավիարով կշտացած» Արմեն Դարբինյանը: Նա, ինչպես հիշում ենք, մանկուց խավիար ուտելը համարում էր իր ամենամեծ առավելությունը` առանց նեղվելու, որ այդ խավիարը ինքը կերել էր մսի կոմբինատի տնօրեն հայրիկի` խորհրդային տարիներին անհասկանալի ճանապարհով աշխատած փողերով:
Եւ, առհասարակ, հատկապես այս օրերին, երբ պարզ է դառնում, որ տարիներ առաջ ՀՀ իշխանությունների կայացրած խայտառակ որոշումների արդյունքում Հայաստանի էներգահամակարգը կարող է հայտնվել կոլապսի մեջ, բարձրանում է նախկին պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու հարցը: Եվ այս իմաստով հատկապես արդիական է դառնում բաշխիչ էլէկտրական ցանցերի նախ` սեփականաշնորհման, ապա օֆշորային ինչ-որ անհայտ ընկերությանը վաճառելու գործարքի` ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրության հարցը: Ու թեեւ Հայաստանում տարիներ շարունակ անխնա թալան իրականացրած որեւէ վարչապետ կամ նախարար մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել, ինչպես, օրինակ, դա եղավ Ուկրաինայում կամ Վրաստանում, պետք չէ մտածել, որ ամեն ինչ այսպես էլ շարունակվելու է, եւ Հայաստանում իշխանափոխություն չի լինելու: Որքան էլ մեր ընդդիմությունն ապիկար է, ծախված եւ անսկզբունքային, հենց իշխանություններն իրենց գործողություններով այդ օրը մոտեցնում են, եւ վստահաբար` առաջիկայում հանրությունը հնարավորություն կունենա ամենայն մանրամասնությամբ պարզելու, թե ինչքան, ինչով եւ ում հաշվին են կշտացել ներկա եւ նախորդ իշխանավորները: