Երեկ մեկնարկած Աժ արտահերթ նստաշրջանում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցն այլեւս չքննարկվեց` չնայած ընդդիմադիր որոշ պատգամավորների փորձերին: Պարզվեց` Աժ ղեկավարությունը անցած ուրբաթ հրավիրած լսումներով իր անելիքն ավարտած է համարում եւ հարցի քննարկման շարունակության անհրաժեշտություն չի տեսնում: Իսկ առաջիկա հանրային ընդվզման ողջ պատասխանատվությունն էլ դնում է լրատվամիջոցներիս ուսերին.«Այն, որ ընդվզումը բոլորիս մոտ է, դա կա: Բայց բոլորս չէ, որ ընդվզման ճանապարհ ենք բռնելու:
Լրատվությունը դուք եք, եթե ամբողջ օրը քարոզեք, որ թալանեցին, տարան, կերան, ընդվզողներ կլինեն»,- ասել է Աժ նախագահ Գալուստ Սահակյանը` ինչպես միշտ «փայլելով» իր հակասական մտազեղումներով: Ընդվզող, բայց ընդվզման ճանապարհը չբռնող Գրիգորիչը թանկացումը պայմանավորել է բացառապես դոլարի արժեւորմամբ` ասելով. «Որովհետեւ այդ հարաբերությամբ դուք էլ այսօր ավելի վատ եք ապրում, այդ հարաբերություններով փաստորեն 60 դրամով ավելացել է դոլարի արժեքը»:
Այս հայտարարությունից հետո դժվար է չհարցնել, բա եթե հասկանում եք, որ մենք, այսինքն՝ ժողովուրդը, առանց այդ էլ այսօր ավելի վատ ենք ապրում, ինչ սրտով եք էլ ավելի չարքաշ գոյատեւման դատապարտում մարդկանց: Այս հարցին ի պատասխան, սակայն, դարձյալ բերվել են «անհերքելի» հիմնավորումներ. «Եթե կաթը թանկանում է, բնական է, որ էլեկտրաէներգիան էլ պիտի թանկանա»,- պատճառաբանել է ԱԺ նախագահը` այն դեպքում, երբ գյուղացիները տեւական ժամանակ է՝ բոլոր հնարավոր միջոցներով բողոքում են կաթի չհիմնավորված էժանացման դեմ:
Ինչ վերաբերում է Կառավարության կողմից հազար նպաստառու ընտանիքներին տրվելիք փոխհատուցումը բավարար համարելուն, այն դեպքում, երբ ՀՀ-ում ավելի քան 1 միլիոն մարդ պաշտոնական ցուցանիշներով աղքատ է, այստեղ եւս Գալուստ Սահակյանն ունի պատասխան. «105 հազար տան բնակիչներն ամեն մեկն առանձին հոսանք չեն վճարում: Մեկ հաշվիչ է, եւ ամբողջ ընտանիքը 1 հաշվիչով է վճարում, այսինքն՝ մոտ 700 հազար բնակիչ է լինում»: Ամենազավեշտալին, սակայն, Աժ նախագահի հետեւյալ` ամփոփիչ հիմնավորումն է. «Ի՞նչ քայլ պիտի անենք, ըստ ձեզ:
Աշխատավարձ եթե բարձրացնենք, էլի ժողովրդի հաշվին է լինում: Բա ժողովուրդն է բյուջե ստեղծում, ազգն է պահում, դուք գիտեք՝ Գալուստ Սահակյանը կամ մյո՞ւսն է ազգը պահում»: Փաստորեն, իշխանությունները աշխատավարձերը չեն բարձրացնում` բացառապես ժողովրդի մասին մտածելով: Այս մակարդակի դեմագոգիայից հետո արդեն բոլոր մեկնաբանությունները պարզապես անիմաստ են: