Որքանով են տարբերվում ժողովրդավարական արժեքների մասին պատկերացումները Հայաստանում և Արևմուտքում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆլորիդայի նախկին նահանգապետ, հանրապետական Ջեբ Բուշը նախօրեին Մայամիում հայտարարել է, որ ԱՄՆ առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրելու է իր թեկնածությունը: Հիշեցնենք, որ խոսքը ԱՄՆ նախկին երկու նախագահների` Ջորջ Բուշ ավագի որդու եւ Ջորջ Բուշ կրտսերի եղբոր մասին է: Ասել է թե` ԱՄՆ-ում շարունակվում է ազդեցիկ ընտանիքների տարբեր անդամների` երկրի նախագահի պաշտոնում առաջադրվելու ավանդույթը (հիշենք նաեւ Քենեդիներին): Ընդ որում, այս անգամ դրա դրսեւորումներին ենք ականատես լինելու ոչ միայն հանրապետական կուսակցության, այլեւ դեմոկրատների մոտ: Վերջինի ամենահավանական թեկնածուն ԱՄՆ մեկ այլ նախկին նախագահի` Բիլ Քլինթոնի կինն է` ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Այսպիսով` ստացվում է, որ ողջ աշխարհին ժողովրդավարության դասեր տվող եւ քաղաքական ամենաառաջադիմական համակարգն ունեցող երկրի համարում ունեցող ԱՄՆ-ում տարիներ շարունակ իշխանությունը փոխանցվում է հորից որդուն, ընտանիքի մի անդամից մյուսին, պարզապես դա տեղի է ունենում որոշակի ընդմիջումներով: Ու թեեւ Ջեբ Բուշի՝ ներկայիս գովազդային արշավի պատասխանատուները փորձել են շեշտը դնել թեկնածուի անվան վրա եւ երկրորդ պլան մղել նրա հանրահայտ Բուշ ազգանունը, այն դիտարկելով որպես բացասական ազդեցություն ունեցող գործոն, ամեն դեպքում դժվար թե ԱՄՆ-ում որեւէ մեկը համարի, որ իր երկրում ֆեոդալական կարգեր են, որտեղ իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար: Մի բան, որը ծայրահեղ քննադատության է արժանանում մեր երկրում, որտեղ ինչպես տարիներ առաջ, այնպես էլ տակավին վերջերս եղան հորից որդուն, աներոջից փեսաներին իշխանության փոխանցման դրսեւորումներ:

Ստացվում է, որ մենք ավելի զգայո՞ւն ենք ժողովրդավարական արժեքների հանդեպ: Բնականաբար` ոչ: Պարզապես քանի որ ԱՄՆ-ում բոլորը, այդ թվում եւ երկրի նախագահն ու նրա մերձավորները, օրենքի առաջ հավասար են, եւ ԱՄՆ քաղաքացիները մեկ անգամ չէ, որ դրանում գործնականում համոզվելու հնարավորություն են ունեցել, այս կամ այն թեկնածուի ընտանեկան կապերը ամերիկացիների համար կարեւոր չեն: Իսկ Հայաստանում դա չափազանց կարեւոր է, քանի որ այստեղ այդ կապերը տալիս են անսահմանափակ հնարավորություններ` օրենքից վեր կանգնելու եւ անպատժելիության համար:

Նույնը Ֆրանսիայում. այստեղ քչերը գիտեին, որ այդ երկրի նախկին նախագահի` Ֆրանսուա Միտերանի դուստրը նրա լրատվության պատասխանատուն էր: Դա ֆրանսիացիներին այդքան էլ չէր հետաքրքրում, քանի որ նախագահի դուստրը լինելու հանգամանքը որեւէ կերպ չէր արտացոլվում ո՛չ այդ երկրի լրատվական դաշտի վերահսկողության, ո՛չ էլ մատուցված տեղեկատվության որակի վրա: Մինչդեռ Հայաստանում այս իմաստով պատկերը տրամագծորեն տարբերվում է: Եվ դարձյալ ամբողջ խնդիրը օրենքի բացարձակ եւ համահավասար գերակայության մեջ է:




Լրահոս