Այսօր կկայանա «Ոչ թալանին» նախաձեռնության հրավիրած հանրահավաք-երթը` ընդդեմ էլէկտրաէներգիայի սակագնի թանկացման: Կազմակերպիչները մեծ ակնկալիքներ ունեն, որ հանրահավաքը կլինի բազմամարդ, իսկ մասնակիցների տրամադրվածությունն էլ` վճռական: Արդյոք այդ ակնկալիքները կարդարանան, եւ սակագնի թանկացման դեմ ընդվզման այսօրվա ակցիան կլինի այնքան հուժկու, որ իշխանություններին մտածելու տեղիք կտա, պարզ կդառնա արդեն երեկոյան: Սակայն այսօրվա ակցիայից բացի՝ շատ կարեւոր է այն, թե ինչ կլինի դրանից հետո. արդյոք այս ալիքը կունենա իր շարունակությունը այնպես, ինչպես դա եղավ 2013-ին` տրանսպորտի սակագնի թանկացման դեմ պայքարում, որի տեւական եւ անզիջում ընթացի արդյունքում Երեւանի քաղաքապետը, ի վերջո, ստիպված եղավ ընկրկել եւ չեղյալ հայտարարել կայացված որոշումը:
Ընդ որում, այն ժամանակ եւս քաղաքային իշխանությունները պնդում էին, որ սակագինը չթանկացնելու դեպքում համակարգը կաթվածահար կլինի, որ փոխադրողներն արդեն իսկ աշխատում են վնասով եւ այլն: Սակայն ինչպես տեսանք` երկու տարի անց համակարգը կաթվածահար չեղավ, փոխադրողներից որեւէ մեկն էլ չհրաժարվեց իր «գծից», ընդամենը ստիպված եղան մի քիչ ավելի պակաս շահույթ ստանալ` տարիներ ի վեր ունեցած գերշահույթների համեմատ:
Վստահաբար նույն արդյունքին կարելի է հասնել նաեւ սակագնի թանկացման հարցում: Սակայն քանի որ այս դեպքում խնդիրն ավելի գլոբալ է` ռազմավարական նշանակության եւ նաեւ քաղաքական ենթատեքստ ունեցող, անհրաժեշտ է էլ ավելի մեծ մոբիլիզացիա, որում զգալի դերակատարություն պետք է ունենան նաեւ քաղաքական ուժերը: Առավել եւս, որ դատելով վերջիններիս հրապարակային հայտարարություննեից՝ բոլորը դեմ են սակագնի թանկացմանը, անգամ` ՀՀԿ-ն:
Սակայն հունիսի 12-ին տեղի ունեցած խորհրդարանական լսումներից հետո քաղաքական ուժերը, կարծես թե, այդքանով իրենց անելիքն ավարտված են համարում, համենայն դեպս, նրանք իրենց ընտրողներին չեն դիմել` կոչ անելով միանալ այսօրվա բողոքի ակցիային եւ չեն հայտարարել իրենց մասնակցության մասին: Խոսքն, իհարկե, երիտթեւերի անդամների կամ մեկ-երկու պատգամավորի մակարդակով մասնակցության մասին չէ, այլ կուսակցությունների առաջին դեմքերի, որոնք այնքան շատ են սիրում խոսել ժողովրդին հարստահարողներից ազատելու, արտագաղթի դեմն առնելու եւ սոցիալական վիճակը բարելավելու մասին:
Արդ, որտեղ եք, պարոնա՛յք, ինչու չեք միանում ժողովրդի պայքարին` ընդդեմ իրեն հարստահարողների, ծայրահեղ աղքատության եւ արտագաղթի դատապարտողների: Եթե սակագնի թանկացման հարցով լսումներում խորհրդարանական ընդդիմադիր ուժերի միակ նպատակն իրապես «շոու անելը» չէր, ինչում նրանց մեղադրում էր ՀՀԿ-ն, ապա ակնկալում ենք նրանց բոլորի մասնակցությունն այսօրվա հանրահավաքին: