Երևանի քաղաքապետարանի հավաքական թիմը հաղթել է ԳԴՀ 12 քաղաքների քաղաքապետերի թիմին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի Հեսսենի երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերայի նախաձեռնությամբ Երևան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության 12 քաղաքների քաղաքապետերի ֆուտբոլի հավաքական թիմը  մայրաքաղաքի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում ընկերական հանդիպում է անցկացրել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի հավաքական թիմի հետ: Հանդիպմանը հետևել և Երևանի քաղաքապետարանի թիմին քաջալերել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Խաղի առաջին հարվածի պատիվը վերապահվել է Գերմանիայի Հեսսենի երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերային: Թիմերը խաղադաշտում անցկացրել են 30-ական րոպե տևողությամբ 2 խաղակես: Երկու թիմերն էլ ցուցադրել են գեղեցիկ ֆուտբոլ, սակայն դիտարժանությամբ ավելի աչքի է ընկել մեր մայրաքաղաքի հավաքական թիմի խաղը, որն էլ հաղթել է 3:0 հաշվով: Առաջին խաղակեսի 12-րդ րոպեին հաշիվը բացել է Աբել Մինասյանը: Երևանցիները ևս երկու անգամ աչքի են ընկել հանդիպման երկրորդ խաղակեսում: Նախ 35-րդ րոպեին բազմաքայլ կոմբինացիայից հետո հաշիվը կրկնապատկել է Սարո Գալստյանը, ապա  46-րդ րոպեին ԳԴՀ 12 քաղաքների հավաքական թիմի դարպասը գրավել է Արամ Քոսայանը:

Հանդիպման ավարտից հետո երկու թիմերի ֆուտբոլիստների հետ զրուցել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը շնորհավորել է ֆուտբոլիստներին դիտարժան խաղի կապակցությամբ և նշել, որ հանդիպման գլխավոր նպատակը տոնական և բարեկամական մթնոլորտն էր, ինչը և ապահովվել է: Հավաքական թիմերի ֆուտբոլիստներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու և իսկապես տոնական մթնոլորտ ապահովելու համար: Թիմերն շնորհակալություն են հայտնել նաև   երկրպագուներին, ովքեր ողջ խաղի ընթացքում ակտիվորեն աջակցել են իրենց սիրելի թիմերին:

ԳԴՀ 12 քաղաքների հավաքական թիմի ֆուտբոլիստները Երևանի քաղաքապետին են հանձնել հանդիպման մասին վկայող հուշադրոշ: Նշելով, որ իրենց մոտ ձևավորվել է ավանդույթ` հյուրընկալող քաղաքում ինչ-որ բարեգործական նախաձեռնություն իրականացնելու վերաբերյալ, Երևանի քաղաքապետին են փոխանցել  2 միլիոն 600 հազար դրամի հավաստագիր, որը խնդրել են  հանձնել Արաբկիր բժշկական կենտրոնին:

MHM96846 copy

 

MHM96847

MHM96845

MHM96848




Լրահոս