Հիասթափություններ եղել են, հիմնականում` բամբասկոտ տղամարդկանցից. Արփի Գաբրիելյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ֆուլ հաուս» հումորային նախագծի անձնակազմը նոր է վերադարձել ռուսաստանյան շրջագայությունից: «Ժողովուրդ»-ը դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանից հետաքրքրվել է, թե ինչպես են նրանց ընդունել ՌԴ-ում: Արփին անդրադարձել է նաեւ «Ֆուլ հաուս»-ի եւ իր գլամուրային մյուս կերպարներին, պարզաբանել, թե ինչու են իրեն նման դերեր բաժին ընկնում:

-Արփի՛, ինչպե՞ս անցավ այս վերջին շրջագայությունը, ի՞նչ տպավորություններ ունեք:

-Նախ ասեմ, որ առաջին անգամ էի ռուսական այդ քաղաքներում, այնտեղի հայերը շատ ջերմ ընդունեցին մեզ, նրանք, իսկապես, ուրիշ էին, այդ մարդկանց չես համեմատի ո՛չ Հայաստանի, ո՛չ, օրինակ, ԱՄՆ-ի հայերի հետ. իհարկե, բոլորն էլ հրաշալի են, բայց ամեն մեկն առանձնանում է իր տեսակով: Հուսով եմ` դեռ էլի շրջագայություններ կունենանք այդ քաղաքներում:

11427224_879590265455374_6645035853100225355_n

-Անդրադառնանք «Ֆուլ հաուս»-ում Ձեր կերտած կերպարին: Նկատե՞լ եք, որ Լիկային սիրում են հատկապես դեռահաս տղաները, նրանք ուզում են, որ իրենց ընկերուհին նման լինի այդ աղջկան. սա պարտավորեցնող չէ՞:

-Կարծում եմ` դեռահասները կերպարի հետ հարազատություն են զգում, քանի որ նրանց դուր են գալիս մի քիչ չարաճճի, ակտիվ աղջիկները: Մենք, իհարկե, չէինք պատկերացնում, որ թիրախային այդ լսարանը եւս կհետաքրքրվի իմ կերպարով: Դա, իհարկե, շատ է ուրախացնում մեզ, միեւնույն ժամանակ, այո, նաեւ պարտավորեցնում:

-Ձեզ հիմնականում ընտրում են գլամուրային դերերի համար: Դա պայմանավորված է միայն արտաքի՞ն գործոններով:

-Թեեւ ես իրականում ոչ մի ընդհանրություն չունեմ իմ կերտած կերպարի հետ, նրա նման չեմ խոսում, նրա ձայնի տեմբրը չունեմ, փակ մարդ եմ, անգամ չեմ սիրում ուշադրության կենտրոնում լինել, նոր կապեր հաստատել, շատ ընկերներ չունեմ, կարող է` օրերով տնից դուրս չգամ, տնակյաց եմ, լրիվ ուրիշ մարդ եմ, այնուամենայնիվ, ես մեղավոր չեմ, որ փորձերի ժամանակ ինձ մոտ ստացվում է լուծել ռեժիսորի առաջադրած խնդիրը: Սա այն դեպքն է, երբ երկրորդ-երրորդ ֆիլմից հետո ռեժիսորների համար իրավիճակն ավելի շահեկան է լինում:

10351755_879590298788704_5514287415819652730_n

-Իսկ երգարվեստում Ձեզնից նոր քայլեր ակնկալե՞նք: Մտավախություն չունե՞ք, որ երգչուհու Ձեր կերպարն էլ մարդիկ կասոցացնեն Լիկայի հետ:

-Առաջիկայում անպայման կլինեն նոր երգեր` փոփ ժանրում: Սկզբնական շրջանում գուցե այդ ասոցացիան լինի, բայց դա ինձ չի վախեցնում. եթե իմ կերպարը հաջողվել է, թող այդ հաջողությունը մի քիչ էլ տարածվի երգչուհու իմ կերպարի վրա: Միեւնույն է` ժամանակի ընթացքում ամեն բան իր տեղը կընկնի:

10014602_879590258788708_2689742638221907691_n

-«Սկոտչ եւ վիսկի» ֆիլմում Դուք մարմնավորել եք մի աղջկա, որը կապվել էր ամուսնացած տղամարդու հետ, իսկ հետո հետ էր կանգնել իր այդ քայլից: Այսօր Ձեզ կին-տղամարդ հարաբերություններում ամենաշատն ի՞նչն է մտահոգում:

-Այսօր մեր իրականության մեջ սիրային այդ եռանկյունիները շատ-շատ են: Ամուսինները հենց այնպես կարող են իրարից հոգնել: Ֆիլմի ասելիքներից մեկն այն է, որ պետք չէ հապճեպ որոշումներ կայացնել, այլապես միշտ կարող է հայտնվել երրորդ անձը: Կարծում եմ` այդ մեսիջը տեղ է հասել: Իսկ, առհասարակ, անձամբ ինձ շատ է մտահոգում իսկական տղամարդու պակասը: Մենք` աղջիկներս, հատկապես վերջին շրջանում, կիսով չափ դարձել ենք տղամարդ, այնինչ, մենք ուզում ենք, որ մեր կողքին լինի ճիշտ տղամարդ: Ինձ մտահոգում է նաեւ շահամոլ, կնոջ հաշվին ապրող տղամարդկանց թվի ավելացման միտումը:

-Դուք տղամարդու ո՞ր տեսակից եք երբեւէ հիասթափվել:

-Հիասթափություններ, իհարկե, եղել են, հիմնականում բամբասկոտ տղամարդկանցից. դա վերջիններիս ամենավատ հատկությունն է:

-Ունեցե՞լ եք ընկերուհիներ, որոնք նախանձել են Ձեր հաջողությանը, խանդել են` տղամարդկանց ուշադրության կենտրոնում լինելու համար:

-Ընկերուհիներ՝ ոչ, քանի որ նրանց շատ դժվարությամբ եմ ընտրում, իսկ, ահա, ծանոթներ, բնականաբար, եղել են: Նրանք անխուսափելի են ցանկացածի կյանքում` լինի նա ճանաչված, թե ոչ: Իսկ, առհասարակ, կինը կնոջը չի ներում նրա գեղեցկության եւ կողքի տղամարդու համար:

-Իսկ կնոջ մեծագույն հատկությունը ո՞րն է:

-Շատ եմ գնահատում համբերատար կանանց: Շուտ բռնկվելու, պոռթկալու փոխարեն կարելի է համբերատար լինել, անգամ այդ կերպ հեռանալ…Բացի այդ` կինը, լինելով փխրուն էակ, պետք է լինի նույնքան ուժեղ. այդ դեպքում նրան խոցելն ավելի դժվար է:

Աննա Բաբաջանյան




Լրահոս