Մինչ հանրությունը ընդվզում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ` պահանջելով չեղյալ հայտարարել հոսանքը 6.93 դրամով թանկացնելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումը, հետզհետե պարզվում է, որ Հայաստանի ողջ էներգետիկ համակարգը գտնվում է նախակոլապսային վիճակում, եւ ՀԷՑ-ի խնդիրն ընդամենը այսբերգի երեւացող մասն է: Համաշխարհային բանկի կողմից օրերս ներկայացված կանխատեսումներից պարզ դարձավ, որ արդեն առաջիկա տարիներին Հայաստանում առաջանալու է «էներգետիկ սով»` արտադրված էլեկտրաէներգիայի առաջարկի եւ դրա պահանջարկի միջեւ ստեղծվելիք հսկայական անհամապատասխանության պատճառով: Բանն այն է, որ Հայաստանի էներգետիկ հզորությունների հիմնական մասը «դարն անցած» է, եւ դրանց մաշվածությունը հասնելու է սահմանագծին գրեթե համաժամանակ` հանգեցնելով էներգետիկ ճգնաժամի:
Որպես այս հեռանկարից խուսափելու ճանապարհ դեռեւս խորհրդային տարիներից ծրագրվել էր նոր ատոմակայանի կառուցումը: Ինչպես հայտնի է` ներկայումս ՀԱԷԿ-ն ապահովում է երկրի էներգարտադրության 35-ից 40 տոկոսը, եւ սակագնի թանկացման ներկայիս ամենամեծ հիմնավորումներից մեկն էլ այն է, որ նախորդ տարի ատոմակայանը չի աշխատել 88 օրով, ինչի արդյունքում ՀԷՑ-ը կրել է հսկայական վնասներ: Բացի այդ, ինչպես հայտնի է՝ 2017-ին ատոմակայանը կես տարով կանգնեցվելու է, եւ այս ընթացքում եւս էլէներգիայի դեֆիցիտի լուրջ խնդիր է առաջանալու: Ասել է թե` ՀՀ էներգետիկ անվտանգությունը անհնար է առանց ատոմակայանի գործունեության: Իսկ ՀՀ ատոմակայանի գործունեության ժամկետը մի քանի անգամ երկարաձգվելուց հետո, ի վերջո, ավարտվելու է 2025թ-ին, եւ ՀՀ էներգետիկ ինքնաբավության ապահովման համար անհրաժեշտ է նոր ատոմակայանի կառուցում:
Հանրությունը դեռ հիշում է, թե ինչպես էր 2008թ.-ին Սերժ Սարգսյանը հանդիսավորությամբ խոստանում նոր ատոմակայան կառուցել: Սակայն, ինչպես եւ նրա բոլոր խոստումները, այս ծրագիրը եւս ձախողվեց առավելապես նրա կայացրած ոչ ճիշտ քաղաքական որոշումների արդյունքում: Եվ երբ այսօր փորձ է արվում հանրության դժգհության սլաքն ուղղել ՀԷՑ-ի ռուս ղեկավարության դեմ, հարկ է հիշեցնել, որ անգամ ամենամեծ կորուստների դեպքում էլ իրավիճակն այսպիսին չէր լինի, եթե այսօր ատոմակայանի անխափան աշխատանքի հետ կապված խնդիրներ չունենայինք: Այնպես որ, իզուր չէ, որ Սերժ Սարգսյանն այս օրերին լռում է: Էլէներգիայի սակագնի հետ կապված նրա ցանկացած անդրադարձից հետո հանրությունը հարցնելու է` իսկ ինչ եղավ նոր ատոմկայանի կառուցման խոստումը: