Եվրոպական Միության արտգործնախարարները որոշել են մինչեւ 2016թ. հունվարի 31 -ը երկարաձգել Ռուսաստանի էներգետիկայի, ֆինանսների եւ ռազմական ոլորտների նկատմամբ սահմանված պատժամիջոցները, նաեւ մեկ տարով ուժի մեջ թողնել Ղրիմում ներդրումներ անելու արգելքը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին ԵՄ պաշտոնյաները` Ռուսաստանի նկատմամբ այդ պատժամիջոցները չեղյալ կհայտարարվեն բացառապես այն բանից հետո, երբ այդ երկիրը կկատարի Մինսկի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները: Ուշագրավ է, որ երեկվա որոշումն ընդունվել է ԵՄ բոլոր 28 ԱԳ նախարարների կողմից միաձայն:
Բնականաբար, իրեն սպասեցնել չի տվել ռուսական կողմի արձագանքը. հենց երեկ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հանձնարարել է Եվրամիության դեմ նոր պատժամիջոցների փաթեթ պատրաստել՝ ի պատասխան վերջինիս կողմից ՌԴ-ի դեմ պատժամիջոցների երկարաձգման: Անցած օգոստոսից, երբ սկսվեց Ռուսաստան-Արեւմուտք փոխադարձ «պատժամիջոցային պատերազմը», ռուսական տնտեսությունը զգալի ցնցումների ենթարկվեց, ինչն իր ուղղակի անդրադարձն ունեցավ նաեւ Հայաստանի տնտեսության վրա:
Ու թեեւ Վլադիմիր Պուտինը օրերս Սանկտ-Պետերբուրգում անցկացվող միջազգային տնտեսական ֆորումում հայտարարում էր, թե Ռուսաստանը, ի հակառակ Արեւմուտքի սպասելիքների, չհայտնվեց տնտեսական խորը ճգնաժամի մեջ` կայունացնելով իր փոխարժեքը, ակնհայտ է, որ պատժամիջոցների երկարաձգումը վերաթարմացնելու է այդ վտանգը, եւ Ռուսաստանից լրացուցիչ ռեսուրսներ են պահանջվելու` իրավիճակի հետագա վատթարացումը կանխելու նպատակով: Հատկապես որ գոնե այս պահին չկան քաղաքական նախադրյալներ` ենթադրելու համար, որ հունվարին չի լինի պատժամիջոցների հերթական երկարաձգումը:
Իսկ սա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունում անցած սեպտեմբերից սկսված բացասական գործընթացները շարունակելու են խորանալ. արտահանման տեմպերն էլ ավելի են նվազելու` ռուսական շուկայում տիրող անկայուն վիճակի երկարաձգման արդյունքում, ՌԴ-ից Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտների ծավալն էլ ավելի է կրճատվելու` գերազանցելով ներկայիս 50 տոկոսը: Եվ եթե այս ամենին էլ գումարում ենք Հայաստանում գործող ռուսական ընկերությունների կողմից ակնկալվող ներդրումների եւ նոր ծրագրերի կասեցումը, ապա պատկերն ամբողջանում է:
Այս բոլոր զարգացումներին, սակայն, ՀՀ իշխանությունները չունեն հակազդելու որեւէ գործիք: Նրանց միակ գերխնդիրը հիմա օրվա հրատապ, «վառվող» հարցերը լուծելն է եւ մի կերպ երկրի «գոյատեւումը» մինչեւ հաջորդ հունվար ապահովելը՝ այդ ընթացքում աղոթելով, որ Արեւմուտքն ու Ռուսաստանը, ի վերջո, լեզու գտնեն: