Ինչպես հայտնել էինք, այսօր աշխատանքային այցով Բրյուսել է մեկնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Armlur.am-ը տեղեկացավ, որ պատվիրակության կազմում է նաև ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Այս այցը հետաքրքիր է այն առումով, որ Սերժ Սարգսյանի հետ ինքնաթիռ նստելուց առաջ Արմեն Աշոտյանը համարձակություն էր ունեցել անձամբ մտնել ցուցարարների մեջ: Ինչպես հայտնի է, Աշոտյանը երեկ եղավ Բաղրամյան պողոտայում, որտեղ իրենց դժգոհությունն էին արտահայտում էլէներգիայի սակագնի` 6.93 դրամով բարձրանալու դեմ: ՀՀԿ-ականներ Արմեն Աշոտյանի, Սամվել Ֆարմանյանի եւ Տաճատ Վարդապետյանի ժամանումը Բաղրամյան պողոտա, մեղմ ասած, վատ ընդունվեց քաղաքացիների կողմից, ովքեր հայհոյանքներ սկսեցին տեղալ ՀՀԿ-ի և մասնավորապես Արմեն Աշոտյանի հասցեին՝ նրանից պահանջելով հեռանալ:
Կարճ ժամանակ անց Սամվել Ֆարմանյանն ու Տաճատ Վարդապետյանը «հուշիկ քայլերով հեռացան» ցուցարարների տեսադաշտից՝ թաքնվելով ոստիկանության պատնեշների մեջ: Իսկ Աշոտյանը շարունակեց երկար ժամանակ մնալ կանգնած ոստիկանների բարիկադների մոտ՝ լսելով իրեն ուղղված հայհոյանքներն ու վանկարկումները՝ հեռանալու մասին: Ասել է թե՝ Արմեն Աշոտյանն իր վրա վերցրեց իշխանությունների նկատմամբ առկա հասարակական ատելությունը: Ճիշտ է՝ նա վարկաբեկվեց՝ որպես մարդ, որպես նախարար ու ՀՀԿ-ական, վտանգեց իր կյանքը՝ ցուցարարների մեջ մտնելով, քանի որ ինչ որ իրեր էին նետվում նրա ուղղությամբ, բայց իշխանության ներսում նրա հեղինակությունը կտրուկ բարձրացավ: Նա բոլոր հարվածներն իր վրա վերցրեց՝ ժամանակավորապես փոխելով պողոտայում հավաքված երիտասարդների կարգախոսը: