Դերասան Լեւս Դավթյանը, ով հեռուստադիտողներին առավել հայտնի դարձավ «Եռաչափ սեր» սերիալից եւ «Yere1» ծրագրից, դեռեւս մեկ տարի առաջ հայտնել էր, որ հիասթափված է Հայաստանից` պատճառաբանելով, որ սեփական հայրենիքում դերասանը կարողանում է հազիվ գոյատեւել: Նա նույնիսկ նշել էր, որ պատրաստվում է հեռանալ հայրենիքից: Լեւսը, սակայն, ի ուրախություն երկրպագուների, այս ընթացքում մնաց Հայաստանում: «Ժողովուրդ»-ը հետաքրքրվել է` ինչն է փոխվել այս մեկ տարվա ընթացքում, եւ ինչն է նրան պահել հայրենիքում, արդյո՞ք նա ունի նոր առաջարկներ ստեղծագործական կյանքում եւ ինչ նոր անակնկալներ է պատրաստում իր հանդիսատեսի համար:
-Այժմ ինչո՞վ եք զբաղված, Ձեզ նոր դերերում կտեսնե՞նք: Կա՞ մի նոր ներկայացում կամ ֆիլմ, որի շրջանակներում աշխատում եք:
-Այժմ ռեժիսոր Սամսոն Մովսիսյանի հետ աշխատում ենք նոր մոնոներկայացման վրա` «Էդգար Պո». պրեմիերան կլինի սեպտեմբերին, հավանաբար, դերասանի տանը: Նոր եթերաշրջանում էլ ուսումնական թատրոնի բեմում կրկին կներկայացվեն «Գիշատիչների խնջույքը», «40 օր համբառնալուց առաջ» ներկայացումները: Ունեմ նաեւ գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկ, սակայն դերս դեռ հաստատված չէ, ուստի փակագծերը դեռ չեմ բացի:
-Դեռեւս մեկ տարի առաջ նշել էիք, որ հիասթափվել եք հեռուստատեսությունից եւ սերիալներում նկարահանվելու իմաստ չեք տեսնում: Այս ընթացքում Ձեր կարծիքը չե՞ք փոխել: Եթե առաջարկներ լինեն, կմերժե՞ք:
-Վերջին համագործակցությունս եղել է «Արմենիա» հեռուստաընկերությա հետ` «Yere1»-ի սքեթչերի շրջանակներում: Դրանից հետո տարօրինակ կերպով առաջարկներ չեն եղել: Եթե լինի սերիալում նկարահանվելու նորմալ առաջարկ, կարելի է մտածել այդ ուղղությամբ:
-Որոշ ժամանակահատված առաջ Դուք շատ հիասթափված էիք, անգամ ասել էիք, որ պատրաստվում եք հեռանալ Հայաստանից` պատճառաբանելով, որ սեփական հայրենիքում դերասանը կարողանում է հազիվ գոյատեւել: Ձեր այս խոսքերից անցել է շուրջ մեկ տարի, սակայն Դուք դեռեւս հայրենիքում եք: Մենք, իհարկե, ուրախ ենք, որ Դուք չեք արտագաղթել, պարզապես հետաքրքիր է` այս ընթացքում ի՞նչն է փոխվել:
-Անկեղծ ասած` չեմ ուզում այդ թեմայով խոսել, քանի որ իմ արտահայտած մտահոգությունները տարօրինակ, ուրիշ կերպով են ընկալվում ժողովրդի կողմից եւ բացասական արձագանք են ստանում, չգիտես ինչու: Ես ունեի ծրագրեր, դեռ սպասում եմ դրանց ընթացքին: Իմ մնալը որոշ չափով էլ անձնական կյանքի հետ է կապված:
-Այսինքն` Ձեզ հայրենիքում պահողը անձնական կյա՞նքն է:
-Նաեւ` անձնական կյանքը:
-Դուք այն դերասաններից եք, որոնք չեն խուսափում իրենց անձնականի մասին խոսելուց: Որոշ ժամանակ առաջ նշել էիք, որ կորցրել եք Ձեր սիրելիին: Այժմ անձնականի հետ կապված կյանքի ի՞նչ փուլում եք:
-Հիմա թեեւ իմ կողքին կոնկրետ մարդ չկա, բայց կա շփում…Շփման փուլում ենք……Բայց դեռեւս չեմ ուզում այդ մասին խոսել…
-Կուզենա՞ք Ձեր ընտրյալը Ձեր ոլորտից լինի:
-Իմ ընտրյալը պարտադիր պետք է մեր ոլորտից լինի:
-Բայց «պարտադիր» բառը օգտագործելով՝ արդյոք չե՞ք սահմանափակում մյուս ոլորտի աղջիկների եւ ինչու ոչ` Ձեր շանսերը…
-Ոչ, պարզապես հասկացել եմ, որ մեր ոլորտի ներկայացուցիչների հետ ինձ համար ավելի հետաքրքիր է շփումը:
-Վերջին օրերին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ծայր առած բողոքի շարժմանը հետեւու՞մ եք: Որքանով տեղյակ ենք` Դուք եւս Ձեր մասնակցությունն եք ունեցել պայքարին:
-Երկու օր առաջ միացել էի իրենց, ինչ ասեմ.. Ցավում եմ, որ ժողովուրդը հասել է այս վիճակին…Ուղղակի կարծում եմ, որ պահանջը պետք է կոնկրետ մարդու, կոնկրետ մեղավորներին ներկայացնել, քանի որ իշխանության վերին օղակներից մինչեւ ներքեւի օղակներ բոլորը կամակատար են…Ամեն դեպքում` կարծում եմ եւ հուսով եմ, որ երիտասարդները կհասնեն ցանկալի արդյունքի:
Աննա Բաբաջանյան