ԱԺ-ՈՒՄ ԱՐՏԱՀԵՐԹ ԿԱՐԳՈՎ ԸՆԴՈՒՆՎԵՑԻՆ «ՓՈՂԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի թիվ մեկ քաղաքական ամբիոնը կամաց-կամաց վերածվում է ծերունի Գալուստ Սահակյանի քմահաճույքների ցուցադրման հարթակի: ԱԺ նախագահը, երբ արթուն է լինում, սկսում է ինքնադրսեւորվել պատգամավորների հաշվին, ինչպես արեց երեկ:

ԱԺ նիստը, բնականաբար, երեկ սկսվեց մի խումբ պատգամավորների հայտարարություններով, իսկ ավելի ճիշտ՝ դրանց փորձերով այն մասին, որ քաղաքական բոլոր ուժերն ու գործիչները դատապարտում են հունիսի 23-ի լուսաբացին տեղի ունեցած ջարդուփշուրը: Սակայն Գալուստ Սահակյանը հերթով անջատում էր բոլոր պատգամավորների խոսափողները: Ովքեր համարձակվում էին խոսել ոստիկանների կողմից կիրառված բիրտ ուժի մասին, ձայնազուրկ էին դառնում: ԱԺ նախագահը կես ժամանոց ինչ-որ քննարկման առաջարկ էր անում, ինչը պատգամավորներին չէր բավարարում, քանի որ անհնար կլիներ կես ժամում քննարկել եւ ինչ-որ որոշման հանգել տեղի ունեցած վայրենության մասով:
Իսկ ո՞ւր էր շտապում Գալուստ Սահակյանը. նա իր առջեւ խնդիր ուներ դրված՝ հնարավորինս արագ դակել մի շարք օրենքներ, որոնցով նախատեսվում է վարկեր ու պարտքեր վերցնել՝ երկրի ջախջախված տնտեսության գահավիժումը ժամանակավորապես կասեցնելու անհագ ցանկությամբ: Իհարկե, հընթացս քվեարկվեցին նաեւ մի շարք օրենքների նախագծեր, որոնցով ինչ-որ փոփոխությունների ենթարկվեց, օրինակ, քաղաքացիական օրենսգիրքը, աշխատանքային օրենսգիրքը, ընտանեկան օրենսգիրքը, ԴԱՀԿ մասին օրենքը եւ այլն:
Բայց ամենակարեւորը քվեարկված նախագծերից մեր երկրի համար ճակատագրական նշանակություն ունեցող «փողային» օրինագծերն ու միջազգային պայմանագրերն են: Պատգամավորները վավերացրին 2015 թվականի հունիսի 16-ին Երեւանում ստորագրված «2014 թվականի համար Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության միջեւ ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը, որով նախատեսվում է 205 մլն եվրոյի վարկ ստանալ:
Խոշոր վարկեր են նախատեսված նաեւ ՀՀ նախագահի անունից ԱԺ-ին ներկայացված համաձայնագրերով: Ու քանի որ համաձայնագրերը նախագահի նստավայրից էին, ուստի պատգամավորները փութաջանորեն քվեարկեցին ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2015 թվականի ապրիլի 8-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը, «ՀՀ եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ 2015 թվականի ապրիլի 14-ին ստորագրված «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (4-րդ հերթ)» նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը եւ ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2015 թվականի ապրիլի 8-ին ստորագրված «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը:
Երեկ պատգամավորները մեծ ոգեւորությամբ ընդունեցին 2015 թվականի մայիսի 19-ին Մոսկվայում ստորագրված Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջեւ ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման մասին համաձայնագիրը: Ըստ ամենայնի, այդ համաձայնագրով եւս որոշակի գումար կփոխանցվի, դրա համար էլ ՀՀ նախագահի կողմից ներկայացված համաձայնագիրը անվերապահորեն ընդունվեց:
Դակվեց նաեւ «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով ՀՀ Կառավարությանն, ըստ էության, հնարավորություն տրվեց էլի պարտքեր կուտակել: Բանն այն է, որ Հայաստանի արտաքին պարտքը մոտեցել է արդեն անթույլատրելիության շեմին, դրա համար անհրաժեշտ էր օրենսդրական աճպարարություն իրականացնել, որպեսզի հնարավոր լիներ:
Ահա թե որտեղ էր շտապում Գալուստ Սահակյանը: Ստացվում է՝ որտեղ փող կա, իշխանության ներկայացուցիչները ակտիվ են, իսկ որտեղ որ ղեկավարելու կարիք կա, նրանք գերադասում են քնել:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ԲԱՐԻ ԼՅՈՎԱՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը չի հավատում, թե ոստիկանությունը նախորդ օրը ծեծի է ենթարկել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիներին: «Ես տեղյակ չեմ, թե գիշերն ինչ է տեղի ունեցել, որ հասկանամ՝ ինչի մասին է խոսքը կկարողանամ խոսել, եթե ես մի բանից կուրսի չեմ, բառադարի խոսեցինք, լա՞վ կլինի. կարծիք էս ասում այն ժամանակ, երբ գիտես, թե խոսքն ինչի մասին է, թողեք, սթրվեմ»,- հայտարարեց Սարոյանը: Մեր այն դիտարկմանը, թե ՀՀ ոստիկանության զորքերի հրամանտար Լեւոն Երանոսյանն է հրամայել ծեծել հավաքված քաղաքացիներին, գեներալը պատասխանեց. «Ես շատ մոտիկից ճանաչում եմ իրեն, շատ լավ գիտեմ իրեն, տենց բան չկա, Լյովայի նման բարի տղա կա՞, մի՛ հավատացեք, որ Լյովան տենց բան կաներ, մի անշնորքություն ուրեմն արել են, հենց նենց մարդուն կծեծե՞ն»:

 

ՓՈԽՎԵՑ
«Ժողովուրդ»-ը երեկ տեղեկացրել էր, որ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի կողմից նախնական հավանության արժանացած «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցը, որտեղ ի թիվս այլ հակահայկական արձանագրումների, նշված է, թե «Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը», ԵԽԽՎ նիստում քվեարկության պետք է դրվի: Երեկ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց. «ԵԽԽՎ քվեարկությամբ «Վեհաժողովը քաջատեղյակ է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ մյուս տարածքների օկուպացիայի մասին» բառերը փոխարինեց «Վեհաժողովը քաջատեղյակ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին» բառերով»:

 

ԱՋԱՊԱՀՅԱՆԸ՝ ԵՐԵՒԱՆՈՒՄ
Երեկ «Ժողովուրդ»-ը Բաղրամյան փողոցում նկատեց, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հետեւում է էլէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների գործողություններին: Հիշեցնենք, որ հունվարի 12-ին, երբ Գյումրիում սպանվեցին Ավետիսյան ընտանիքի 7 անդամները, եւ գյումրեցիները ոտքի էին կանգնել, Միքայել եպիսկոպոս Աջապահյանը աջակցում էր ցուցարարներին՝ թույլ չտալով ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ բախում լինի: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայր սրբազանն ասաց, որ Երեւան է եկել այլ նպատակով, սակայն անտարբեր չէր կարող լինել տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Ըստ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի՝ ինքը խոսում է այն ժամանակ, երբ դրա պահանջը կա. «Հիմա դրա պահանջը չեմ տեսնում, քանի որ սա իմ խրամատը կամ դաշտը չէ: Ամեն ինչի իրավունք ունեն, բայց օրինականության դաշտում: Աստված մի արասցե, որ լինի արյունահեղություն: Իսկ, ահա, ժողովրդի դժգոհությունը հասկանալի է եւ ընդունելի»:

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

«ԱՆՀԱՋՈՂ ԿԱԴՐ»-Ը` ՄԻԵԴ-ՈՒՄ
Երեկ ԵԽԽՎ-ն գաղտնի քվեարկությամբ՝ ձայների բացարձակ մեծամասնությամբ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանից դատավոր է ընտրել Արմեն Հարությունյանին: Նշենք, որ Ա. Հարությունյանի օգտին քվեարկել է ԵԽԽՎ 119 պատվիրակ, իսկ ընտրվելու համար անհրաժեշտ էր 79 քվե: Հայաստանի կողմից ներկայացված մյուս երկու թեկնածուների՝ Արայիկ Ղազարյանի եւ Լիանա Հակոբյանի օգտին համապատասխանաբար քվեարկել են 15 եւ 23 պատվիրակներ:

 

ՄԵՋՏԵՂՆԵՐՈՒՄ ԵՆՔ
Իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա «Անցումային շրջանի երկրները-2015» զեկույցը, որտեղ վերլուծել է 25 պետություններում ստեղծված իրավիճակը: Համաձայն զեկույցի՝ Վրաստանի վարկանիշը կազմել է 4,64, Ուկրաինայինը՝ 4,75, Հայաստանինը՝ 5,36, Ղրղզստանինը՝ 5,93, Տաջիկստանինը՝ 6,39, Ռուսաստանինը՝ 6,46, Ղազախստանինը՝ 6,61, Բելառուսինը՝ 6,71, Ադրբեջանինը՝ 6,75: Նշենք, որ 7 միավորը վատագույն ցուցանիշն է:

 

ՀԱՄԱՏԵՂ ՋԱՆՔԵՐՈՎ
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին: Զրուցակիցներն անդրադարձել են համահայկական կարեւորություն ունեցող օրակարգային հարցերին, դրանց լուծման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների եւ արտերկրում հայկական տարբեր կազմակերպությունների գործադրելիք համատեղ ջանքերին:

 

ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսը արձագանքել է Երեւանում տեղի ունեցող ցույցերին` ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման: «Ես լրջորեն մտահոգված եմ Երեւանում այսօր տեղի ունեցած խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից ուժի կիրառմամբ: ԶԼՄ-ները պետք է հնարավորություն ունենան աշխատելու անվտանգ եւ ազատ միջավայրում: Ես Հայաստանի իշխանություններին կոչ եմ անում հարգել մարդու միջազգային իրավունքների հարցով իրենց պարտականությունները՝ մասնավորապես` խաղաղ հավաքների ազատության եւ խոսքի ազատության հետ կապված», – ասված է հանձնակատարի ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության մեջ:

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանում ստեղծված դրությունը կկարգավորվի օրենքով: «ՌԻԱ Նովոստի»-ն տարածել է Կրեմլի այս հայտարարությունը: Պեսկովը հավելել է նաեւ, որ Ռուսաստանին ու Հայաստանին միավորում են պատմական կապերը, հայերն իրենց մերձավորագույն դաշնակիցներ են: Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը ուշի ուշով հետեւում է Հայաստանի դեպքերին եւ հույս ունի, որ ամեն ինչ կկարգավորվի շատ շուտով:




Լրահոս