ԲՀԿ-ի բրյուսելյան այցելությունն արդյունավետ էր եվ ծառայեց իր նպատակներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյան Facebook-ի իր էջում գրել է.
Այսօր առավոտյան Բրյուսելից վերադարձավ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության պատվիրակությունը, որի կազմում էի նաև ես: Եթե փորձեմ միայն մեկ բառով բնութագրել այցը, կասեի, որ դա անհրաժեշտ այցելություն էր:
Նախ, անհրաժեշտ էր, որ ԲՀԿ-ն՝ որպես Հայաստանում ազդեցիկ քաղաքական ուժ, ներկայացներ իր տեսակետները երկրի ներկայի և ապագայի վերաբերյալ: 
Երկրորդ, կարևոր էր, որ Եվրոպական Միությունը՝ որպես Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկը, ԵՄ-Հայաստան ծրագրերի իրականացման հարցում ԲՀԿ-ին ընդուներ և ընկալեր որպես հուսալի գործընկեր:
Երրորդ, անհրաժեշտ էր փարատել այն թյուրըմբռնումը, թե ԲՀԿ-ն միակողմանի ուղղվածություն ունեցող քաղաքական ուժ է և այնքան էլ չի դավանում եվրոպական արժեքները:
Ասեմ, որ այցելությունն արդյունավետ էր և ծառայեց իր նպատակներին: Եվրոպական կողմին հիմնականում հետաքրքրում էր, թե էությամբ ինչպիսի կուսակցություն է “Բարգավաճ Հայաստանը” և ինչ ծրագրեր ունի երկրի ապագայի վերաբերյալ: Բացի այդ, եվրոպացի պաշտոնյաներին հետաքրքրում էր, թե ԲՀԿ-ն ինչ պատասխանատվություն կարող է վերցնել իր վրա ոչ միայն օգնելու ավարտին հասցնելու Հայաստան-ԵՄ ասոցացման և Ազատ առևտրի մասին համաձայնագրերի բանակցությունների փուլը, այլև անցնելու դրանց գործնական կիրառմանը: 
“Բարգավաճ Հայաստանին” հիմնականում հետաքրքրում էր, թե որն է Եվրոպական Միության անկեղծ և օբյեկտիվ գնահատականը Հայաստանում ընթացող գործընթացների, բարեփոխումների, ինչպես նաև ԵՄ-ի հետ ծրագրերի հարցում: ԲՀԿ-ին նաև հետաքրքրում էր, թե ինչ կարելի է անել, որ այդ համագործակցությունը միայն թղթի վրա չլինի, այլ որ պահպանվեն ձեռք բերվող պայմանավորվածությունների տառն ու ոգին: 
Կարծում եմ՝ երկուստեք ստացանք մեր հարցերի պատասխանները:




Լրահոս