Խեղճ ու կրակ դժբախտներից հավաքած բյուջեից է տալու. Վարդան Բոստանջյանը` Սերժ Սարգսյանի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի զրուցակիցն է տնտեսագետ, նախկին ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը:

-Պարոն Բոստանջյան, ինչպե՞ս կգնահատեք հոսանքի թանկացման դեմ քաղաքացիական ակտիվիստների` 10 օր տևած պայքարը և դրա արդյունքը:

-Այս բողոքի ակցիան ավելի մեծ ընդգրկում ուներ, ոչ թե միայն հոսանքի թանկացումը: Աուդիտի անցկացման հետ կապված նախագահի հայտարարությունը, որը կարծես ընդվզող զանգվածի համար պետք է դառնար հանգստացնելու միջոց, չեղավ: Կարծում եմ` աուդիտի գործընթացը պետք է սկսել հենց իշխանության ներկայացուցիչներից, նրանց ընտանիքներից, ունեցվածքից: Այդտեղ պետք է անել աուդիտ, որից հետո սակագների հետ կապված աուդիտ անել:

-Հայտարարության մեջ նաև նշվում էր, որ Կառավարությունն իր վրա կվերցնի ֆինանսական բեռը` մինչև աուդիտի անցկացման ավարտը: Ինչ միջոցներով է Կառավարությունը փոխհատուցելու:

-Շատ սիրուն հարց եք տալիս: Խեղճ ու կրակ դժբախտներից հավաքած բյուջեից է տալու: Կառավարությունը թող չվերցնի իր վրա: Կարծես կառավարությունը հատուկ փողեր է ստեղծում:  Տիեզերքի՞ց են գալիս այդ միջոցները: Ոչ թափանցիկ աշխատածները, փողերը փոշիացնողները թող իրենց գրպանից դնեն ու փակեն: Հասարակ քաղաքացու գրպանից է գնալու դա: Եթե տեսականորեն պատկերացնենք, որ Կառավարոթյունը ֆինանսական առումով պետական բյուջեն է, ապա «Կառավարություննիր վրա է վերցնում» արտահայտությունը նշանակում է` պետական բյուջեից հատկացում կատարել: Պետական բյուջեից հատկացում կատարելը նշանակում է առաջնահերթ ինչ-որ ծրարգեր ու սոցիալական ծրագրեր չիրականացնել: Դրանց համար նախատեսված գումարները վերցնել ու փոխհատուցել հոսանքի թանկացումը:

-Բայց այնտեղ հավաքվածների պահանջը աուդիտ իրականացնելը չէր, այլ` որոշման չեղարկումը:

-Այո, այդ մարդկանց բողոքը բացարձակապես աուդիտի նպատակ չէր հետապնդում, նրանք այդպիսի հարցադրմամբ հանդես չէին եկել: Բնականաբար, նման մոտեցումը, ըստ էության, պատասխան չէ նրանց` անկախ այն հանգամանքից` աուդիտը կլինի հավաստի, թե ոչ, գինը կիջնի, թե ոչ: Հանրապետությունում ընդհանուր իրավիճակը` թե´ տնտեսական, թե´ սոցիալական չափազանց ծանր է: Այդ բողոքը հենց ուղղված է դրա դեմ և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը պատճառ դարձավ, որպեսզի այս անհնազանդությունները տեղի ունենային:

-Դուք հավատո՞ւմ եք, որ անաչառ աուդիտ կիականացվի և արդյունքները գոհացուցիչ կլինեն:

-Իհարկե չեմ հավատում: Ի՞նչ աուդիտի մասին է խոսքը: Սա, ինչպես միշտ, ժամանակ շահելու և մարդկանց լռեցնելու միջոց էր:

– Պարոն Բոստանջյան, իսկ ըստ Ձեզ, «Ոչ թալանին» նախաձեռնությունը ճի՞շտ վարվեց երեկ` ազատելով Բաղրամյան պողոտան և ցույցը շարունակելով Ազատության հրապարակում: Այդ քայլը շատերի կողմից չընդունվեց:

-Քանի որ այդ վստահության ինստիտուտը սարսափելի վտանգված է բոլոր հարթակներում, մարդիկ իրավունք ունեն մտածելու` արդյոք չհամոզեցին թողնել Բաղրամյան պողոտան: Այդ կտրվածքով, բնականաբար, կլինեն մարդիկ, ովքեր կարող են ասել` այո, դիրքերը թողնելը սխալ էր: Ես չեմ հանդիսանում այդ գործընթացի ակտիվ մասնակից և չեմ կարող ինտերակտիվ ասել` ճի՞շտ էր, թե սխալ:

-Իսկ ի՞նչ եք կարծում` շարժումը քաղաքականացրեցին:

-Ես չգիտեմ` ում կողմից ինչ է եղել, բայց մեծ գործընթացների ժամանակ կարող են լինել ամեն տեսակի բացասական ու դրական միտումներ: Չի բացառվում, որ «շահագրգիռ» կողմեր լինեն, ովքեր պրովոկացիոն հրապարակումներ անեն` քաղաքականացնելու կամ իրավիճակը սրելու մասին:

-Որպես տնտեսագետ, ելքը ինչպե՞ս եք տեսնում:

-Այդ մասին երկու տարուց ավել է ասում ենք` համակարգային փոփոխություններ են պետք: Նման ձևով այլևս կառավարել կամ երկիր պահել հնարավոր չէ: Քաղաքացին ուզում է ապրել արժանավայել, չլինել ոտնահարված, նսեմացված: Ես կարող եմ երկար թվարկել: Մարդ արարածը դա է ուզում: Առաջին հերթին այդ խնդիրները պետք է լուծել, հակառակ դեպքում տեղի կունենա այն ինչ տեղի է ունենում:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս