Ամուսնու կողմից հրազենային վիրավորում ստացած կնոջ վիրահատությունը տևել է 3 ժամ. վիճակը կայուն ծանր է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր առավոտյան «Արմենիա» Հանրապետական ԲԺ-ում դժբախտ դեպք է տեղի ունեցել: 33-ամյա Հայկ Վարդանյանը ծննդատան հիվանդասենյակում երկու կրակոց է արձակել նոր ծննդաբերած կնոջ պարանոցի ուղղությամբ, ապա` ինքնասպան եղել:

Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց կլինիկայի ղեկավար Արա Ղազարյանը, կնոջը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել են Վերակենդանացման բաժանմունք, այս պահին էլ վիճակը գնահատվում է ծանր:

Նշենք, որ 407 հիվանդասենյակում, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հայտնաբերվել է ատրճանակ, 3 պարկուճ, իսկ տղամարդու գրպանում` ևս մեկ ատրճանակ: Բժշկական կենտրոնում էին գտնվում սպանված կնոջ մայրն ու եղբայրը, ովքեր Armlur.am-ի հետ զրույցում հրաժարվեցին որևէ կերպ մեկնաբանել տեղի ունեցածը` նշելով, որ ողբերգությունից դեռևս ուշքի գալ չեն կարողանում. «Իջանք, բարձրացանք ու…»:

Armlur.am-ի հետ զրույցում ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը հայտնեց, որ վիրահատությունն անցել է բարեհաջող. «Այդպիսի վնասվածքներ ստանալու հետևանքով միանշանակ վիճակը պետք է ծայրահեղ ծանր լիներ: 3 ժամ տևած վիրահատության ընթացքում կատարվել է հրազենային գանգուղեղային վնասվածքի առաջնային վիրաբուժական մշակում։ Պարզվել է, որ կնոջ մոտ առկա է ծոծրակոսկրի բեկորային ներհրված կոտրվածք, միջաձիգ սինուսի վնասվածք, ուղեղիկի ձախ կիսագնդի ներուղեղային արյունակույտ և կոնտուզյոզ օջախ։ Արյունահոսությունը դադարեցվել է, հեմատոման` հեռացվել։ Վիրահատությունն ավարտվել է բարեհաջող, մասնագետները կնոջ վիճակը գնահատում են կայուն ծանր։ Հետվիրահատական շրջանում պահպանվում է արհեստական շնչառությունը։ Այս պահին գիտակցության մակարդակը գնահատել հնարավոր չէ, քանի որ հիվանդը գտնվում է քնաբերների ազդեցության տակ։»,- հավելեց բժիշկը:

Նշենք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ «սպանության փորձ» և «ապօրինի զենք կրելը» հատկանիշներով: Ամուսիններին հայտնաբերել է բուժքույրերից մեկը:




Լրահոս