Սերժ Սարգսյանի ծննդյան կապակցությամբ, ի թիվ այլ երկրների նախագահների, երեկ շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որն ավելի ուշ իր շնորհավորանքները փոխանցել է նաեւ հեռախոսազրույցի միջոցով:
Բնականաբար, Բաղրամյան պողոտայում ընթացող վերջին օրերի զարգացումների ֆոնին այդ ուղերձը հարկ եղածից ավելի մեծ ուշադրության արժանացավ, թեպետ պետք է որ ընկալվեր իբրեւ սովորական ընթացակարգ դաշնակցային երկրների միջեւ:
Սակայն քանի որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները ներկայումս ավելի շատ սենյորային-վասալային են, Պուտինի յուրաքանչյուր բառի, ժեստի կամ հոգոցի տակ քաղաքականության «գիտակները» նոր հեռանկարներ կամ նոր դավադրություններ են տեսնում: Նայած ինչ կողմնորոշման են: Ու մինչ Պուտինի յուրաքանչյուր բառին շունչները պահած հետեւող հանրապետականները այս բավականին ջերմ ուղերձը փորձում էին ներկայացնել որպես «ավագ եղբոր» կողմից Հայաստանի նախագահի հանդեպ բարձր ուշադրության դրեւորում եւ Բաղրամյան պողոտայում ընթացող զարգացումների ֆոնին Սարգսյանի դիրքերի ամրապնդման արձանագրում, հակառակ ճամբարից գնահատականներ էին հնչում, թե իր այդ ուղերձով Պուտինը պարզապես ծաղրել է Սարգսյանին:
Հատկապես քննարկվում էր Պուտինի շնորհավորական ուղերձի հետեւյալ հատվածը.«Ձեր պետական գործունեության տարիներին Դուք ձեռք եք բերել Ձեր հայրենակիցների շրջանում արժանի հարգանք, ինչպես նաեւ՝ մեծ հեղինակություն միջազգային ասպարեզում»: Պարզվում է՝ որոշ հակաիշխանական գործիչների ընկալմամբ` նշելով մի բան, որը չկա, այն է` հայրենակիցների հարգանքը կամ միջազգային հեղինակությունը, Պուտինը պարզապես նպատակ է ունեցել հեգնելու եւ վիրավորելու Սարգսյանին: Ընդ որում, ուշագրավ է, որ այս ծայրահեղ պարզունակ եւ պարզապես ժպիտ հարուցող մեկնաբանությունները երեկ լայնորեն տարածվում էին որոշ կայքերով:
Եվ հոգ չէ, որ Վլադիմիր Պուտինի այս ուղերձը, ըստ էության, մեկին մեկ կրկնում էր նախորդ տարվա` Սերժ Սարգսյանի 60-ամյակի առիթով հղված ուղերձի գնահատականները: Օրինակ` նախորդ տարվա շնորհավորանքում էլ ասված էր. «Ձեր գործունեությունը նախագահի պաշտոնում եւ ավելի վաղ այլ պատասխանատու պետական պաշտոններում Ձեզ արդարացիորեն արժանացրել է հայրենակիցների հարգանքին եւ միջազգային ասպարեզում բարձր հեղինակության»:
Այսքանից հետո մնում է միայն հորդորել ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձներ գրող ռեֆերենտի գրչի տակ «աշխարհաքաղաքական» զարգացումներ որոնողներին այդ աստիճան չանլրջացնել ո՛չ երկրի ղեկավարի ինստիտուտի, ո՛չ էլ սեփական հեղինակությունը: