Եթե կա գողություն` մեղավորը էլցանցերն են. ՀՀԿ պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի ՀՀԿ  խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը չի հասկանում, թե որն է այսքան երկար ժամանակ Բաղրամյան պողոտան փակ պահելու իմաստը, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից համապատասխան հայտարարություն է եղել: Armlur.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավորն անդրադարձավ նաև «Ինտեր ՌԱՕ» ընկերության խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկի հայտարարություններին և նշեց, որ, եթե  կա գողություն, ուրեմն դրա մեղավորն  էլցանցերն են:

– Նախագահի հայտարարությունից հետո ցույցերը չեն դադարում: Սա Ձեր կողմից արդյո՞ք կես քայլ չէր, եթե հաշվի առնենք, որ քաղաքացիները դեռ դժգոհ են: Ո՞րը պետք է լինի իշխանությունների հաջորդ քայլը:

– ՀՀ նախագահի հայտարարությունից  հետո կազմակերպիչների խումբը, որոնք նախաձեռնողներն էին, ընդամենը մեկ օր անց արձագանքեցին և  ինչպես մամուլից լսում ենք, իրենք մասնագետների խմբեր են հավաքում, որպեսզի իրենք էլ փորձեն մասնակից լինեն այն գործընթացներին, որի համար ասաց ՀՀ նախագահը: Եվ այս առումով անհասկանալի է  հաջորդ նախաձեռնողների խումբը, որոնք Բաղրամյան պողոտան մինչև օրս փակ են պահում և անհասկանալի է, թե ինչ են ուզում իրենք: Իմաստը ո՞րն է պողոտան փակ պահելու, չէ որ դրանով նաև տասնյակ հազարավոր մարդկանց դժգոհությունն են արտահայտում ` ասենք խոչընդոտելով տեղաշարժին, դժվարություններ ստեղծելով մարդկանց համար: Նպատակը, որը կար, բոլորը շատ լավ ընդունեցին և նախագահը համապատասխան հայտարարություն արեց:  Այսքանից հետո նպատակն արդեն անհասկանալի է դառնում:

– Ինչու ակտիվիստները չեն հավատում իշխանության հայտարարություններին և աուդիտի ճիշտ անցկացմանը: Արդյո՞ք իշխանությունների հանդեպ  անվստահությունն է պատճառը:

– Հավատալ չհավատալը դա յուրաքանչյուր անձի գործն է, բայց նաև ինձ համար անհասկանալի է, թե որ մասին չեն հավատում, երբ որ հստակ ՀՀ նախագահը շարադրեց բոլոր այն խնդիրները, որոնք այս հարցի կապակցությամբ նախաձեռնել է և ըստ հերթականության լինելու է: Հիմա դրանից հետո ես կարծում եմ, որ անբարոյականություն է կասկածի տակ դնելը դա և այսօր ասել չենք հավատում,  դրա համար Բաղրամյան պողոտան փա՞կ ենք պահում:  Հիմա կոչ է արվել` եկեք, մասնակցեք:

– «Ինտեր ՌԱՕ» ընկերության խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը հայտարարել էր, որ Հայաստանի էլցանցերի կործանման պատճառը երկրում գործող կարգավորող համակարգն է: Դուք որպես Հանրապետական կուսակցության անդամ ընդունո՞ւմ եք այս կարծիքը, թե` ոչ:

– Կարծում եմ, որ սխալ է իրենց մեղադրանքը և ավելի շատ պետք է փորձել մեղադրել այն ժամանակ, երբ որ կլինեն հստակ փաստեր:  Ինչ մնում է կորուստների վիճակին ապա համապատասխան ինստիտուտներ կան, կառույցներ կան , որոնք նորմատիվային կորուստները հաշվարկել են և այդ նորմատիվային կորուստների հետ կապված, այո մեկ տոկոսի տարաձայնություն կա ռուսական կողմի և հայկական այն կառույցների միջև, որոնք դա հաշվարկել են:  Եթե կա գողություն, դրա մեղավորը, բնական է, էլցանցերն են , այն կառույցն է, որը համակարգը տիրապետում է,  կոնկրետ ղեկավարում է այս համակարգը:  Այնպես որ հայտարարություն անելուց  առաջ պետք է այդ պարզաբանումները համապատասխան մարդիկ անեն:

Արփինե Թովմասյան




Լրահոս