Արամայիս Գրիգորյանը տքնաջան աշխատում է, լրագրողներն էլ` խանգարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե լրագրողները ճիշտ կանեն` չխանգարեն իրենց աշխատանքին: Պարզվում է` պարոն նախարարը տքնաջան աշխատում է, իսկ լրագրողները նրան խանգարում են:

-Պարո՛ն Գրիգորյան, մեր տեղեկությունների համաձայն՝ Դուք շատ կոպիտ եք խոսում Ձեր ղեկավարած գերատեսչության աշխատակիցների հետ, նրանց տեղի ու անտեղի վիրավորում եք: Ինչո՞ւ եք Ձեր ենթակաների հետ խոսում նման տոնով:

-Ես կխնդրեի Ձեզ, որ Դուք գնաք ու իմ աշխատակիցների հետ առանձին-առանձին բոլորի հետ զրույց ուենանք, եթե որեւիցե մի աշխատակից կպնդի դա, ապա Դուք կարող եք դա ազատ ներկայացնել: Դա Ձեր կարծիքն է, որ իմ ղեկավարած գերատեսչությունում նման բան կա:

-Բայց մենք բողոք ենք ստացել բնապահպանության նախարարության աշխատակիցների կողմից, ովքեր պնդում են, որ Ձեր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից Դուք նրանց հետ խոսում եք վիրավորական բառերով ու արհամարհական տոնով:

-Դե, ես կխնդրեի, որպեսզի որեւէ աշխատակցի անուն ներկայացնեիք, ես էլ կպատասխանեի, Դուք որեւէ մեկի անունը չեք հնչեցնում: Եթե անգամ աշխատակից կա, որը դժգոհ է, թող ներկայացնի, թե ինչից է դժգոհ, որն է նրա դժգոհության առիթը: Մեզ մոտ ձեւավորված է թիմ, ու թիմային ձեւով մենք շարունակում ենք աշխատել, ոնց որ բոլոր նախարարություններում:

-Իսկ Դուք ինքներդ գո՞հ եք Ձեր կատարած աշխատանքից, ի՞նչ խնդիրներ եք կարողացել լուծել Ձեր պաշտոնավարման ընթացքում:

-Դուք Ձեր կարծիքն եք ներկայացնում մեր աշխատանքի վերաբերյալ, ոլորտում բոլոր խնդիրները տեսանելի են, շոշափելի են ե՛ւ բանակչության կողմից, ե՛ւ լրագրողների կողմից, ե՛ւ մեր կողմից: Իսկ մենք հերթականությամբ մեր խնդիրները իրականացնում ենք, մեր առջեւ դրված հարցերը լուծելով՝ շարժվում ենք առաջ, կարող եք` մեզ օգնեք, չեք կարող, մի՛ խանգարեք:

-Ինչո՞վ ենք խանգարում: Արդյոք մենք ենք խանգարում Ձեզ՝ լուծելու բնապահպանական այն բացում խնդիրները, որոնց մասին պարբերաբար բարձրաձայնում են թե՛ քաղաքացիները, թե՛ բնապահպանները, ու որոնց լուծման ուղղությամբ Ձեր պաշտոնավարման ընթացքում որեւէ տեսանելի քայլ չի արվել: Կարող եք նշել որեւէ ծրագիր, որն իրականացվել է Ձեր օրոք` ի նպաստ մեր երկրի բնապահպանության: Ի վերջո, շատերն են նշում, որ Դուք Ձեր «տեղում» չեք ու Ձեր առջեւ դրված խնդիրները չեք կարողանում իրագործել:

-Շնորհակալություն: Դա Ձեր տպավորությունն է, Ձեր տպավորությունները մի՛ խառնեք հասարակության տպավորության հետ ու յուրաքանչյուր լրագրող, եթե կարողանար, նորից եմ կրկնում, ինքը օգներ ու ոչ թե խանգարեր, շատ ավելի լավ կլիներ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս