Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) արձագանքել է ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերության ղեկավար Բորիս Կովալչուկի հայտարարությանը, ըստ որի ՀԷՑ-ի կրած կորուստները հանդիսանում են երկրում գործող կարգավորող համակարգի արդյունք:
ՀԾԿՀ պատասխանում ասվում է.
«ՀՀ Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովն անհասկանալի եւ հիմնազուրկ է համարում ստեղծված իրավիճակի շուրջ պարոն Կովալչուկի հնչեցրած դիրքորոշումը, ինչը պատրաստ է ապացուցել նաեւ միջազգային խորհրդատուների հետ քննարկումների ժամանակ:
Հանձնաժողովը պնդում է, որ ՀՀ օրենսդրությունը, մասնավորապես կարգավորման ոլորտին առնչվող, լիովին համապատասխանում է միջազգային փորձին եւ ունի լայն կիրառում:
Ստեղծված իրավիճակում անընդունելի ենք համարում սեփական բացթողումներին եւ թերացումներին էլ ավելի ուշադրություն դարձնելու փոխարեն՝ դրանց արդարացման պատճառ փնտրելու փորձը»: