Երգիչ Պապին Պողոսյանն արդեն տասը տարի է` բնակվում է ԱՄՆ-ում, այժմ Գլենդելում: Նա զբաղվում է համերգային գործունեությամբ եւ դասախոսում է: «Ժողովուրդը» զրուցել է երգչի հետ հայրենիք վերադառնալու, հայկական երգարվեստում տեղի ունեցող գործընթացների շուրջ:
-Պարո՛ն Պողոսյան, այս տասը տարիների ընթացքում ոչ մի անգամ Հայաստան չեք եկել. ինչո՞ւ:
-Ասեմ, որ իմ` ԱՄՆ-ում մնալը շատ պատահական ստացվեց: ԱՄՆ-ն ինձնից շատ բան վերցրեց, բայց նույնքան բան չտվեց: Իմ այստեղ մնալը բացարձակ ծրագրված չէր, պարզապես փաստաթղթային որոշ խնդիրների պատճառով չեմ կարողացել երկրից դուրս գալ, այնինչ, հրավերքները շատ-շատ են եղել: Արդեն 2016-ին հարցը կլուծվի, եւ ես առաջինը մտադիր եմ այցելել Հայաստան, շատ եմ կարոտել երկրիս, ժողովրդիս, դստերս, թոռներիս…
-Այս տարիների ընթացքում հետեւե՞լ եք, թե հայկական երգարվեստն ինչ ուղով է շարժվում, ինչն է այս ոլորտում փոխվել…
-Այո, իհարկե, հետեւում եմ եւ ինչ-որ դեպքում ցավ եմ ապրում, ինչ-որ դեպքում` ուրախություն: Մենք ունենք շատ լավ ձայներ` Համլետ Գեւորգյան, Արսեն Գրիգորյան (Ասո), որոնք բեմում պահպանեցին իրենց կատարողական բարձր արվեստը, բայց դրա հետ մեկտեղ կա մի ցավալի միտում. հայկական երգարվեստը հաճախ ներկայացվում է աղավաղված, ոչ ճիշտ մեկնաբանությամբ: Ինքս առաջին երգիչն էի, որը ժողովրդական երգի նվագակցությունը հնարավորինս մոտեցրեց էստրադային ժանրի նվագակցությանը, որպեսզի հայկական երգը ռիթմի տեսանկյունից հասանելի լինի օտարներին, բայց այսօր տեսնում եմ, որ աղավաղված են շեշտադրումներն ու մեկնաբանությունները: Եվ հետո` ասում են ժողովրդական երգը նորովի ենք մատուցում… Սայաթ-Նովան էլեկտրոգործիքներով ներկայացնելը դեռեւս նորովի մոտեցում չէ… Նկատում եմ մեկ այլ ցավալի միտում եւս: Չկա այն չափանիշը, որը կտարբերակի բեմի արվեստը հարսանիքի արվեստից: Նույն կատարողականությամբ երգեր լսում եմ բեմերում, հրապարակներում, մարզադաշտերում, հեռուստաեթերից, հարսանիքներում…Այնինչ, բեմի արվեստն իր մոտեցումներով պետք է տարբերվի, պետք է բարձր լինի: Ցավում եմ, որ այսօր արդեն ժողովուրդը պրոֆեսիոնալ արվեստագետին չի կարողանում տարբերել սովորական երգիչ-երաժիշտներից. բոլորին դրել են նույն նժարի վրա: Բայց դրանում մեղավոր է նույն այդ ժողովուրդը: Եթե վերջինս չոգեւորեր այդ ոչ պրոֆեսիոնալ երգիչներին, եթե հեռուստաընկերությունները հրաժարվեին նրանց տեսահոլովակները ցուցադրելուց, այդ երգիչները չէին կարողանա գումար աշխատել եւ ուշքի կգային:
-Այս տարիների ընթացքում հայկական երգարվեստում ստեղծվել են նաեւ չգրված օրենքներ, ըստ որոնց՝ նույն դեմքերին անընդմեջ տրվում են առավելություններ, եւ հակառակը` կազմվել են «սեւ ցուցակներ», որոնցում ներգրավվածների առջեւ բոլոր դռները փակ են. տեղյա՞կ եք այս ամենից:
-Դե, շոու-բիզնեսը ոնց որ մաֆիա լինի, այսօր ով շատ գումարներ է ծախսում, հեռուստաընկերությունների մաֆիայի մեջ է, իրեն մրցանակներ, ավելի ճիշտ` ժեշտի կտորներ են տալիս. մեկը հարցնի` ինչի համար: Այդ ի՞նչ աստիճանի է տվյալ երգիչը բարձրացրել երգարվեստի մակարդակը: Այս տասը տարվա մեջ մի բան հասկացա, որ ով շատ արվեստը ջարդի-փշրի, տանի կործանման, նա էլ կստանա մեդալներ ու կոչումներ: Այսօր բոլորը դարձել են վարպետներ, արվեստագետներ, աստղիկներ…Այնինչ, ինքս 45 տարի մեր հայ երգարվեստը ներկայացրել եմ աշխարհով մեկ` Ճապոնիայից մինչեւ Լաոս, բայց որեւէ կոչում չունեմ:
-Պարո՛ն Պողոսյան, իսկ Դուք հետեւո՞ւմ եք այստեղի ներքին քաղաքական վիճակին, հասարակական վերջին ընդվզմանը` կապված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ:
-Այո, ուղիղ եթերով հետեւում եմ իրադարձություններին, գործի բերումով հայրենիքից հեռու ենք, բայց հոգով այդտեղ ենք, մի օր բոլորս էլ վերադառնալու ենք: Միայն կարող եմ ասել, որ խոնարհվում եմ մեր երիտասարդների առջեւ եւ հիացած եմ իրենցով: Այդ անընդմեջ գրանցվող թանկացումները պետք է վերջապես կանգ առնեն: Հայ ժողովուրդն իր երկրում խեղդվում է այդ օրենքների ձեռքը: Մենք աշխատող, ստեղծող ժողովուրդ ենք, եւ մեզ պետք է տրվի մարդավայել կյանքով ապրելու հնարավորություն: Մեր ղեկավարությանը կոչ եմ անում թեւ տալ երիտասարդներին եւ գրչի ծայրով կասեցնել այդ խայտառակ որոշումը: Եթե ես լինեի Երեւանում, ամեն օր կգնայի, կկանգնեի այդ երիտասարադների կողքին, մարդկանց, որոնք ապացուցեցին, որ եթե ժողովուրդը կանգնի, կարող է ինչ-որ բան փոխել: Հիմա միայն ուզում եմ, որ այս ամենին շուտափույթ վերջ տրվի, եւ հայ ժողովրդիս երեսին ժպիտ լինի…
Աննա Բաբաջանյան