Ինչո՞ւ Ռուսաստանը հանկարծ հասկացավ, որ էլէներգիայի սակագնի հարցը Հայաստանի ներքին խնդիրն է. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատելով Բաղրամյան պողոտայում ընթացող ցույցերի վերաբերյալ ռուսական պաշտոնական քարոզչամեքենայի` վերջին օրերի շեշտադրումների փոփոխությունից, ինչպես նաեւ ՌԴ եւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ինտենսիվ հեռախոսազրույցներից (նախօրեին Վ. Պուտինը զանգահարել էր Ս. Սարգսյանին, երեկ էլ Հովիկ Աբրահամյանը զանգահարել է Դ. Մեդվեդեւին)` էլեկտրաէներգիայի սակագնի հարցի շուրջ հայ-ռուսական քաղաքական բանակցությունները կարծես թե հանգում են որոշակի լուծման: Այս իմաստով ուշագրավ է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի` նախօրեին արած այն հայտարարությունը, թե. «Էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանի ներքին հարցն է եւ, անշուշտ, չէր կարող քննարկվել Ռուսաստանի Դաշնության հետ»:

Երեկ էլ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու որոշման շուրջ ստեղծված իրավիճակին անդրադարձել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի սեփականատեր «Ինտեր ՌԱՕ» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը: Ու թեեւ նա իր խոսքում լուրջ քննադատության է արժանացրել ՀՀ իշխանություններին եւ հատկապես հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, այդուհանդերձ, նա նույնպես հարկ է համարել արձանագրել, որ խնդիրը բացառապես տնտեսական, այլ ոչ թե քաղաքական տիրույթում է. «Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի բարդ իրավիճակում սակագնի բարձրացման որոշումը զանգվածային բողոքների պատճառ դարձավ, որը բացառապես տնտեսական պատճառներ ունի, այլ ոչ թե քաղաքական: Այստեղ որեւէ քաղաքականություն չկա», -ընդգծել է «Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավարը:

Հարց է առաջանում, թե ինչ է փոխվել, ինչու են Ռուսաստանում հանկարծ հասկացել, որ սակագնի հարցը Հայաստանի ներքին խնդիրն է, եւ այդտեղ քաղաքականություն փնտրել պետք չէ: Աչքի առջեւ ունենալով Ռուսաստանի` տարածաշրջանում եւ հատկապես Հայաստանում անցած տարիներին վարած քաղաքականությունը՝ դժվար է հավատալ, որ ռուսները ընկրկել են Բաղրամյան պողոտայում պայքարողների կամքի առջեւ, եւ Հայաստանում հակառուսական տրամադրությունների խորացումը կասեցնելու նպատակով է, որ մեկեն այդչափ «ըմբռնող» են դարձել:

Ակնհայտ է, որ այս օրերին ընթացող քաղաքական բանակցություններում ռուսները Հայաստանին տրամադրվող 200 միլիոն դոլարի, ՀՀ բանակին նոր սպառազինություն հատկացնելու, ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու համաձայնության եւ այլ զիջումների դիմաց ստացել են շատ ավելի կարեւոր մի բան: Տվյալ դեպքում՝ դա Ս. Սարգսյանի կողմից տրված համաձայնությունն է` Հայաստանում ռուսական ռազմաբազայի գործունեության երկարաձգման վերաբերյալ: Առաջիկայում այդ համաձայնությունը, անկասկած, կստանա նաեւ իրավական տեսք` հաստատվելով ՀՀ Ազգային ժողովում: Եվ այս ամենից հետո դժվար կլինի ասել՝ արդյոք Բաղրամյանում ընթացող ցույցերի արդյունքում մենք շահեցինք, թե կորցրինք՝ էլ ավելի երկարաձգելով մեր կախվածությունը «ռուսական սապոգից»:




Լրահոս