Օգոստոսի 2-13-ը անցկացվելիք Համահայկական ամառային 6-րդ խաղերին Սիրիայի պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու նպատակով կառավարությունը երեկ որոշել է հատկացնել 39.8 միլիոն դրամ: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի խոսքով, նշված գումարը ծախսվելու է Սիրիայի 82-հոգանոց պատվիրակության ճանապարհի և հյուրանոցի ծախսերը հոգալու համար:
Իհարկե, շատ գովելի է, որ ՀՀ կառավարությունը մտածում է դժվարին վիճակում հայտնված սիրիացի մեր ազգակիցների մասին: Սակայն արդյո՞ք համահայկական խաղերին մասնակցելն այսօրվա դրությամբ սիրիահայ համայնքի ներկայացուցիչների համար ամենակարեւոր խնդիրն էր, որի համար կառավարությունն իր սուղ միջոցներից հատկացրել է դոլար:
Հիշեցնենք, որ սիրիական պատերազմի սկզբից` 2011-ից մինչ օրս Հայաստան է տեղափոխվել շուրջ 20 հազար սիրիահայ, որոնց զգալի մասը` չկարողանալով ինտեգրվել հայկական իրականությանը, ստիպված եղավ կրկնագաղթել ԱՄՆ եւ այլ երկրներ: Այսօր էլ Հայաստանում բնակվող 12 հազար սիրիահայերի մի զգալի մասը խնդիրներ ունի այստեղ աշխատանք գտնելու եւ ադապտացվելու հարցում: Արդ` մի՞թե ավելի նպատակահարմար չէր լինի, եթե կառավարությունն այդ գումարը հատկացներ այստեղ հանգրվանած սիրիահայերին սոցիալական կամ բիզնես աջակցություն ցուցաբերել նպատակով:
Ի վերջո, այդ գումարով կարելի էր տեղից շարժել սիրիահայերի համար բնակարաշինական «Նոր Հալեպ» ծրագիրը, որի համար, հիշեցնենք, ժամանակին 100 հազար ԱՄՆ դոլար հատկացրեց գործարար Հրանտ Վարդանյանը, սակայն վերջինիս մահից եւ ծրագրի ձախողումից հետո այդ գումարը ուղղվեց ինչ-որ անորոշ ծրագրերի իրագործմանը: Ի վերջո, որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանւմ հաստատված բազմաթիվ սիրիահայ ընտանիքներ վարձով են ապրում, եւ նրանց համար բնակարաշինական այսպիսի մի ծրագիրը պարզապես փրկություն կլիներ եւ Հայաստանում վերջնականապես հաստատվելու համար անհրաժեշտ պայման:
Էլ չենք խոսում Սիրիայում հրթիռակոծությունների տակ վախը սրտներում ապրող մեր հազարավոր հայրենակիցների մասին, որոնք պարբերաբար տարբեր միջոցներով խնդրում են ՀՀ կառավարությանը ելքեր գտնել` իրենց Սիրիայից տարհանելու համար: Մի՞թե հնարավոր չէր այդ միջոցներն ուղղել նման ընտանիքների` Հայաստան տեղափոխումը կազմակերպելու նպատակին: Իհարկե, ոչ բոլորն են ցանկանում լքել Սիրիան, բայց քիչ չեն նրանք, որոնց համար դա օրախնդիր է, եւ կառավարությունը մի խումբ սիրիահայերի տասնօրյա զվարճանքը Հայաստանում կազմակերպելու փոխարեն` լավ կաներ հիշեր նաեւ փրկության կարիք ունեցող սիրիահայ այդ ընտանիքների մասին:
Թեպետ` այդ դեպքում շոու չէր լինի, եւ կառավարությունը համահայկական խաղերի 35 երկրների 161 մասնակիցների առջեւ հերոսանալու հնարավորություն չէր ունենա: