«Շատերին հետաքրքրած կլինի պետական տոների վերաբերյալ մեր ժողովրդի ոչ այնքան տոնական վերաբերմունքը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ՀՀ սահմանադրության ընդունման 20-ամյակի կապակցությամբ ուղերձ է հղել: Ուղերձում ասված է. «Շատերին հետաքրքրած կլինի պետական տոների վերաբերյալ մեր ժողովրդի ոչ այնքան տոնական վերաբերմունքը: Այն, որ տարբեր երկրներում Սահամանդրության ընդունման օրը մեծից փոքր լիաթոք ուրախանում են, դրոշներով շքերթներ կազմակերպում, կարծես հայ իրականության կողմից դեռևս ընդօրինակված չէ: Պատճառները տարբեր են, սակայն դրական միտումը նկատելի է տարեցտարի: Կարելի է ասել, ՈՐ ՍԱ ՏՈՆ Է, ՈՐ ՆՇՎԵԼՈՒ Է ՎԱՂԸ…

Ընդհանրապես ցանկացած նորին ընտելանալու և համապատասխան ռեակցիա տալու համար փորձաշրջան ու ժամանակ է պետք: Առաջին Սահամանդրության ընդունումից հետո անցել է 20 տարի և անվիճելի է, որ հասել ենք պատասխաններ գտնելու հասունությանը… Այսօր մեր քաղաքացիներն ավելի բարձր արժեքների կրող են, քան կարող է «արտադրել» գործող Սահմանադրությունը, հետևաբար՝ մենք պետք է կարողանանք ճիշտ հասկանալ ստեղծված սոցիալ-քաղաքական իրականությունը, մեր արժեհամակարգային միջավայրը և կառուցել առավել ճկուն մեխանիզմներով ու ժողովրդավարական արժեհիմքով համակարգ:

Դրան հասնելու համար, թերևս կարևոր է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործումը, այլև՝ կառավարման ձևի ընտրությունը, որը մեզ կտանի կասկածներ ու հարցեր բացառող ժողովրդավարության ճանապարհով, կապահովի ազգային իղձերի իրականացում և դրանց հիմքով սոցիալ-տնտեսական բարեկեցություն: Շնորհավորում եմ բոլորիս մեր Մայր օրենքի օրվա կապակցությամբ, մաղթում եմ, որ յուրաքանչյուրիս համար այն լինի մեծագույն արժեք և դառնա մեր ամենօրյա գործողությունների չքննարկվող ուղեկիցը»:




Լրահոս