ԻԲՐ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 6-ին Տավուշի մարզպետարանում կայացավ «Հայաստանի երիտասարդ իրավաբանների  ասոցիացիա» հ/կ Տավուշի հակակոռուպցիոն կենտրոնի կազմակերպած «Բնապահպանական ոլորտի կոռուպցիոն ռիսկերը եւ պետական վերահսկողությունը ՀՀ Տավուշի մարզում» միջոցառումը: Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանն իր ելույթում  նշեց, որ  մարզի դատախազությունը «Հայանտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպության մասնաճյուղերում՝ Նոյեմբերյանի, Իջեւանի, Սեւքարի, Արծվաբերդի անտառտնտեսություններում, ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկի տարածքում, ինչպես նաեւ բնապահպանական պետական տեսչության Տավուշի բաժնում ուսումնասիրել է մարզի անտառային ֆոնդի տարածքում 2012թ. առաջին կիսամյակում ապօրինի ծառահատումների վերաբերյալ ձեռնարկված աշխատանքների ընթացքը: Պարզվել է, որ այդ հիմնարկների կողմից իրականացված 2012թ. գարնանային ստուգումների արդյունքում ապօրինի ծառահատումների վերաբերյալ կազմվել է ընդամենը 30 արձանագրություն՝ ապօրինի հատված 90 ծառի համար: Դատախազն ասաց, որ սա չի խոսում ապօրինի անտառահատումների իրական վիճակի մասին, քանի որ մարզի  անտառամերձ գյուղերը գազաֆիկացված չեն եւ վառելափայտ են օգտագործում տարվա բոլոր եղանակներին: Իսկ ԲՆ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի բաժնի աշխատակիցների կողմից կատարված ստուգումներով 2012թ. առաջին կիսամյակում ապօրինի անտառահատման ոչ մի դեպք չի հայտնաբերվել, եւ դա այն դեպքում, երբ ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են 25 դեպք՝ 123.2 խորանարդ մետր փայտի ապօրինի դուրս բերման փաստերով:
«Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ 2012թ. ընթացքում պարկի տարածքում իրենց կողմից հայտնաբերվել է ապօրինի անտառահատման 31 դեպք՝ 115 ծառի հատման կապակցությամբ:
Մեր հավաստի տեղեկություններով՝ այս տարվա ամռանն ու աշնանը Տավուշի մարզից հունական  ընկուզենիների  կոճղեր  են առաքվել Կոտայքի մարզի Արամուս գյուղ, որտեղ  լվացվել-մաքրվելուց հետո արտահանվել են Իրան: Տավուշի մարզի բնակիչ   բանվորները, տրակտորիստը, որոնք տապալել են Կարմիր գրքում գրանցված ընկուզենիները եւ դրանք  բենզասղոցով մաքրել ճյուղերից, գործի միջնորդ անձից դեռեւս չեն ստացել իրենց  կատարած աշխատանքի վճարը՝ շուրջ 1 միլիոն դրամ: Առանց բնապահպանական  պետական տեսչության եզրակացության հատվել է առնվազն 5 հսկա ընկուզենի: Զարմանալի է, որ Տավուշի մարզում ապօրինի անտառահատումների կապակցությամբ քննություն կատարած ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունն անտեղյակ է այս փաստերից:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս