«Եգիպտոսում գտնվող եւ իրենց հանգիստը Եգիպտոսում անցկացնել ծրագրող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք մնալ հանգստի համար նախատեսված գոտիներում», – Թվիթերի իր միկրոբլոգում երեկ գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
Հատկապես վերջին օրերին «Իսլամական պետության» կողմից իրականացվող ահաբեկչություններից հետո տարբեր երկրների ԱԳՆ-ներ հանդես են գալիս նման կոչերով` փորձելով իրենց քաղաքացիներին զգուշացնել հնարավոր վտանգի մասին: Եվ այս առումով լավ է, որ մեր ԱԳՆ-ն նույնպես մտահոգվում է ՀՀ քաղաքացիների մասին: Սակայն անհասկանալի է, թե ինչու է դա արվում բացառապես սոցիալական ցանցերում՝ գրառումների տեսքով:
Խնդիրն այն է, որ քաղաքացիների անվտանգության համար նման կարեւոր տեղեկատվությունը պետք է հասանելի լինի բոլորի համար, մինչդեռ Տ. Բալայանի անձնական միկրոբլոգը ոչ բոլոր քաղաքացիները կարող են կարդալ: Անհասկանալի է, թե ինչն է խանգարում, որ այս զգուշացումը տեղադրվի նաեւ ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքէջում: Ի վերջո, տուրք տալով թվիթերյան կամ ֆեյսբուքյան կոմունիկացիաների՝ հատկապես ԱՄՆ-ում տարածված «մոդային», պետք չէ մոռանալ սեփական երկրի քաղաքացիների` սոցիալական ցանցերից օգտվելու կուլտուրայի տարբերությունները: Էլ չասած, որ հարկ է, ի վերջո, հստակեցնել՝ արդյոք այս կամ այն գերատեսչության խոսնակի անձնական ֆեյսբուքյան կամ թվիթերյան էջը հանդիսանում է պաշտոնական խոսափողը, թե այն, այնուամենայնիվ, անձնական տիրույթ է:
Նկատենք, որ հանրությանը բացառապես սոցիալական ցանցերի միջոցով իրազեկելու գործելաոճը վերջերս սովորական է դարձել նաեւ այլ գերատեսչությունների խոսնակների համար: Մասնավորապես ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը բացառապես այդ միջոցով է գերադասում իրականացնել իր պաշտոնական գործառույթները, ինչը դարձյալ հասկանալի չէ. ի վերջո, բոլորը չէ, որ պարտավոր են լինել նրա «ֆեյսբուքյան» ընկերը կամ հետեւորդը:
Սակայն ինչպես ասում են` ձուկը գլխից է հոտում, եւ այս դեպքում եւս ոչ այդքան արդյունավետ այս գործելաոճը ներդրվեց ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանի կողմից, որն անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումների վերաբերյալ տեղեկատվությունը նախընտրում է նախ՝ ներկայացնել թվիթերյան իր բլոգում, ապա՝ արդեն ժամեր անց այդ մասին հաղորդագրություն տարածել:
Ինչեւէ: Ամփոփելով նկատենք, որ ամենեւին դեմ չենք սոցցանցերը որպես իրազեկման գործիք կիրառելու` խոսնակների գործելաոճին: Պարզապես դրանից զատ եւ դրանից առաջ նրանք պարտավոր են հանրությանը հետաքրքրող տեղեկատվությունը զետեղել տվյալ գերատեսչությունների պաշտոնական կայքէջերում: Հակառակ դեպքում` կարելի է պարզապես դադարեցնել պաշտոնակայն կայքերի գործունեությունն ու անցնել բացառապես սոցցանցային հաղորդակցության: Այդ դեպքում գոնե նաեւ պետբյուջեից զգալի ֆինանսական միջոցներ կտնտեսվեն: