ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Հայացք» ակումբում էր Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, որը խոսեց վերջին ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումների մասին: Ներքաղաքական իրավիճակի հետ կապված պարոն Շահնազարյանն ասաց, որ «ավելի քան ակնհայտ է, որ սոցիալական իրավիճակն իր մեջ պարունակում է արդեն պայթյունավտանգության տարր: Հայաստանի տնտեսական իրավիճակն այնպիսին է, որ մոտ ապագայում Հայաստանը չափազանց լուրջ տնտեսական խնդիրների առաջ է կանգնելու, իսկ իշխանություններն ավելի են սրում այդ իրավիճակը»: Այս ամենի մասին ՀԱԿ-ը շատ ավելի մանրամասն կխոսի փետրվարի 18-ի հանրահավաքում: Շահնազարյանը խոսեց նաեւ իր «սիրելի» Քոչարյանի մասին. «ուրեմն Ռոբերտ Քոչարյանն իրեն բնորոշ գործելակերպով, փորձելով մնալ ստվերում, ԲՀԿ-ի օգնությամբ փորձում է ապակայունացնել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, որին հաջողվել է արդեն որոշակի անկայունություն մտցնել կոալիցիայի շրջանականերում: Ուրվագծվել է մի այնպիսի իրավիճակ, որ ՀՀԿ-ն` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ունենալով Արեւմուտքի աջակցությունը, փորձում է պահպանել իր իշխող դիրքերը: Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ-ի միջոցով, օգտագործելով իր ահռելի ֆինանսական ռեսուրսները, որոնք մեր ժողովրդից թալանված միջոցներն են, փորձում է ցուցադրել, որ ինքը վայելում է կրեմլյան քաղաքական աջակցությունը: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` բացառված է, որ Մոսկվան որեւէ քաղաքական աջակցություն ցուցաբերի Ռոբերտ Քոչարյանին` հաշվի առնելով այն հսկայական ատելությունը, որ կա մեր հասարակության մեջ նրա նկատմամբ եւ հաշվի առնելով, որ նրան սպասվում է ամբաստանյալի աթոռը: Այս ամենը նրա կողմից ուղղակի ցուցադրական քայլեր են, որպեսզի թյուրըմբռնում ստեղծվի, թե նա վայելում է Մոսկվայի աջակցությունը, դա բացառված է»:  Բանախոսը վստահեցրեց, որ այս պահին ՀԱԿ-ն է հանդիսանում Հայաստանի կայունության երաշխավորը: ՀԱԿ ներկայացուցչի կարծիքով, այս իրավիճակից դուրս գալու միակ ելքը ազգային համաձայնության հասնելն է արտահերթ ընտրությունների միջոցով, այլ ելք այլեւս չեն տեսնում: Շահնազարյանը նշեց, որ նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ են սպասվում. «զարմանում եմ, որ գործող իշխանություններն այս պարզ ճշմարտությունը չեն հասկանում»:




Լրահոս