Սահմանադրական բարեփոխումների գործընթացը կարծես թե արդեն մոտենում է իր հանգուցային փուլին, եւ արդեն ակնհայտ է դառնում, որ միանգամայն տեղին էին ընդդիմության պնդումները, թե այդ ամենը Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգման նպատակով է: Մասնավորապես, արդեն իսկ հայտնի է, որ նոր Սահմանադրությամբ վարչապետը եւ Ազգային ժողովի նախագահը կարող են երկու անգամից ավել անընդմեջ ընտրվել: Ասել է թե` եթե հանրաքվեի արդյունքում ընդունվի այս նոր Սահմանադրությունը, ապա Սերժ Սարգսյանը շատ հանգիստ կերպով կարող է դառնալ երկրի Ազգային ժողովի նախագահ եւ անընդմեջ պաշտոնավարել մինչեւ զառամյալ տարիքը` խուսափելով իր նախորդի՝ «երիտասարդ թոշակառու» դառնալու հեռանկարից:
Հիշեցնենք, որ նախաձեռնելով սահմանադրական բարեփոխումների գործընթացը` 2014թ. ապրիլի 10-ին Ս. Սարգսյանը հայտարարել էր բառացիորեն հետեւյալը. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին»: Այսպիսով` հիմա արդեն ակնհայտ է դառնում բոլորի, անգամ այս բարեփոխումները սատարող քաղաքական կուրություն ունեցող ուժերի համար, որ Ս. Սարգսյանն այս ողջ սցենարը գծել էր վաղօրոք, եւ իրենք իրենց «գաղափարական մոտեցումներով» ընդամենը մեկանգամյա օգտագործման գործիքներ են այս խաղում, ինչից, իհարկե, դուրս չեն գա միանգամայն ձեռնունայն. նրանց կտրվի իրենց «պարգեւավճարը»` տարբեր մակարդակի եւ քանակի պաշտոնների տեսքով:
Ինչեւէ, ուզենք, թե ոչ, փաստն այն է, որ Ս. Սարգսյանը բացահայտորեն առաջ է տանում իր իշխանավարության «հավերժացման» ծրագիրը, եւ այսօրվա դրությամբ չկա դրան հակազդելու ունակ որեւէ ուժ: Դեռեւս փետրվարին ազդարարված Հայաստանի ընդդիմադիր դաշտի վարկաբեկման այս գործընթացն իր կուլմինացիային հասավ հունիսի 19-ից հետո, երբ ժողովուրդը տեսավ, որ Հայաստանում քաղաքական ուժերն, իբրեւ այդպիսիք, որեւէ հարց լուծելու ունակ չեն, եւ որ նրանց առավելագույնը կայացված որոշումից հետո ԱԺ ամբիոններից մեկ-երկու սուր հարց հնչեցնելով՝ հերոսանալն է` անգամ չսպասելով դրանց տրվելիք պատասխաններին:
Ինչ վերաբերում է քաղաքացիական հատվածի` ընդդիմանալու ներուժին, ապա այն էլ զրոյացվեց հունիսի 28-ից հետո Բաղրամյանում, ապա Ազատության հրապարակում շարունակվող անհասկանալի եւ ինքնանպատակ տեղապտույտով: Իշխանությանը, ըստ էության, հաջողվեց հեղինակազրկել ոչ միայն ընդդիմադիր քաղաքական ուժերին, այլեւ քաղաքացիական պայքարող կորիզին: Եվ հիմա, որքան էլ ցավալի է, այլեւս ոչինչ չի խանգարում, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ընթացքում էլ Ս. Սարգսյանը ինչքան ուզենա, այնքան խփի: