«ԴԺՈԽՔԻ ՄԻՋՈՎ ԵՄ ԱՆՑԵԼ…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերիալներից եւ հումորային ծրագրերից հայտնի դարձած դերասան Սեպուհ Ապիկյանը, ում ընթերցողները կարող են հիշել Ճպըլի, Բշտիկյանի եւ Խափլանյանի կերպարներում, տեւական ժամանակ է` գործազուրկ է: «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե անգործության այս շրջանն ինչով է պայմանավորված, եւ ինչպես է մտադիր դերասանը հաղթահարել կյանքի այս դժվարին փուլը:

-Սեպո՛ւհ, շուրջ մեկ տարի առաջ Դուք հանդիսատեսին գրավում էիք Ձեր բազմազան կերպարներով, սակայն արդեն տեւական ժամանակ է` չեք երեւում էկրաններին, բեմում, իսկ պատճառը երկրպագուների համար շարունակում է մնալ անհայտ: Ինչո՞ւ Ձեզ չենք տեսնում նոր նախագծերում:
-Ես արդեն նշել եմ, որ այժմ ոչ մի տեղ չեմ աշխատում: Իսկ թե ինչու, ինքս այդ հարցի պատասխանը չունեմ: Այս ընթացքում ունեցել եմ ֆիլմերից, որոշ նախագծերից հրավերներ, սակայն այդ խոսակցությունները մնացել են օդի մեջ: Հստակ հրավերներ չկան: Չգիտեմ… Երեւի դերասանները շատացել են, գուցե էլ իմ կարիքը չի զգացվում: Այս պահին թատրոնում էլ զբաղվածություն չունեմ:
-Կարծում եք` ժողովուրդը հոգնե՞լ է Ձեր կերպարներից, թե՞ խնդիրն այլ տեղ պետք է փնտրել:
-Միանշանակ, այս իրավիճակի հետ ժողովուրդը կապ չունի. խնդիրը հեռուստաընկերությունների հետ է կապված, որոնց կողմից հրավերներ պարզապես չկան, ինչպես ասացի՝ ինքս էլ չգիտեմ` ինչու: Իսկ ժողովրդի մի ստվար զանգված մշտապես ասում է, որ կարոտել է ինձ, իմ կերպարներին…
-Իսկ անգործության այս շրջանը շուրջ մեկ տարի առաջ տեղի ունեցած չարաբաստիկ ավտովթարի հետ կապ ունի՞:
-Դե, այդ ավտովթարից հետո ես շուրջ մեկ տարի ֆիզիկապես հնարավորություն չունեի աշխատելու. ամեն հնարավորություն՝ այս հանգամանքով պայմանավորված, կորավ: Բայց արդեն մի քանի ամիս է` ես ոտքի եմ կանգնել, այսպես ասած` սպասողական վիճակում եմ:
-Այդ ավտովթարից հետո չարացած էիք մարդկանց, հայրենիքի, աշխարհի նկատմամբ: Այդ պահերին Ձեր կողքին ունեի՞ք մեկին, ով հոգեպես կսատարեր Ձեզ: Առհասարակ, սոցցանցերում թողած Ձեր գրառումներից այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Դուք մշտապես միայնակ եք:
-Այդ ամիսներին ես դժոխքի միջով եմ անցել, մենակություն եմ զգացել: Կային հազվագյուտ մարդիկ, որոնք ֆինանսապես օգնեցին ինձ` Գրիգոր Դանիելյանը, Արմեն Պետրոսյանը. նրանց շատ շնորհակալ եմ: Բայց ընդհանուր առմամբ ես լիովին միայնակ եմ եղել, մարդկանց հետ շփման կարիք կար, որը ես չունեի: Միայնակ դուրս եմ եկել այդ վիճակից:
-Իսկ ընտանիքի անդամնե՞րը…
-Ոչ, խոսքը նրանց մասին չէ. նրանք իմ կողքին են եղել:
-Իսկ հիմա, երբ գործազուրկ եք, ֆինանսական առումով Ձեզ համար դժվար չէ՞, օգնողներ ունե՞ք: Ի՞նչ եք մտադիր անել:
-Օգնողներ, միանշանակ, չունեմ. բոլոր դժվարություններն իմ ուսերին են: Դե, Աստված մի ճանապարհ կբացի, կամ էլ, երեւի, վերջնականապես կփոխեմ աշխատանքս, դեռ չգիտեմ… Գուցե իմ երկրորդ մասնագիտությամբ զբաղվեմ, երաժշտության ոլորտ մուտք գործեմ: Ինքս կոնսերվատորիայի սան եմ, երգեր եմ գրում, հիմնականում` ջազային: Գուցե սկսեմ երգել… Տեսնենք:
-Եղե՞լ է, որ ընտանիքի անդամները խրախուսեն հետ կանգնել դերասանի Ձեր մասնագիտությունից:
-Շատ է եղել, որ ասել են` տեսնո՞ւմ ես՝ Հայաստանում քո մասնագիտությունը չի գնահատվում ինչպես հարկն է…
-Իսկ կին-տղամարդ հարաբերություններում ո՞ր խնդրին եք բախվել: Ինքներդ էմոցիոնալ անձնավորություն եք. դա Ձեզ չի՞ խանգարել:
-Այդ հարաբերություններում ամենակարեւորը անկեղծությունն է, հարգանքն ու սերը: Ես կուզենայի ավելի սառնասիրտ լինել, ամեն բան սրտիս մոտ չընդունել, այդքան էմոցիոնալ չլինել, բայց ես այնքան «սնդիկ» բնավորություն ունեմ, երբեմն մեկ ձեռքով ուզում եմ տասը ձմերուկ բռնել… Իսկ, առհասարակ, մարդկային հարաբերություններում ես ինքս նվիրվող տեսակ եմ, բայց նույն վերաբերմունքը փոխադարձաբար չեմ ստանում կամ շատ քիչ եմ ստանում…
-Կուզենա՞ք` Ձեր երեխաներն էլ Ձեր ոլորտն ընտրեն:
-Երեխաներիցս մեկը համակարգչային ծրագրերով է հետաքրքրվում, մյուսը` պարով: Երբ տղաս փոքր էր, ուզում էր իմ ուղին բռնել, բայց որ անկեղծ լինեմ` ինքս չեմ ուզենա, որ նա դերասան դառնա Հայաստանում: Այստեղ այդ մասնագիտությանը լուրջ չեն մոտենում, իսկ ես չեմ ուզում, որ նա միջակություն լինի, սերիալների` փողոցից բռնած դերասան դառնա: Բայց թե ինչպես կդասավորվի նրանց կյանքը, ժամանակը ցույց կտա:

 

 

 

ՈՐՏԵ՞Ղ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԿՀԱՆԳՍՏԱՆԱՆ ՀԱՅՏՆԻՆԵՐԸ. ՄԱՍ 3

«Ժողովուրդ»-ը շարունակում է ամառային տրամադրությանը զուգընթաց քայլել` ներկայացնելով, թե հայ հայտնիներից ովքեր որտեղ եւ ինչպես են պատրաստվում անցկացնել իրենց հանգիստը:

Հայտնի պարուհի Սոֆի Դեւոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր կյանքի ընթացքում հասցրել է ողջ աշխարհով շրջագայել, եւ միայն Իտալիան է, որտեղ իրեն չի հաջողվել լինել. «Հնդկաստանից մինչեւ Աֆրիկա եւ Լատինական Ամերիկա եղել եմ, Եվրոպայի երկրների հայտնի քաղաքներում շրջել եմ, սակայն Իտալիան «սպրդել» է ոտքիս տակից: Որոշել եմ նշել բեմում իմ գործունեության 50-ամյակն ու ուղեւորվել այնտեղ: Տեսնենք` ինչպես կստացվի»,- ասաց նա:
Սոֆի Դեւոյանի խոսքով` ինքն ակտիվ հանգստի սիրահար է: Նա հիշեցրեց, որ գիմնաստ է, ինչը ենթադրում է ակտիվ կենսաձեւ «Եթե գնում եմ հանգստանալու, պարտադիր պետք է լողամ, ջրային խաղեր խաղամ, բացի այդ` ազարտ եմ շատ սիրում: Հաճախ ամուսնուս հետ գնում եմ ակումբներ` ազարտային խաղեր խաղալու նպատակով: Ինձ համար շատ կարեւոր է նաեւ, թե ում հետ եմ գնում հանգստի. իմ կողքի մարդիկ պետք է հետաքրքիր լինեն»,-եզրափակեց նա:
Երգչուհի Լենա Ղազարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը եւս ակտիվ հանգստի կողմնակից է: «Այս տարի գործերս շատ են, cover տարբերակներով երգերի ալբոմ եմ կազմում: Աշխատանքներն ավարտելուց հետո կհանգստանամ, կարծում եմ` Հայաստանի քաղաքներից որեւէ մեկը կընտրեմ, հավանաբար Դիլիջանը: Առհասարակ, ես շատ կտրուկ կերպով եմ որոշումներ կայացնում, այնպես որ, չեմ կարող ասել, թե վերջին պահին մտքովս ինչ կանցնի»,-նշեց Լենան:
Նրա խոսքով` ինքը նախորդ տարի երկու ամսով մեկնել է ծովափնյա հանգստի, որն իրեն ձանձրացրել է. «Այնպես որ, որոշել եմ այս տարի հրաժարվել հանգստի այդ տեսակից»,-ասաց նա` հավելելով, որ հանգստի է մեկնելու ընտանիքի հետ: Իսկ, առհասարակ, Լենան շատ է սիրում ժամանակ անցկացնել ակտիվ եւ ուրախ մարդկանց շրջապատում:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 
ՆՈՐՈՎԻ ՄԱՏՈՒՑՈՒՄ
Դասական երաժշտությունը մատչելի, հաճելի եւ ժամանցային ձեւի մեջ մատուցելու նպատակով նոր նախագիծ է իրականացվում: «ԱԶԴ» ընկերության նախաձեռնությամբ հայ դասական երգիչները կմիավորվեն` կատարելու հայտնի եւ սիրված ստեղծագործություններ ինչպես մեծ բեմերից, այնպես էլ ակումբային ֆորմատում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Օպերա վիվա» նախագծի նպատակն է հասարակությանն ավելի մոտեցնել որակյալ երաժշտությանը: Ներառելով նաեւ շոուի տարրեր` հանդիսատեսին կմատուցվեն ստեղծագործություններ, որոնք այսօր գրեթե չեն հնչում մեր երկրի բեմերից: Մասնակիցները միջազգային եւ հանրապետական մրցույթների դափնեկիրներ են, հանդես են գալիս ակտիվ երաժշտական գործունեությամբ: Նախագծի մասնակիցներն են տենոր Հայկ Թոնգուրյանը, սոպրանոներ Ալին Գոյանը եւ Հասմիկ Հարությունյանը, բարիտոն՝ Վիգեն Ահարոնյանը, բաս՝ Խաչիկ Բեկյանը: Ծրագրում ընդգրկված են հայտնի դասական ստեղծագործություններ, նեոպոլիտանական եւ իտալական երգեր, ռուսական եւ հայկական սիրված ռոմանսներ, Կոմիտասի երգերից պոպուրի, հանրահայտ օպերային արիաներ: «Օպերա վիվա» նախագծի առաջին համերգը կկայանա հուլիսի 9-ին:

 

ՌԻՉԻՆ ԱՌԱՋԱՏԱՐ Է
«Գլասթոնբերի» փառատոնի շրջանակներում ելույթ ունենալուց հետո Լայոնել Ռիչին տարվա ընթացքում առաջին անգամ գլխավորել է բրիտանական վարկանիշային աղյուսակը: The Commodores սոուլ-խմբի հետ ձայնագրված The Definitive Collection սկավառակը 103 տեղով առաջ է անցել եւ հայտնվել առաջատարի դիրքում:
«Ես շատ երջանիկ եմ, որ իմ երկրպագուների շնորհիվ հայտնվել եմ առաջին տեղում: Մեծ Բրիտանիան միշտ էլ յուրահատուկ է եղել ինձ համար»,-ասել է Ռիչին:

 

ԳԱՂՏՆԻ ԱՄՈՒՍՆԱՑԵԼ ԵՆ
Հոլիվուդյան հայտնի դերասաններ Էշթոն Քաթչերը եւ Միլա Կունիսը հանգստյան օրերին ամուսնացել են: Ընդ որում, այս մասին ոչ ոք չի իմացել. լուրը պահվել է գաղտնի: People-ի փոխանցմամբ` 37-ամյա դերասանն ու նրա 31-ամյա կինը մեծ աղմուկ բարձրացնելու եւ իրարանցում ստեղծելու սիրահար չեն:
Նշենք, որ դերասանները մտադիր են երկրորդ երեխան ունենալ: Զույգի առաջնեկը` Ուայաթ Իզաբել Քաթչերը, լույս աշխարհ է եկել 2014-ի հոկտեմբերին:




Լրահոս