
Ռուս բիզնեսմեն Գերման Ստերլիգովը ներկայացրել է, թե ինչ պատճառով է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ զրույցում նա պատմել է, որ իր ընտանիքի հասցեին բազմաթիվ սպառնալիքներ են ստացվել:
«Դրանք պատվիրված գործեր են, ցանկանում են ոչնչացնել ինձ և իմ ընտանիքը: Այդ պատճառով էլ ես գերադասեցի գալ այստեղ», – պատմել է նա, հավելելով, որ իրեն ոչնչացնելու համար բազմաթիվ տարբերակներ կան:
Ստերլիգովի խոսքով, սկզբում նա որոշել էր հաստատվել Լուգանսկի ազգային հանրապետությունում: «Ես նայեցի նրանց ղեկավարությանը, ինձ դուր չի գալիս իրենց քաղաքականությունը, այդ կարմիր դրոշները», – ընդգծել է բիզնեսմենը, հավելելով, որ արդյունքում որոշեց հաստատվել ԼՂՀ-ում:
«Ղարաբաղը մատչելի ապրանքների աղբյուր կարող է լինել ռուսական քաղաքների համար: Այստեղ այնքան տարբեր մրգեր և բանջարեղեն կա, որոնք կարելի է վերամշակել և տանել Ռուսաստան: Այստեղ կարելի է պատրաստել օգտակար հյութեր, գինի և, եթե Մոսկվայում այդ ամենը փորձեն, ապա այլևս երբեք չեն օգտվի այժմ մատուցվող քիմիայից», – վստահաբար նշել է նա: