ՍԻՐՈՒՇՈՅԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրուշոյի վերջին` «Պրեգոմեշ» երգը մեծ իրարանցում առաջացրեց: Սիրուշոն, այսպես ասած, «ռեմիքս» է արել Կոմիտասի ստեղծագործությունը, սակայն բառերը, չգիտես ինչու, գրել է Ավետ Բարսեղյանը: Ոմանց այն շատ դուր եկավ, ոմանք էլ կարծիք հայտնեցին, թե երգչուհին աղավաղել է ամբողջ երգը: Ներկայացնում ենք Սիրուշոյի պատասխանը բոլոր դրական եւ բացասական կարծիքներին.
«Կյանքը մեզ ամեն քայլափոխի տալիս է ոգեշնչվելու հնարավորություն, պարզապես պետք է նկատել այդ պահերը: Վերջերս, երբ Կոմիտաս էի լսում, «Լոռվա գութաներգ»-ի մեջ ինձ մի հատված այնքան ոգեշնչեց, որ մի ակնթարթում մտովի լսեցի իմ նոր վերջնական երգը եւ պատկերացրեցի տեսահոլովակը: Հիմա պետք էր այս ամենը հերթականությամբ իրականացնել, իսկ ինձ մոտ այդ հերթականությունը չի սահմանափակվում գործիքավորում, խոսքեր եւ ձայնագրում պրոցեսով: Սկսեցի ուսումնասիրել «Լոռվա գութաներգ»-ի հետ կապված գրեթե բոլոր նյութերը, ընթերցեցի Կոմիտասի գրած վերլուծությունը այս երգի շուրջ, հանդիպեցի մարդկանց, ովքեր քաջածանոթ են վարպետի ստեղծագործություններին եւ դրանց ծագմանը: Նաեւ մասնագետների, ովքեր առհասարակ դեմ են Կոմիտասի երաժշտության ժամանակակից ներկայացմանը, եւ փորձեցի հասկանալ` ինչու: Չնայած նրան, որ չէի պատրաստվում նորովի ներկայացնել Կոմիտասի աշխատանքը, այլ այն ուղղակի իմ ոգեշնչման աղբյուրն էր հանդիսացել, ամեն դեպքում ինձ համար շատ կարեւոր էին բոլոր ուսումնասիրություններս: «Լոռվա գութաներգ»-ում նկարագրվում է, թե ինչպես է հողի մշակը իր երգով ոգեւորում գոմեշին, գութանը կապած լծին հողն է հերկում: Այս թեման հայերի մեջ ունեցել է մեծ համարում, փառաբանվել ու գովերգվել հորովելներում եւ ժողովրդական այլ ստեղծագործություններում: Երգիս երաժշտությունը եւ ռիթմը աշխարհի այսօրվա զարկերակի եւ ներվի արտահայտումն է: Որքան էլ մոտ լինեմ արմատներիս, չեմ ուզում անտեսել այն ժամանակը եւ իրականությունը, որի մեջ ապրում եմ: Եթե անգամ այն անվանենք ակումբային, պարային, ապա ես այսպիսին եմ պատկերացնում հայկական ակումբային երաժշտությունը, որ որքան էլ ժամանակակից լինի,  հիմնված լինի հայկական հիմքերի վրա եւ ասելիք ունենա:
Երգի խոսքերն այս դեպքում ինձ համար հատկապես կարեւոր էին, քանի որ ասելիք ունեի, այնքան շատ ասելիք, որ միտքս խոսքիս հերթ չեր տալիս: Հասկացա, որ ինձ հետ գաղափարս կարող էր կիսել եւ միտքս ճիշտ տեղ հասցնել միայն իմ տաղանդավոր ընկերը՝ Ավետ Բարսեղյանը:
Խոսքս տեղ հասցնելու համար ինձ պետք է օգներ երգիս հերոսը՝ գոմեշը: Գոմեշը, որը խորհրդանիշ է աշխատասիրության, որը համառ եւ համբերատար իր ուսերին է կրել իր բեռը: Այսօր աշխարհը լի է վայրագությամբ, չարությամբ, արժեքներ ու արժանապատվություն կորցրած բազմերեսանի մարդկանցով: Իմ երգն իմ բողոքն է այս ամենի դեմ եւ գովաբանումն է այն մարդու, ով ազնիվ ու արդար է ինքն իր առջեւ ու իր քայլերի մեջ, ով ինչպես երգիս հերոսը` լուռ եւ պատվով իր բեռն է տանում ու երբեք չի բողոքում ու չի հանձնվում. նա հերոս է…»:




Լրահոս