Օրերս Razm.Info կայքում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ 2013թ-ին Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը իտալական Hacking Team հաքերային գործիքներ արտադրող ընկերությունից 320 հազար ԱՄՆ դոլարով գնել է համակարգիչները գաղտնի հեռակառավարելու բարդ ծրագիր, որով կարող էր հետեւել ոչինչ չկասկածող մարդկանց համակարգիչներին, ինչպես նաեւ՝ դրանց միկրոֆոնների ու տեսախցիկների միջոցով՝ հենց օգտվողներին: Բացի այդ, ծրագրի Android օպերացիոն համակարգի համար նախատեսված տարբերակը կարողանում է գաղտնալսել եւ ձայնագրել հեռախոսի տիրոջ խոսակցությունները: Ուշագրավ է, որ ըստ կայքի` ադրբեջանական կողմը գործարքը վերաթարմացրել է ընդամենն օրեր առաջ` հունիսի 30-ին, ինչից հետեւում է, որ ադրբեջանցիները շարունակում են օգտագործել այս ծրագիրը:
Տեղեկատվական անվտանգության մասնագետների գնահատմամբ` սա բավականին լուրջ լրտեսական համակարգ է, որի գործարկումը Ադրբեջանի իշխանություններին անհրաժեշտ կարող էր լինել ինչպես ներքին` ընդդիմադիր գործիչներին գաղտնալսելու, այնպես էլ արտաքին ճակատում` լրտեսական գործունեություն ծավալելու համար ՀՀ-ում: Բնականաբար, մեզ առավել հետաքրքրում է այս վերջինը, եւ հատկապես այն, թե որքանով են ունակ Հայաստանի հատուկ ծառայությունները արգելափակել այդ ծրագրի կիրառությունը ՀՀ-ում: Այս հարցի հետ կապված, չնայած վերջին տարիներին նշմարվող առաջընթացին, առկա են շատ խորը մտահոգություններ, մանավանդ, եթե հիշում ենք, որ հայրենի ԱԱԾ-ի վերջին շրջանի ադրբեջանական լրտեսական ամենամեծ «բացահայտումները» «Օդնոկլասնիկի» սոցցանցում կեղծ օգտատերերի միջոցով ՀՀ քաղաքացիների հետ տարվող նամակագրությունների մակարդակում էին:
Ու թեեւ նշվեց, որ ադրբեջանցիները տեւական ժամանակ չեն կարողացել շահագործել այս խիստ թանկարժեք եւ նորարարական լրտեսական ծրագիրը, դատելով նույն աղբյուրի հրապարակած տեղեկատվությունից, որ իտալական ընկերության մասնագետները պարբերաբար այցելել են Ադրբեջան` «ինստրուկտաժ» անելու ազերի հաքերներին, կարելի է ենթադրել, որ ներկայումս այդ համակարգը լիարժեք օգտագործվում է: Ըստ մասնագետների՝ տեսականորեն ՀՀ յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյայի համակարգիչ կամ հեռախոս կարող է հայտնվել ադրբեջանցի հաքերների թիրախում: Եվ եթե հանկարծ մեր «փառապանծ» ԱԱԾ-ն խափանած լիներ նման որեւէ ներթափանցման փորձ, կարելի է չկասկածել, որ այդ մասին ԱԱԾ լրատվության բաժինը մի հսկայածավալ հաղորդագրություն կտարածեր:
Ուստի ԱԱԾ ներկայիս լռությունը ոչ թե լրտեսման փորձի, այլեւ այն կանխելուն ուղղված հաջող քայլերի բացակայության մասին է խոսում: Ինչը, սակայն, ամենեւին զարմանալի չէ մեր ԱԱԾ-ի դեպքում, որի աշխատակիցներն ունեն շատ ավելի «կարեւոր» գործառույթ. բաց նամակներով հակադարձել իրենց «շեֆին» քննադատել համարձակված նախկին աշխատակիցներին: