Արդյոք Հայաստանը կօգտվի՞ Իրանի ապամեկուսացումից. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի միջուկային ծրագրի հարցով Վիեննայում 18 օր ընթացող բանակցություններն ավարտվեցին: Երեկ հայտնի դարձավ, որ Մեծ Վեցնյակը եւ Իրանը եկել են վերջնական համաձայնության, ինչի շուրջ աշխատանքները թեւակոխել էին հանգուցային փուլ` այս տարվա ապրիլի 2-ին Լոզանում ձեռք բերված պատմական համաձայնությունից հետո: Իրանի ապամեկուսացումը բոլորովին նոր աշխարհաքաղաքական իրավիճակ է ստեղծում, որը էական փոփոխություններ է ներմուծելու ինչպես համաշխարհային քաղաքական եւ տնտեսական համակարգերում, այնպես էլ մեր տարածաշրջանում եւ կոնկրետ հայ-իրանական հարաբերություններում:

Հատկապես վերջինի հետ կապված ոչ միանշանակ փոփոխությունների պետք է սպասել, քանի որ Իրանի ապամեկուսացումը մի կողմից նոր հնարավորություններ է ստեղծում հայ-իրանական տնտեսական հարաբերությունների խորացման համար, այդ թվում եւ այնպիսի գլոբալ տնտեսական նախագծերում, ինչպես իրանական էներգակիրները դեպի Եվրոպա հասցնող տարանցիկ խողովակաշարերի կառուցումն է:

Մյուս կողմից, սակայն, սրանից հետո զգալիորեն նվազում է ՀՀ-ի նշանակությունը Իրանի համար, քանի որ եթե մինչ այս պատժամիջոցների տակ գտնվող մեկուսացված մեր հարեւանի համար ՀՀ-ն կարեւոր պատուհան էր դեպի արտաքին աշխարհ, ապա հիմա այլեւս այդ պատուհանի կարիքը չկա, քանի որ սահմանափակող պատերն ինքնին փլուզվում են, եւ այսուհետ Իրանն այլեւս ազատ է իր հաղորդակցություններում եւ տնտեսական հարաբերություններում տարածաշրջանի ցանկացած երկրի հետ, ինչը նշանակում է, որ Հայաստանը պետք է լրացուցիչ ջանքեր գործադրի` իր կարեւորությունը եւ նախապատվելիությունը պահպանելու համար:

Ունենք մենք արդյոք համապատասխան ռեսուրսներ` այո, միանշանակ ունենք: Թե՛ զուտ աշխարհագրական դիրքը, թե՛ տարբեր էթնիկ-քաղաքական գործոններ հանդես են գալիս հօգուտ ՀՀ-ի` ապագայի հնարավոր խոշորածավալ տարանցիկ ծրագրերը հենց մեր երկրի տարածքով իրականացնելու համար: Այս հարցում լրացուցիչ դրական ազդեցություն կարող է ունենալ Չինաստանի շահագրգռությունը Մետաքսի ճանապարհով գլոբալ հաղորդակցուղիների կառուցման շուրջ, ինչի հետ կապված, եթե հիշում ենք, այս տարվա մարտի վերջին Սերժ Սարգսյանի` Չինաստան կատարած այցի ընթացքում շատ լուրջ եւ խոստումնալից համաձայնագրեր ստորագրվեցին: Եվ պատահական չէ, որ դրանից հետո Ս. Սարգսյանը ԵՏՄ բոլոր գագաթնաժողովներում խոսում է եվրասիական տնտեսական ծրագրերում Իրանի եւ Չինաստանի լայնածավալ ներգրավման անհրաժեշտության մասին` այդպիսով փորձ անելով մեղմել ՌԴ-ի հնարավոր հակազդեցությունը հայ-իրանական առաջիկա ծրագրերին:

Ամեն դեպքում, Իրանի վերադարձը միջազգային տնտեսական հարթակ մեզ համար ավելի շատ նոր հնարավորություններ, քան մարտահրավերներ է ստեղծում, եւ ճշգրիտ քաղաքականություն տանելու դեպքում ՀՀ-ն կարող է դրական պտուղներ քաղել եւ շեշտակիորեն մեծացնել իր տնտեսական եւ քաղաքական անվտանգության աստիճանը:




Լրահոս