ԲԱՔՈՒՆ ԵՎՐՈԽԱՂԵՐԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ Է, ԻՍԿ ՄԵ՞ՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 12-ին Հռոմում կայացել է Եվրոպայի օլիմպիական կոմիտեի 41-րդ վեհաժողովը: Դրա ընթացքում տեղի է ունեցել առաջին ամառային եվրոպական խաղերի մայրաքաղաքի ընտրության քվեարկությունը, եւ քանի որ միակ հավակնորդը եղել է Ադրբեջանը, Հայաստանի պատվիրակությունը նախապես հայտարարություն է արել ու չի մասնակցել քվեարկությանը: Նշենք, որ Բաքուն եղել է եվրոպական խաղերի մայրաքաղաք դառնալու միակ հայտատուն եւ փակ, գաղտնի քվեարկությամբ (38 կողմ, 8 դեմ, 2 ձեռնպահ) ընտրվել եվրոպական խաղերի անցկացման մայրաքաղաք: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հետ:
-Պարո՛ն Ռոստոմյան, այդ ինչպե՞ս եղավ, որ եվրոպական խաղերի մայրաքաղաքի միակ թեկնածուն Բաքուն էր: Ո՞ւր էիք Դուք:
-Դա այնտեղ՝ Հռոմում ներկաների խնդիրը չէր, որ Բաքուն էր միակ թեկնածուն, այլ պարզապես Բաքուն էր միակ հայտը ներկայացրել: Դե մենք էլ հանդես եկանք եւ հայտարարեցինք, որ այդ ընտրություններին չենք մասնակցի, եւ այդքանով սահմանափակվեց այդ գործընթացը:
-Իսկ մյուս պետություններն ինչո՞վ էին պատճառաբանում իրենց՝ հայտ չներկայացնելու դիրքորոշումը:
-Դա արդեն հարցի էության հետ կապ չունեցող բան է: Պետք է ասեմ, որ եվրոպական խաղերը դեռ չկայացած ինչ-որ միջոցառում է, ոչ մեկ չի հասկանում, դա ուղղակի եվրոպական օլիմպիական կոմիտեից, այսպես ասած, PR ակցիա է, դեռ մեծ խնդիրներ ունի, եւ դեռ հարց է՝ այդ խաղերը կկայանան, թե ոչ: Այդ խաղերի անցկացման առումով շատ մասնագիտական խնդիրներ կան, իսկ առջեւում էլ դեռ երկու տարի կա: Իսկ մյուս երկրների չմասնակցության առումով չեմ կարող ոչինչ ասել: Մի շարք երկրներ, օրինակ՝ Իտալիան, Գերմանիան, դեռ չեն հասկացել եւ չէին կարողանում հասկանալ այս խաղերի անցկացումը:
-Այսինքն՝ այս ամենը շոո՞ւ է:
-Չեմ ցանկանում այդպես որակել, բայց կան դեռ շատ հարցեր, թե այդ օլիմպիական խաղերը ինչ կերպ են ընթանալու:
-Ի՞նչն է պատճառը, որ Հայաստանը մասնակցելու հայտ չի ներկայացրել:
-Դա կթողնեմ առանց մեկնաբանության:
-Ինչո՞ւ, ի՞նչն է խանգարում:
-Եկե՛ք թողնենք, այսքանով սահմանափակվենք:
-Այսինքն՝ միայն քվեարկությանը չմասնակցելով՝ Ձեր որոշումը համարում եք արդարացվա՞ծ:
-Ես կարծում եմ՝ Ձեր բոլոր հարցերին պատասխանեցի:
-Վեհաժողովի օրակարգում ընդգրկված են եղել նաեւ բազմաթիվ այլ հարցեր: Քննարկվել են Լոնդոնում ամռանը տեղի ունեցած օլիմպիական խաղերի արդյունքները: Ձեզ գոհացրի՞ն Լոնդոնի օլիմպիական խաղերի արդյունքները:
-Ընդհանուր առմամբ բավարար եւ լավ եմ գնահատում այն: Ճիշտ է, առանձին մարզաձեւերում ունեցանք բացառումներ, որի շուրջ մենք այս չորս ամիսների ընթացքում ունեցել ենք քննարկումներ: Կշտկենք այդ բացթողումները եւ 2016-ին ավելի լավ կմասնակցենք: Սպորտը սիրում է թվեր եւ փաստեր:
-Ճիշտ է, Դուք գոհ եք, բայց շատերը քննադատեցին օլիմպիադայի արդյունքները, ավելին, հրաժարական տվեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը:
-Առողջ քննադատությունը մենք ընդունում ենք ի գիտություն եւ շնորհակալություն ենք հայտնում, իսկ պոպուլիստական հայտարարությունները, որոնք կողքից են արվում, անողները չգիտես ինչի համար են անում: Միայն քննադատելով պետք չէ օժանդակել: Մի խոսքով, դա անցած թեմա է, ես չեմ ցանկանում անդրադառնալ, քանի որ ես իմ գնահատականը հստակ ասացի:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս