Armenian text to speach

ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարում իր ելույթը կառուցելիս հավանաբար որոշել էր շարժվել հայտնի ասացվածքի տրամաբանությամբ. «Երբեք այդքան չեն ստում, որքան պատերազմի ժամանակ, որսից հետո եւ ընտրություններից առաջ»: Խոստովանենք՝ դա նրան հաջողվել էր: Ընդ որում, հաջողվել էր բավական լավ, որովհետեւ նրա հռչակած «ապահով Հայաստանը» որեւէ աղերս չունի իրականության հետ:
Օրինակ՝ Սերժ Սարգսյանն իր ելույթում հայտարարել է. «Մենք սկսել ենք քայլ առ քայլ դեպի լուսանցք տեղափոխել երկրում տասնամյակներ շարունակ արմատներ ձգած կոռուպցիան ու չարաշահումները»: Թե որքանով է իշխանություններին հաջողվել կոռուպցիան տեղափոխել լուսանցք, վկայում են միջազգային հեղինակավոր կազմակերպությունները: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության՝ դեկտեմբերի սկզբներին հրապարակած զեկույցի համաձայն՝ ՀՀ-ն կոռուպցիայի մակարդակով 176 երկրների շարքում կիսում է 105-112-րդ տեղերը՝ Ալժիրի, Բոլիվիայի, Կոսովոյի, Մալիի, Մեքսիկայի եւ Ֆիլիպինների հետ միասին: Ու եթե 2011 թվականի զեկույցում Հայաստանում կոռուպցիայի ցուցանիշը 2.6 էր, ապա այս տարի այն մի փոքր ավելացել է՝ դառնալով 2.7: Կոռուպցիայի դասական օրինակ էր նաեւ ԱԺ ընտրությունների ժամանակ տեղի ունեցածը, երբ ընտրակաշառքը բաժանվում էր մասսայականորեն:
Սերժ Սարգսյանն իր ելույթում նաեւ հայտարարել է. «Մենք կարողացել ենք Հայաստանը դարձնել գործարարի համար անհամեմատ ավելի գրավիչ ու ներդրումների համար անհամեմատ ավելի հուսալի երկիր»: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, սակայն, վկայում են բոլորովին այլ իրավիճակի մասին. գործարարի համար գրավիչ ու հուսալի երկրում պարզապես նվազել են օտարերկրյա ներդրումների ծավալները: Ըստ «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2012թ. հունվար-հոկտեմբերին» վերնագրով զեկույցի. «2012թ. հունվար-սեպտեմբերին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը կազմել է 391.1 մլն դոլար, որը 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 35.2%-ով»: Բացի այդ, այս տարիներին իշխանության բարեհաճությունը չվայելող գործարարներն իրենց բիզնեսը տեղափոխել են Հայաստանից դուրս, հիմնականում՝ Վրաստան:
Ս. Սարգսյանը համագումարի ժամանակ նաեւ ասել է. «Մենք կարողացել ենք Հայաստանը դարձնել մարդու համար անհամեմատ ավելի հարմարավետ ու ապահով երկիր: Շատ ավելին պետք է անենք»: Թե որքանով է Ս. Սարգսյանի իշխանությունը Հայաստանը դարձրել հարմարավետ ու ապահով երկիր, վկայում է ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի ու Վարդան Օսկանյանի առանձնազրույցի գաղտնալսման ու ձայնագրության հրապարակման փաստը:
Ս. Սարգսյանի ելույթի ուշագրավ հատվածները, սակայն, այսքանով չեն ավարտվում: «Մեր բոլոր քայլերն ուղղված են դեպի մարդը: Դեպի հայաստանցին: Մեր բոլոր ջանքերը մարդու համար են, մեր հայրենակիցների, նրանց բարօրության համար: …Այս ամենով հանդերձ, ապահով Հայաստանի կարեւորագույն հիմքը ապահովված ընտանիքներն են»,-ասել է նա: Սա, թերեւս, կարելի է համարել Ս. Սարգսյանի ելույթի ամենամեծ սուտը: Միգրացիոն ծառայության պաշտոնական վիճակագրության համաձայն՝ վերջին 11 ամսում երկրից մեկնել ու չի վերադարձել 71 հազար 374 մարդ: Ինչ վերաբերում է ապահովված ընտանիքների մասին Ս. Սարգսյանի հայտարարությանը, ապա դա եւս հեքիաթների ժանրից է: ԱՎԾ-ի՝ «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը 2012թ.» վերնագրով զեկույցի մեջ ասված է. ՀՀ-ում աղքատության ցուցանիշը կազմում է 35 տոկոս (ի դեպ, 2008թ., մինչեւ Ս. Սարգսյանի պաշտոնավարումը, աղքատության ցուցանիշը կազմել է մոտ 17 տոկոս): Ավելին, այս ընթացքում ավելացել է ծայրահեղ աղքատների թիվը, 2011թ.-ին՝ մոտ 23 հազարով:
«Ճգնաժամի պայմաններում մենք կարողացանք զսպել էլեկտրաէներգիայի, գազի ու ջրի սակագների աճը»,-սա էլ Ս. Սարգսյանի հերթական սուտը: Պարզվում է՝ այս ընթացքում գազի սակագինը աճել է. ըստ ՀՀ ՊԵԿ տվյալների՝ 2012թ. երրորդ եռամսյակում ՌԴ-ից ՀՀ ներմուծվել է մոտ 304.6 միլիոն խորանարդ մետր բնական գազ, որի մաքսային արժեքը կազմել է ավելի քան 74.4 միլիոն ԱՄՆ դոլար: Եթե նշված գինը բաժանում ենք ներմուծված գազի ծավալի վրա, ապա ստացվում է, որ հազար խորանարդ մետր բնական գազը 2012-ի հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ն ՌԴ-ից ներմուծել է ավելի քան 244 ԱՄՆ դոլարով՝  նախկին 220-ի փոխարեն: Իսկ սակագնի բարձրացումը ՀՀ քաղաքացիներն իրենց մաշկի վրա չեն զգացել, որովհետեւ «Հայռուսգազարդ»-ի Հայաստանի բաժնեմասը, որն ընդհանուր սեփականության 20%-ն է, կառավարության որոշմամբ վաճառվել է ՌԴ-ին 63 մլրդ դրամով:
Հակասությունների այս շարքը կարելի է դեռ երկար թվարկել: Սակայն սրանք բավարար են՝ հասկանալու համար պարզ ճշմարտությունը. Ս.Սարգսյանը պարզապես խաբում է ժողովրդին: Ու խաբում՝ անամոթաբար:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ



Լրահոս