ՃՇՏԻ ԿՈՂՔԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կուսակցությունների «ցուցատախտակում» ընդգրկված կուսակցություններից մեկը դեռեւս հստակ պատկերացում չունի, թե քաղաքական դաշտի որ բեւեռում է: «Ազգային Համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ հանդիպեց կուսակցության գրասենյակում: Պարոն Հարությունյանն ասաց, որ կուսակցության գրասենյակը գտնվում է «Փավստոս Բյուզանդի 1/3 հասցեում, ընդունված է ասել` Կենտրոնի Հարկայինի շենքում: 7 հարկանի շենքի 8-րդ հարկում` տանիքի տակ, էսպես է բացատրվում»: Երեւան քաղաքում դա կուսակցության միակ գրասենյակն է, սակայն պրն Հարությունյանի խոսքերով. «Ընտրությունների ժամանակ մենք մարզերում եւ Երեւանում վարձակալում ենք  գրասենյակներ»: Մեր այն հարցին, թե կուսակցությունը ինչպե՞ս է պահվում, ի՞նչ ֆինանսների միջոցով, կուսակցության նախագահն ասաց. «Մեր կուսակցությունը հիմնականում պահվում է անդամավճարների, համակիրների նվիրատվությունների միջոցներով»: Պարոն Հարությունյանը բացատրեց, որ «այսօր Հայաստանում շատ դժվար ա, եթե իշխանական կուսակցություն չես կամ դրսից լուրջ աջակցություն չունես, իրոք դժվար ա: Մեր մոտ կարող ա մարդուն 10 անգամ տանեն, հյուրասիրեն, բայց 100 դոլար չեն ուզում տալ քաղաքականության համար, որովհետեւ միշտ ցանկանում են որեւէ քաղաքական ուժի հետ կապ չունենալ: Ընդհանրապես դա Հայաստանում ընդունված  բան է»: 2012 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը մասնակցելու է, սակայն կուսակցության ղեկավարը փաստեց, որ պարզ չէ դեռ, թե ինչ ձեւաչափով: «Ես գտնում եմ, որ կուսակցություններն ընդհանրապես պարտավոր են մասնակցել ընտրություններին: Կուսակցության խնդիրը քաղաքական կամքի ձեւավորումն է ու, ասենք` քո տեսակետը, մոտեցումները ներկայացնելը: Մենք բոլոր ընտրություններին մասնակցել ենք, ներկայացրել ենք մեր ծրագրերն ու գաղափարախոսությունները»: ԱՀԿ նախագահը փաստեց, որ իրենց կուսակցության անդամների թիվը «մոտավորապես 5 հազարի կարգի է: Մեզ մոտ, ցավոք սրտի, կուսակցականություն ասվածը մի փոքր սխալ են հասկանում, մեզ մոտ ասում են` դառնամ էտ կուսակցության անդամ, որ պաշտոն ստանամ, կամ էլ տոմսերը երբեմն օգտագործում են արտասահման գնալու համար կամ խնդիրները հեշտ լուծելու նպատակով:  Մեզ համար կարեւոր  է, որ կուսակցության անդամը հարի տվյալ կուսակցության գաղափարախոսությանը»:Կուսակցությունն, ըստ ղեկավարի` «իր տեղում է: Գիտեք ի՞նչ, մենք նայած թե ո՞ր հարցին ենք ընդդիմադիր կամ դիմադիր, որոշ հարցերին կարող ենք կողմ լինել ընդդիմության հետ, իսկ մյուս հարցով միակարծիք լինել իշխանության հետ: Մեզ համար կարեւոր չի, թե ո՞վ ա ասում կամ ո՞վ ա անում, մեզ համար կարեւոր է, որ ճիշտ լինի»: ՍՈՆԱ  ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս