Դեռ 90-ականներից «շուխուր էին գցել», թե ես սեքս-սիմվոլ եմ. Գրիշա Աղախանյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաղորդավար, շոումեն, երգիչ Գրիշա Աղախանյանն այժմ աշխատում է սթենդ-ափ ներկայացման վրա, որն առաջիկայում կհանձնի հանդիսատեսի դատին: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոսել է իր ոլորտին առնչվող թեմաներից, անդրադարձել է նաեւ անձնական կյանքին:

-Գրիշա՛, եղել եք բազմաթիվ հեռուստանախագծերի հաղորդավարը եւ պրոդյուսերը, որպես շոումեն կարողացել եք կերտել Ձեր տեսակը, հեռուստադիտողներից շատերն այսօր էլ հիշում են եթերում հնչեցրած Ձեր wow-ները, ի՞նչ եք կարծում` այսօր Հայաստանում որակյալ շոուներ կա՞ն, այդ ոլորտում վառ անհատականություններ նկատո՞ւմ եք:

-Շատ երեխեք կան, որ տեսնում եմ, զգում եմ` տաղանդավոր են, շնորհքով, բայց այն, ինչ կուզենայի տեսնել, դեռ չեմ նկատել: Խորհրդային տարիներին մեր սերունդը պայքարում էր ազատ եւ անկաշկանդ լինելու համար, մենք ուզում էինք բնական լինել: Հիմա ժամանակները փոխվել են, այսօր դաշտում գործողների համար տասն անգամ ավելի հեշտ է, քան ժամանակին` մեզ համար: Ուստի սպասում եմ, որ կհայտնվեն նոր դեմքեր ու նոր շունչ կբերեն: Օրինակ՝ ես չեմ ասում, թե ամեն ինչ լավ եմ արել, բայց միշտ ռիսկի եմ գնացել: Այս ասպարեզի մարդկանց էլ խորհուրդ եմ տալիս, որ եթե ուզում են հետաքրքիր լինել, տարբերվել, լինել իսկապես վառ անհատականություն, թող ռիսկի դիմեն: Այս ոլորտի մարդկանց համար շատ կարեւոր է նաեւ շարմը, հմայքը, որ շատերի դեպքում պակասում է. միայն տաղանդը բավական չէ:

unnamed

-Դուք եղել եք «Մետրո» թատրոնի համահիմնադիրներից, սակայն այսօր թատրոնում աշխատելու ցանկություն չունեք, ինչո՞ւ, ի՞նչը չի գոհացնում:

-Կուզենայի թատրոնում խաղացանկային ներկայացումներում խաղալ, բայց թատրոնների ֆինանսական վիճակն ինձ չի գոհացնում, ստիպված ես ման գալ ուղիներ, որոնց միջոցով հնարավոր կլինի նաեւ գումար վաստակել: Այսօր թատրոններում էքստրաօրդինար մոտեցումներ երեւի չկան, հետաքրքիր բան որ լիներ, կիմանայինք, դե, կոմերցիոն ներկայացումներ արվում են, տեսնում ենք: Ինքս կողմնակից եմ անելու ոչ օրդինար բաներ, ինչպես արդեն նշեցի` ռիսկի դիմել, ոչ թե հունին համընթաց գնալ: Հիմա սթենդ-ափ ներկայացում եմ պատրաստում, այն ընթացքի մեջ է, այդ մասին մանրամասներ, սակայն, դեռեւս չեմ հայտնի: Զուգահեռ աշխատում եմ երկու նախագծերի վրա, դրանցից մեկը պլանավորում եմ այս տարի կյանքի կոչել:

-Ժամանակին Դուք հայտնի էիք Ձեր « Top 10 of Rabiz» ձայնասկավառակներով, ռաբիսը ներկայացնում էիք նոր մոտեցմամբ, էլի նման իմպրովիզներ կլինե՞ն:

-Երաժշտական ասպարեզում երկար դադար եղավ, բայց գուցե դեռ տարին մեկ անգամ ինչ-որ բան անեմ, նոր մշակումներով հանդես գամ: Բայց նման նպատակ դեռեւս չկա, թեպետ ես համոզված եմ, որ այդ մատուցումներն այսօր էլ կարող են արդյունավետ լինել եւ լավ ընկալվել: Ամեն դեպքում 50 տարեկանում ռեփ երգելը, թռվռալը ճիշտ չէ, երեւի տարիքն էլ կապ ունի…

big_Grisha_Aghaxanyan_Sofi_Mkheyan_ts1323257753

-2000թ.-ին տեղափոխվեցիք ԱՄՆ, մի քանի տարի այնտեղ ապրեցիք, հետո վերադարձաք, ի՞նչը չհերիքեց այնտեղ:

-Առաջին հերթին հենց արվեստի մթնոլորտում շատ բան չհերիքեց: Ինձ համար Հայաստանում ամեն դեպքում դեռ անելիքներ կան, այնտեղ` ոչ այնքան, կարծում եմ` ստեղծագործող մարդու համար այնտեղ մի քիչ դժվար է: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ում ապրելու ժամանակահատվածն ինձ համար մեռած շրջան չէր. ես թողարկում էի տեսահոլովակներ, մասնակցում էի նախագծերի, ձեռքս պահում էի զարկերակի վրա:

-Ձեր երկրորդ կնոջն այնտեղ հանդիպեցի՞ք, թե՞ Հայաստանում:

-Նրան գտա գնալ-գալու ժամանակ:

-Ձեր միջեւ առկա տարիքային տարբերությունը երբեւէ խոչընդոտե՞լ է փոխհարաբերություններին:

-Ո´չ, այդ հանգամանքը խոչընդոտ չէ: Ես գիտեմ նույն տարիքի ամուսինների, որոնք ամեն օր վեճերի մեջ են: Առհասարակ, ես ինձ համարում եմ հաղորդակցություն հաստատել կարողացող մարդ, այս հարցում երեւի կյանքի փորձն էլ իր դերն է խաղում:

big_1406888306_8033387_ts1406888324

-Դուք Ձեզ ընտանիքի մարդ համարո՞ւմ եք:

-Դեռ 90-ականներից շուխուր էին գցել, թե ես սեքս-սիմվոլ եմ, էլ եսիմ ինչ եմ, բայց ես ամեն դեպքում ինձ ավելի շատ համարում եմ ընտանիքի մարդ. այստեղ խոսում են ծնողներիս գեները: Տարիների հետ ավելի ու ավելի շատ եմ ուզում այդպիսին լինել:

-Երկրորդ ամուսնությունից ծնված Ձեր որդու ապագայի հետ ի՞նչ հույսեր եք կապում, կուզենա՞ք Ձեր ուղին բռնի:

-Հիմա որդիներիցս առաջինի ապագայի վերաբերյալ կոնկրետ պլաններ ենք կազմում: Ինքն ուզում է բժիշկ դառնալ, իրար հետ խորհրդակցում ենք, խելացի տղա է, նպատակներ ունի, բայց իմ մասնագիտական ուղին չի բռնի, իսկ փոքր որդիս կարծես թե շատ է սիրում երաժշտություն, ուշադիր լսում է որակյալ երաժշտություն, այնպես որ, հնարավոր է` երգիչ դառնա, իմ ուղով գնա…

Աննա Բաբաջանյան




Լրահոս