Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացում հայկական կողմը հետամուտ է ԼՂՀ և ՀՀ շահերի պաշտպանությանը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ իր երկու գործընկերների` ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս եւ ֆրանսիացի համանախագահներ Իգոր Պոպովի եւ Պիեռ Անդրիոյի հետ Երեւան ժամանած ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումներից հետո հանդես է եկել մի շարք ուշագրավ հայտարարություններով: Նախ` նա հստակեցրել է իր կողմից օրերս Մոսկվայում արած հայտարարությունը «օկուպացված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու» մասին: «Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորում չի կարող լինել, եթե դրանում ներառված չլինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Եթե դուք ուշադրությամբ ընթերցեք ռուսաստանյան «Վեդոմոստի» պարբերականին իմ տված հարցազրույցը, դուք կտեսնեք, որ ասում եմ՝ ոչ մի բան համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ»:

Այսպիսով` Ուորլիքը եւս մեկ անգամ շատ հստակ կերպով պատասխանեց այն բոլոր շահարկումներին, որոնք հնչում էին ինչպես ադրբեջանական քարոզչության, այնպես էլ Հայաստանի հակաամերիկյան շրջանակների կողմից, թե իբր ԱՄՆ-ն կոչ է անում հանձնել ազատագրված տարածքները: Ուորլիքը եւս մեկ անգամ, ինչպես Սերժ Սարգսյանն էր օրերս այլ առիթով ասել, «հատուկ կասկածամիտների համար» պարզաբանեց փաթեթային լուծման էությունը, այդ ընթացքում, ի դեպ, կատարելով շատ կարեւոր ամրագրումներ` կապված կոնկրետ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների որոշման հետ. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կանոնավոր կերպով այցելում են Լեռնային Ղարաբաղ, եւ երբ մեկնում ենք, հանդիպում ենք Ստեփանակերտի փաստացի իշխանությունների հետ, եւ նրանց ձայնը պետք է տեղ գտնի համապարփակ կարգավորման մեջ»: Սա, կարելի է ասել, Ղարաբաղը որպես բանակցային կողմ դիտարկելու մասին անուղղակի հայտարարություն է, որը անշուշտ, խիստ ողջունելի է հայկական կողմի համար:

Ուորլիքը երեկ տարածքների վերադարձի հետ կապված եւս մեկ կարեւոր հայտարարություն արեց, որն ի ցույց դրեց ԵԱՀԿ միջնորդների կողմից բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքորոշման` միանգամայն սթափ եւ ճշգրիրտ ընկալումը. «Հստակ է, որ Հայաստանը չի պատրաստվում տարածք վերադարձնել առանց անվտանգության համապատասխան երաշխիքների: Ուստի նշել եմ ավտանգության երաշխիքների մասին՝ ներառյալ միջազգային խաղաղապահ ուժերը»:

Այսպիսով` դատելով ԱՄՆ համանախագահի երեկվա հայտարարություններից` կարող ենք ասել, որ ներկայումս Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացում հայկական կողմը լիարժեք ձեւով եւ մինչեւ վերջ հետամուտ է ԼՂՀ եւ ՀՀ շահերի պաշտպանությանը, եւ այս իրավիճակում տարածքների վերադարձի մասին հայտարարությունները որպես «մեր հայրենիքը ծախելու» դրսեւորումներ ներկայացնողները պարզապես զբաղված են էժանագին շահարկումներով:




Լրահոս