Մեր հանրության ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ մենք չենք կարողանում հետեւողական լինել մեր պահանջներին, մեր ձեւավորած օրակարգին, եւ ամեն անգամ թույլ ենք տալիս, որ իշխանությունը մեզ թելադրի իր օրակարգը` հրապարակ նետելով ավելի հրատապ թվացող նոր խնդիրներ ու հանրային մարտահրավերներ: Իհարկե, այդ նոր մարտահրավերներին արձագանքելը եւս անհրաժեշտություն է, սակայն դա պետք է արվի զուգահեռաբար` առանց մոռանալու եւ երկրորդականացնելու այն գերնպատակը, որի շուրջ բոլորովին վերջերս մենք բոլորս միավորվել էինք, եւ որի արդյունքում իշխանությունները, ի վերջո, ստիպված եղան տեղի տալ, ապա նոր խնդիրներ նետել հրապարակ:
Ընդամենը յոթ օրից էլեկտրաէներգիայի սակագինը կթանկանա, եւ Կառավարությունը, Սերժ Սարգսյանի տված խոստման համաձայն, ստիպված կլինի մինչ ՀԷՑ-ում անցկացվող աուդիտի ավարտը վճարել թանկացած 6.93 դրամը: Մինչ օրս, սակայն, հայտնի չէ, թե ինչ միջոցներով է Կառավարությունը դա անելու: Իհարկե, մամուլում տարատեսակ արտահոսքեր են արվում, որոնցից վերջինի համաձայն` այդ միջոցները Կառավարությունը վերցնեու է Որոտանի կասկադի վաճառքից ստացված 180 միլիոն դոլարից: Մինչ այդ էլ խոսվում էր ռուսական 200 միլիոն դոլարի վարկի մասին, անգամ որոշ ՀՀԿ-ականներ չբացառեցին նվիրատվությունների հնարավորությունը: Ասել է թե` ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը տվել է խնդրի իրավիճակային լուծում, որի տակից, սակայն, Կառավարությունում ոչ մի կերպ չեն կարողանում դուրս գալ:
Այս հարցը, սակայն, այսօր կարծես թե այլեւս որեւէ մեկին չի հուզում, եւ ամենեւին չի բացառվում, որ պարզվի՝ իրոք ամերիկացիներին վաճառված Որոտանի կասկադից ստացված գումարներով ենք փակելու ռուսական ընկերության ախորժակը: Սա իսկապես զավեշտի կվերածվի, քանի որ ժամանակին էլ ՀԷՑ-ի վաճառքի գումարներով ինչ-որ օրվա խնդիր լուծեցին, տակավին վերջերս «Հայռուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասի վաճառքի միջոցով փակեցին ռուսներին ունեցած գազի 300 միլիոն դոլարի պարտքի մի մասը ու այդպես շարունակ: Եվ եթե ընդամենը քսան օր առաջ թվում էր, թե այս անգամ իշխանություններին չի հաջողվելու դարձյալ մեր` հարկատուներիս, հաշվին կամ երկրի հարստության վերջին փշրանքների վաճառքից ստացված գումարներով վճարել իրենց երկարամյա անգործության կամ հանցակցության գինը, ապա այսօր արդեն հանրությանը նետվել է մտահոգության նոր թեմա` սահմանադրական փոփոխությունների տեսքով, որը հասցրել է մոռացության մատնել ընդամենն անցած շաբաթ բոլորին ամենից շատ հետաքրքրող էլեկտրաէներգիայի սակագնի հարցը: