Armenian text to speach

Սահմանադրական բարեփոխումների նախագիծը լի է խնդրահարույց նորամուծություններով. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սահմանադրական փոփոխությունների նախագծում, բացի ամենակարեւոր փոփոխությունից, խորհրդարանական համակարգին անցում կատարելուց, առկա են բազմաթիվ խնդրահարույց նորամուծություններ, որոնք ոչ պակաս նշանակություն կարող են ունենալ երկրում ժողովրդավարության ամրապնդման հետագա ընթացքի համար:

Այդպիսի վիճահարույց դրույթներից է նոր նախագծի 23-րդ հոդվածի 2 կետը, որով փաստորեն, մարդուն կյանքից զրկելը որոշ դեպքերում սահմանադրականացվում է: «Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի (կյանքի իրավունքի) խախտում, եթե այն հետեւանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է»,-նշված է նախագծում: Նկատենք, որ գործող սահմանադրության 15-րդ հոդվածով ամրագրված է «Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք: Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի» իմպերատիվ դրույթը` առանց որեւէ բացառության: Թե ինչպիսի խայտառակ հետքայլ է սա, թերեւս բացատրելու կարիք չկա: Բավական է միայն նշել, որ եթե, օրինակ, 2008-ին գործեր առաջարկվող Սահմանադրությունը, ապա Մարտի 1-ին 10 հոգու գնդակահարությունը հնարավոր կլիներ ներկայացնել որպես սահմանադրորեն թույլատրված:

Ժողովրդավարական արժեհամակարգից հաջորդ ցցուն հետքայլը հավաքների ազատության մասին նախագծի 43-րդ հոդվածն է, որտեղ ամրագրված է. «օրենքով սահմանված դեպքերում բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքներն անցկացվում են ողջամիտ ժամկետում կատարված իրազեկման հիման վրա»: Այն դեպքում, երբ, օրինակ, գործող Սահմանադրության 29-րդ հոդվածում բացակայում է «իրազեկման հիման վրա» պարտավորեցնող արտահայտությունը, եւ համապատասխան օրենքով էլ ընձեռվում է ինքնաբուխ հավաքների հնարավորությունը, որոնց ժամանակ իրազեկման անհրաժեշտություն չկա: Եվ հիմա նոր նախագծի ընդունման դեպքում վերանում է ինքնաբուխ հավաքների անցկացման հնարավորությունը, մի բան, որից օգտվելով՝ հնարավոր եղավ Բաղրամյանի պայքարը:

Առաջարկվող նախագծի հաջորդ «ականը» 73-րդ հոդվածն է օրենքների հետադարձ ուժի մասին: Այս դեպքում էլ ներմուծված է հերթական բացառությունը. «Այն օրենքները, որոնք վատթարացնում են անձի իրավական վիճակը, կարող են բացառության կարգով հետադարձ ուժ ունենալ, եթե անձի վստահության իրավունքը դրան չի խոչընդոտում»: Եվ նորից` գործող Սահմանադրությունն այդ առումով անհամեմատ ավելի մարդակենտրոն է եւ սահմանում է, որ անձի վիճակը վատթարացնող օրենքները հետադարձ ուժ չեն կարող ունենալ եւ վերջ:
Նմանատիպ ակնհայտ հետքայլեր են առկա նաեւ անձի սեփականության իրավունքին վերաբերող 58-րդ, ինչպես եւ մի շարք այլ հոդվածներում:

Այսպիսով` կարող ենք արձանագրել, որ առաջարկվող նախագծում առկա են պարզապես անընդունելի փոփոխություններ մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ազատությունների հարցում: Եվ այսքանից հետո հեղինակների պնդումը, թե նոր Սահմանադրությունն ավելի մարդակենտրոն է, պարզապես ժպիտ է առաջացնում:




Լրահոս