ՕԵԿ-ի «Հայկական վերածնունդն» անընդունելի է համարում Սահմանադրության ներկայացված տարբերակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման (նախաձեռնողը ՕԵԿ-ն է) կառավարման խորհրդի նիստը, որտեղ անդրադարձ է եղել Սահմանադրության 1-7 գլուխների նախագծի նախնական տարբերակին եւ ներքին կառուցվածքային խնդիրներին վերաբերող հարցերին:

«Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նաեւ նշվում է.

«Կառավարման խորհուրդն անընդունելի համարեց սահմանադրական բարեփոխումների ներկայացված տարբերակը, փաստելով, որ այն կհանգեցնի քաղաքական իշխանության մենաշնորհացմանը եւ մեկ քաղաքական ուժի դիկտատուրայի հաստատմանը, ինչը հարիր չէ ժամանակակից եվրոպական չափանիշներին:

Հանրապետության նախագահի ընտրության համակարգը ընտրիչների մեխանիզմով եւ վերջինիս փաստացի խորհրդանշական դերը պետության ռազմավարական կառավարման գործում, որն առաջարկվում է տվյալ նախագծով, չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած անվատանգային բնույթի լրջագույն մարտահրավերներին:

Տարածաշրջանային լարված զարգացումների եւ ԼՂ հիմնախնդրի չկարգավորվածության պայմաններում անընդունելի է նաեւ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնի բացակայությունը, ինչպես նաեւ անվտանգության համակարգի կառավարման մեխանիզմի անորոշ եւ երկիմաստ ձեւակերպումները:

Ներկայացված նախագծով ստեղծվելու է իշխանության ճյուղերի միջեւ անհավասարակշռություն եւ բացակայելու են իշխանության ճյուղերի փոխադարձ հակակշիռների եւ զսպումների, ժողովրդավարական երկրի համար անհրաժեշտ, մեխանիզմները:

Ազգային ժողովի ընտրությունների երկփուլ համակարգը, որն իր նախադեպը չունի ոչ մի երկրում, ընդդիմադիր կուսակցություններին դուրս է մղելու իրական քաղաքական գործընթացից, իրական քաղաքական կյանքում չեզոքացնելով նրանց մանդատը, ինչը կզրոյացնի քաղաքական որոշումների ընդունման կամ կասեցման գործընթացի վրա ռեալ ազդեցության հնարավորությունը, որը ժամանակակից ժողովրդավարական մեխանիզմների առավել կարեւոր բնութագրիչն է: Արդյունքում, արհեստականորեն փորձ է արվում մի կուսակցությանը սահմանադրորեն ամրագրել գերիշխող դիրք, ինչն անընդունելի է եւ հղի բազմաթիվ բացասական հետեւանքներով:

Խիստ տարակուսելի է Ազգային ժողովի պատգամավորների քանակի վերաբերյալ «առնվազն 101» ձեւակերպումը, ինչը ենթադրում է, թեկուզ տեսականորեն, որ կարող է լինել նաեւ 1101 պատգամավոր: Այսինքն, նշվում է ստորին շեմը, իսկ վերին շեմի սահմանումը, ըստ էության, դառնում է իշխող քաղաքական ուժի մենաշնորհը:

Անընդունելի են նաեւ այն ձեւակերպումները, որոնք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ կարող են թույլ տալ օտարերկրյա քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց ընտրվելու եւ ղեկավարելու տեղական ինքնակառավարման մարմինները:

Նախագծում տնտեսական կարգի վերաբերյալ ձեւակերպման մեջ բացակայում են հանրային սեփականության կամ հանրային-մասնավոր սեփականության ձեւերին վերաբերող ձեւակերպումները եւ ամրագրված է սեփականության միայն մեկ ձեւ` մասնավոր: Սա նշանակելու է, որ պետությունը չի կարողանալու ունենալ տնտեսական բնույթի որեւէ սեփականություն, չի կարող լինել պետական-մասնավոր տնտեսական համագործակցության արդյունավետ մեխանիզմ եւ պետությունը դուրս է մնալու տնտեսվարման հարաբերություններից: Այս մոտեցումը, հատկապես համաշխարհային ֆինանսատնտեսական վերջին ճգնաժամից հետո, չեն պաշտպանում անգամ ծայրահեղ ազատականները: Երկրում սեփականության տարբեր տեսակների (հանրային, մասնավոր, հանրային-մասնավոր) իրավահավասար գոյության չամրագրելը խնդրահարույց է տնտեսական ժողովրդավարության ձեւավորման համար:

Ելնելով վերոշարադրյալից` «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը, որն իր մեջ ներառում է 80-ից ավելի քաղաքական եւ հասարակական կազմակերպություններ, մերժում է սահմանադրական բարեփոխումների ներկայացված նախագիծը եւ մատնանշում, որ ներկայացված փաստաթուղթը լուրջ վտանգներ է պարունակում երկրի երկարաժամկետ ռազմավարական զարգացման տեսանկյունից:

Միաժամանակ արձանագրում ենք, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի պաշտոնական գրությունը, որն արձանագրում էր, թե ընդունվել են «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման մաս կազմող «Օրինաց երկիր» կուսակցության առաջարկությունները, ըստ էույթյան, ներկայացված նախագծի հետ որեւէ առնչություն չունի եւ իրականում մերժվել են բոլոր սկզբունքային առաջարկությունները` չնայած պաշտոնական գրությամբ արձանագրվել է հակառակը:

Նիստում քննարկվեց եւ արձանագրվեց նաեւ երկրում առկա սոցիալ-տնտեսական վատթարացող իրավիճակը, ինչը խթան է հանդիսանում շարունակաբար ահագնացող արտագաղթի համար` անմիջականորեն բացասական ազդեցություն ունենալով երկրի երկարաժամկետ, ռազմավարական պաշտպանունակության վրա:

Անդրադառնալով «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման կազմակերպչական խնդիրներին` արձանագրվեց, որ միավորմանը շարունակում են անդամակցել նոր կազմակերպություններ, ինչը շարունակաբար ավելի է ընդլայնում շարքերը: Ելնելով նշվածից կառավարման խորհուրդը, միավորման կառավարումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով, որոշեց ստեղծել 15 միություններ եւ 3 հանձնաժողովներ, որոնց գործունեության մասին տեղեկություններ կներկայացվի հաջորդիվ:




Լրահոս