ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, արձագանքելով վերջին շրջանում Հայաստանից մի քանի միջազգային բրենդների հեռանալու փաստին, «Ազատությանն» ասել է, թե դրան «պիտի նորմալ նայել», ապա հավելել. «Տարբեր երկրներում տարբեր ընկերություններ կարող են որոշ ժամանակ աշխատել, հետո իրենց տեղը փոխել։ Դեռ որոշակի չէ, ես, օրինակ, տեղեկություն չունեմ, թե տվյալ ընկերությունները հեռանում են»։
Հիշեցնենք, որ օրերս Հայաստանից հեռանալու մասին հայտարարեց թե՛ աշխարհում եւ թե՛ Հայաստանում այնպիսի հայտնի ընկերություն, ինչպիսին ֆրանսիական Orange-ն է, ընդ որում, դա արվեց շատ որոշակի եւ հրապարակային:
Սակայն պարզվում է` մեր էկոնոմիկայի նախարարը տեղյակ չէ, որ երկրից հեռացել է խոշորագույն օտարերկրյա ընկերություններից մեկը, որն անցած տարիներին ավելի քան 300 միլիոն եվրոյի ներդրումներ էր կատարել եւ որը, սակայն, հեռացավ տեւական ժամանակ վնասով աշխատելու արդյունքում:
Մինչդեռ այնպիսի ծանր տնտեսական վիճակում գտնվող երկրում, ինչպիսին Հայաստանն է, էկոնոմիկայի նախարարը պարտավոր է տեղյակ լինել ոչ միայն խոշորագույն ընկերությունների, այլեւ անգամ հեռավոր մարզերում մանր ու միջին խանութների փակվելու մասին: Բայց մեր նախարարը ոչ միայն ապրում է երջանիկ անտեղյակության մեջ, այլեւ դեռ իր այդ կարգավիճակում փորձում է վերլուծություններ ներկայացնել Հայաստանի տնտեսության վերաբերյալ: «Տնտեսության վիճակը արտահայտված է ցուցանիշների մեջ, չեմ կարծում, որ աճ ունեցող տնտեսությունից, որը նաեւ շահույթ ապահովող հնարավորություն է, ընկերությունները հեռանան»։ Փաստորեն Կառավարության խոստացած 1 տոկոսանոց աճը Ճշմարիտյանին թույլ է տալիս նման դատողություններ անել. մի բան, որն ինքնին ծիծաղելի է:
Թեեւ արդեն իսկ այն փաստը, որ Ճշմարիտյանի նման մեկը, ով որպես արդյունաբերության եւ առեւտրի նախարար՝ տարիներ շարունակ մասնակցել է երկրի արդյունաբերական հզորությունների փոշիացմանը եւ հիմա էլ զբաղեցնում է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, արդեն իսկ զավեշտ է: Եվ, այնուամենայնիվ, դժվար է չզարմանալ նախարարի տարրական անտեղյակության վրա, երբ նա հակադարձելով լրագրողին` ասում է. «Եթե դուք նշում եք Etihad airways-ը, ես էլ կարող եմ նշել, որ Բաղդադի չվերթն է բացվել ու ավելանում է օրեցօր»: Նման «հրաշալի» համեմատությունից հետո, ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են: Ինչպիսին էկոնոմիկայի նախարարն է, այնպիսին էլ երկրի էկոնոմիկայի վիճակն է. մեր դեպքում երկուսն էլ բնորոշվում են մեկ` խայտառակ բառով: