ՊԱՅՔԱՐԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄԸ ԴԱՐՁԵԼ Է ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաջողված նախաձեռնությունները, հանրության շրջանում մեծ արձագանք գտած գաղափարները փչացնելը եւ արժեզրկելը Հայաստանում արդեն սկսել է ավանդույթի վերածվել: Ամեն անգամ, երբ որեւէ նախաձեռնություն հաջողության է հասնում կամ առնվազն ժողովրդականություն է ձեռք բերում, շատ չանցած սկսում ենք ականատես լինել, թե ինչպես է այն հետզհետե արժեզրկվում:

Իսկ ուշագրավն այն է, որ այդ արժեզրկումը միշտ չէ, որ տեղի է ունենում արհեստական, այսինքն՝ իշխանությունների կողմից հատուկ այդ նպատակով կազմակերպած գործընթացի արդյունքում: Ասենք՝ Կառավարության շենքի դիմաց նիստի օրերին կազմակերպվող բողոքի ակցիաները ժամանակին հենց ՀՀ իշխանությունների ձեռամբ «մխտռվեցին», այն աստիճան, որ մարդիկ այլեւս դադարեցին դրանց ուշադրություն դարձնել: Այս նպատակով իշխանություններն ընդամենը մեկ գործողություն կատարեցին. Կառավարության շենքի դիմաց «գործուղեցին», այսպես կոչված, ՀՀԿ-ի տատիկին: Արդյունքում, այդ տարեց կինն իր վարքուբարքով այնքան արժեզրկեց Կառավարության շենքի դիմաց անցկացվող բողոքի ակցիաները, որ մարդիկ դադարեցին դրանց ուշադրություն դարձնել:
Սակայն քաղաքացիական այս կամ այն նախաձեռնությունն անհամացնելու գործընթացը սովորաբար տեղի է ունենում «ինքնաբերաբար»: Ասենք՝ տվյալ նախաձեռնությամբ ոգեւորված երիտասարդների մի խումբը չի կարողանում կանգ առնել` անցած ճանապարհը գնահատելու եւ հետագա նոր անելիքները որոշելու համար: Արդյունքում մեկ կամ երկու տասնյակ երիտասարդներ շարունակում են հաջողված նախաձեռնության անվան տակ ինչ-որ ակցիաներ իրականացնել: Մի օր հացադուլ են հայտարարում, հետո իրենք իրենց համոզում եւ դադարեցնում, մյուս օրը գնում, փողոցում մի քանի հոգով նկարվում եւ դա ներկայացնում, թե, ասենք, Բաղրամյան պողոտան փակել էին: Մյուսը հայտարարում են, թե հեսա իքս օրվանից Երեւանի բոլոր փողոցները փակում ենք ու այսպես շարունակ: Այսինքն՝ ամեն ինչ անում են, որպեսզի մարդիկ դադարեն իրենց եւ իրենց նախաձեռնությանը լուրջ վերաբերվել: Արդյունքում, նրանք հասնում են իրենց «նպատակին», մինչ այդ հաջողված համարվող նախաձեռնությունը շատ կարճ ժամանակում հանրային գիտակցության մեջ սկսում է վերածվել տուն-տունիկի՝ դրանից բխող բոլոր վատ հետեւանքներով:
Այսօր նույն այդ գործընթացը տեղի է ունենում նաեւ էլէներգիայի սակագնի դեմ կազմակերպված «Ոչ թալանին» նախաձեռնության հետ: Երբ հունիսի 22-ին մարդիկ այս նախաձեռնության կոչով հավաքվեցին Ազատության հրապարակում եւ այնուհետեւ երթով գնացին Բաղրամյան պողոտա, թերեւս կազմակերպիչների համար եւս իրավիճակը անակնկալ էր: Դժվար է ասել՝ արդյոք նրանք նման մեծ արձագանքի սպասում էին, թե ոչ: Իսկ երբ նստացույցը ցրելու հաջորդ օրը՝ հունիսի 23-ին, հազարավոր մարդիկ երեկոյան կրկին հավաքվեցին Ազատության հրապարակում եւ կրկին երթով գնացին Բաղրամյան պողոտա, այլեւս ակնհայտ էր, որ նախաձեռնությունը հաջողվել էր: Ենթադրվում էր, որ հաջորդ քայլով նախաձեռնությունը պետք է պաշտոնապես արձանագրեր իր հաջողությունը, այսինքն՝ ինչ-որ փաստաթղթով ամրագրվեր էլէներգիայի սակագնի չբարձրանալու հանգամանքը: Սակայն նման բան չեղավ, քանի որ երկխոսություն տեղի չունեցավ իշխանության եւ ցուցարարների միջեւ: Ընդամենը եղավ մի հայտարարություն աուդիտ հայտարարելու պատրաստակամության վերաբերյալ:
Արդյունքն էլ եղավ այն, որ Բաղրամյան պողոտայում մնացած մի քանի տասնյակ ակտիվիստներին ոստիկանությունը հուլիսի 6-ին ուժով հեռացրեց տարածքից, եւ պայքարն ավարտվեց:
Այսօր մի քանի ուշացած ակտիվիստներ այս օրերին տարբեր կարգի «տուն-տունիկներ» են կազմակերպում՝ այդպիսով նպաստելով, որ Բաղրամյան պողոտայի «հունիսյան գրավումը» հանրային գիտակցության մեջ իսպառ արժեզրկվի: Եւ առաջիկայում նման մասշտաբի ակցիաները դառնան ավելորդ եւ անիմաստ մի բան:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

 

ԵՐԿՈՒՍԻ ՓՈԽԱՐԵՆ
ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ Գյումրիում երեկ կուսակցության նոր գրասենյակ է բացվել: Բանն այն է, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի՝ կուսակցությունից «դուրս» գալուց հետո Գյումրում ԲՀԿ կառույցը մատնվել էր «անտերության»: Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Մարտուն Գրիգորյանը խորհրդարանի մեր աշխատանքային գործընկերն է, մեր խմբակցության ակտիվ անդամ-պատգամավորներից է, բայց, բնականաբար, Գյումրիի մեր կառույցներով այլ անձինք կզբաղվեն, մենք էլ մեր հերթական կառույցի հետ հանդիպում ենք ունեցել»: Ի դեպ, Զոհրաբյանի հետ շրջաններ է գնում նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը:

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «21TV» հեռուստաընկերությունը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի եւ վերջին մի քանի օրերին անգամ ընդհատումներով է եթեր հեռարձակվել: Նշվում է նաեւ, որ հեռուստաընկերությունը սկսել է ուշ-ուշ վճարել իր աշխատակիցների աշխատավարձերը: Նշենք, որ հեռուստաընկերության սեփականատերերից է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի դուստրը՝ Նաիրա Աղաբաբյանը: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել հեռուստաընկերության տնօրինությունից: «MKR մեդիա Արմենիա» հոլդինգի ղեկավար Տիգրան Հակոբյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, թե նման բան չի կարող լինել: «Հուլիսի 1-ից մենք պետք է անցում կատարեինք թվային համակարգի, բայց ՀՀ Կառավարությունը դա կես տարով տեղափոխեց, եւ դա իմանալով՝ մեր հաղորդիչը մենք չփոխեցինք: Այն հին ու մաշված էր, այս քանի օրը ընդհատումներ ունենք, վաղը կվերանորոգվի, ու ամեն ինչ նորմալ կլինի: Տեխնիկական խնդիրներ են եղել: Մենք բավականին գումարներ ծախսեցինք՝ թվային համակարգին անցնելու համար, բայց, ցավոք, այդ անցումը չեղավ: Բայց այդ ընդհատումներն այլեւս չեն լինելու»,- վստահեցրեց Հակոբյանը:

 

ԿՄԻԱՑՎԵՆ ՄԵԿ ՎԱՐՈՒՅԹՈ՞ՒՄ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննարկում են հուլիսի 6-ին Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ կազմակերպված խաղաղ ցույցը ոստիկանների կողմից ցրելու միջադեպին ընթացք տալու հարցը:
Հիշեցնենք, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2015թ.-ի հուլիսի 7-ին հանցագործության մասին հաղորդումներ է ուղարկել ՀՔԾ նշված օրվա դեպքերի մասով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ բացառված չէ, որ ՀՔԾ-ն որոշի միավորել եւ միասին քննել Բաղրամյան պողոտայի նստացույցը ցրելու երկու՝ հունիսի 23-ի եւ հուլիսի 6-ի դեպքերը:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ բռնություն էր կիրառվել, ինչի առիթով ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել, ու երկար-բարակ քննում են:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԳՆԴԱԿՈԾԵԼ ԵՆ
Հանգստյան օրերին ադրբեջանական բանակի ստորաբաժանումները շարունակել են ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը: ԼՂ ՊԲ տեղեկացմամբ` նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 320 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային եւ հրետանային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց, այդ թվում` 60 միլիմետրանոց ականանետերից 49 արկ, ՌՊԳ-7 եւ ՀԱՆ-17 տիպի նռնականետերից` համապատասխանաբար 9 եւ 20 արկ եւ խոշոր տրամաչափի գնդացրային միջոցներից ավելի քան 200 կրակոց:

 

ԾԱԾԿԱԴՄՓՈՑ ԿԱՆԵՆ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ որոշում է կայացրել համաշխարհային 5 խորհրդատվական կազմակերպություններին հրավեր ուղարկել` հանձնաժողովում ուսումնասիրություններ կատարելու համար: Արդյո՞ք սա չի նշանակում, որ այս ուսումնասիրություններով կավարտվի ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու որոշումը. այս հարցին ի պատասխան` ՀԾԿՀ մամուլի խոսնակ Մարիամ Ստեփանյանը armlur.am-ին վստահեցրել է, որ սա որեւէ կապ չունի ՀԷՑ-ում անցկացվելիք աուդիտի հետ.
«Սա նպատակ ունի բարձրացնել հանձնաժողովի վստահությունը հասարակության շրջանում»,- ասել է նա: Իսկ, ահա, տնտեսագետ Արտակ Մանուկյանը մտավախություն ունի, որ այս խորհրդատվական ուսումնասիրությամբ ՀԷՑ-ում աուդիտի թեման «ծածկադմփոց» կանեն. «Եթե ժողովրդի պահանջը վստահության բացակայությունն էր, ապա այս կոնտեքստում դրա պատասխանը չկա»,- ասել է տնտեսագետը` չբացառելով, որ ՀԾԿՀ-ում այս ուսումնասիրությամբ էլ ամեն ինչ կավարտվի:

 

ՀՐԴԵՀ ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ
Հուլիսի 26-ին հրդեհ է բռնկվել Երեւանի «Հրազդան» տոնավաճառի տարածքում: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ եւ ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:20-ին, մարվել՝ 00:29-ին: Ամբողջությամբ այրվել են 5 տաղավարների փայտյա կառուցատարրերը (45 քմ), իսկ 2 տաղավարները` մասամբ (5 քմ): Ինչպես ասում են` կարկուտը ծեծած տեղն է ծեծում, հիշեցնենք, որ ներկայումս ընթանցում է Աժ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող տոնավաճառի սնանկության գործը:

 

ՎԹԱՐԱՅԻՆ ՉԷ
«Զվարթնոց» օդանավակայանի հին ուղեւորային համալիրը վերանորոգման, ամրացման կարիք ունի, իսկ այն խոսակցությունները, թե շենքը գտնվում է խիստ վթարային վիճակում, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին երեկ ասել է Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նրա խոսքով` այս պահին ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հետ որեւէ համաձայնութուն չկա, «բայց երեւի թե կա ցանկություն, որի շուրջ պետք է աշխատենք, լուծումներ գտնենք՝ շենքն ամբողջությամբ պահպանելու համար»: Նշենք, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղերորային համալիրի ամրացման համար անհրաժեշտ է մոտ 10 միլիոն դոլար:

 

ԱՎԵԼԻ ԿԲԱՐՁՐԱՆԱ
Հուլիսի 28-31-ին եւ օգոստոսի 1-ին հանրապետության տարածքը կգտնվի արեւադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն եւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հուլիսի 28-31-ին, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով:

 

ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑԻՆ
Երեկ՝ մինչեւ ուշ գիշեր, ոստիկանությունն այդպես էլ թույլ չտվեց «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամներին մոտենալ Հանրապետության հրապարակի կենտրոնին ու այնտեղ նստացույց իրականացնել։ Նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ գիշերը մնալու են այնտեղ ու հարմար առիթի դեպքում նստացույցը տեղափոխելու են հրապարակի կենտրոնական հատված։ Հիշեցնենք՝ նախաձեռնությունը պահանջում է չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը։




Լրահոս