Armenian text to speach

Նիկուշոր Դանը հայտնել է Ռումինիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընդլայնմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռումինիա մեկնարկել է նախագահ Նիկուշոր Դանի հետ հանդիպումով: Նախագահական նստավայրում ՀՀ վարչապետին դիմավորել է Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը:

Հաջորդիվ տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Ռումինիայի նախագահի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

Նիկուշոր Դանը ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Ռումինիա և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Ռումինիայի նախագահը կարևորել է առևտրատնտեսական կապերի զարգացումն ու ընդգծել գործարար ֆորումների կազմակերպման կարևորությունը: Միաժամանակ, Նիկուշոր Դանը հայտնել է Ռումինիայի լիակատար աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և հավելել, որ այս այցը կարևորում է երկկողմ բազամոլորտ փոխգործակցության առկա ներուժն իրացնելու առումով: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերի խորացմանն ուղղված քայլերին: ՀՀ վարչապետն ընդգծել է նաև վերականգնվող էներգետիկայի, զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում փոխգործակցության խթանման կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության արդյունքում ստեղծվող հնարավորությունները և նշել, որ երեկ տրվել է հաղորդակցությունների ապաշրջափակմանը միտված TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրա շրջանակում աշխատանքներին:

Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը մտքեր են փոխանակել միջազգային նշանակության այլ թեմաների շուրջ:




Մամուլի Տեսություն

Լրահոս