ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՓՈՔՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետությունը, որը չի գնահատում ու պահպանում իր զինվորի կյանքը, դատապարտված է կործանման: Ցավոք, Հայաստանը գնում է այդ ճանապարհով, որովհետեւ բանակում կատարվող հանցագործությունները` կոնկրետ մահվան դեպքերը, եթե չեն ավելանում, ապա ոչ մի կերպ չեն պակասում: Միաժամանակ, հանցանքների կատարման մեթոդներն են շատանում, իսկ շարժառիթները մնում են նույնը` ազդեցության ձեռքբերում համածառայակիցների շրջանում, որը կարող է ուղեկցվել ինքնուրույնություն ունեցող, ֆիզիկապես ուժեղ կամ չգրված օրենքներին չենթարկվող զինվորներին «կոտրելով», «բանակային ռեկետով», թույլերին ճնշելով, ինչն էլ հաճախ հանգեցնում է սպանության կամ այլ ծանր հետեւանքների:
Եթե հավատալու լինենք նախաքննական մարմնին, ապա վերջին տարիներին մեր բանակում սպանություններ քիչ են լինում, իսկ մահվան դեպքերը դժբախտ պատահարների հետեւանք են կամ ինքնասպանություններ: Բայց եթե ուշադիր ուսումնասիրենք այդ դեպքերը, կնկատենք, որ դրանց մի մասը դիտավորյալ եւ դաժան սպանություններ են` պետության թողտվությամբ:
ԼՂՀ «Եղնիկներ» կոչվող զորամասի ժամկետային զինծառայող Անդրանիկ Ղահրամանյանը 2011-ի հուլիսի 15-ին սպանել է իր վաշտի հրամանատար Անդրանիկ Հարությունյանին` մոր հասցեին արված վիրավորական արտահայտության համար. ըստ քրգործի` հրամանատարը իրեն ենթակա զինվորին ասել էր. «Մամադ լավն ա… կարո՞ղ ա…»: Անդրանիկն էլ դրանից խիստ վրդովվել էր եւ զորամասում զենքով սպանել քնած հրամանատարին: Գործը դեռ դատաքննության փուլում է:   
Նկատենք, որ զինվորի հակաօրինական քայլը պայմանավորված է հրամանատարի հակաբարոյական պահվածքով, ինչն արգելվում է ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքային օրենքով: Այսինքն՝ պետության լիազորած անձը չի կատարել զինվորի նկատմամբ իր պարտականությունը եւ ինքն էլ դարձել դրա զոհը:
Բայց կան նաեւ կյանքի իրավունքի խախտման այլ բնույթի դեպքեր: Վիճակը գրեթե չի փոխվել մահվան իմիտացիաների առումով: Օրինակ՝ 2007-ին Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի զորամասում` կորպուսի հրամանատարի հանգստի սենյակից մի քանի մետր հեռու, գտել էին շարքային Տիգրան Օհանջանյանի դին` մարմնական վնասվածքներով: Զինդատախազությունն այդ դեպքը որակել էր որպես էլեկտրահարման հետեւանք եւ ծառայողական անփութության համար մեղադրանք առաջադրել զորամասի կապի հանգույցի պետին եւ նրա օգնականին. նրանք իբր չէին ապահովել կապի հանգույցի համար նախատեսված մետաղալարի հողանցումը, եւ Տիգրանը, դիպչելով բաց հոսանքով մետաղալարին, մահացել էր: Սակայն Տիգրանի ծնողները մինչ օրս չեն հավատում պաշտոնական վարկածին. ավելին, նրանց հետեւողական պայքարից հետո այդ անմեղ տղաներն արդարացվեցին, քանի որ նույնիսկ փորձաքննություններով չապացուցվեց նրանց մեղքը. գրեթե անհոսանք մետաղալարը իրականում ոչ թե հոսանքի մատակարարումն էր ապահովել, այլ կապի հանգույցի հենականգնակը կանգուն պահելու ձգան էր եղել, որպեսզի քամիների ժամանակ այն շուռ չգա: Մինչ օրս ծնողները պահանջում են ասել Տիգրանի մահվան իրական պատճառը եւ պատժել մեղավորներին, որոնք, ըստ ծնողների, ցանկացել էին «կոտրել» ծառայակցի արժանապատվությունը պաշտպանել համարձակված իրենց որդուն:
Հաջորդը. 2010-ի հոկտեմբերի 3-ին Հադրութի զորամասի զորանոցի նկուղում կախված վիճակում հայտնաբերվել էր շարքային Սամվել Խաչատրյանի դին` դաժան բռնության հետքերով: Սկզբում խոսակցություններ կային, որ Սամվելն ինչ-որ խնդիրներ է ունեցել զորամասի որոշ սպաների հետ. նրան պարտադրել էին ամանները լվանալ, սակայն քննչական մարմինը, սպայակազմին թողած, միանգամից կենտրոնացել էր շարքային զինվորների վրա եւ քրգործ հարուցել ՀՀ քր. օր.-ի 359 հոդվ. 3-րդ մասով (զինծառայողների փոխհարաբերությունները խախտելը…, որն առաջացրել է ծանր հետեւանքներ): Այս հոդվածը հաճախ կիրառվում է որպես սպանության հոդվածի այլընտրանք` մեղմ տարբերակ, եթե սպանությունը որպես ինքնասպանություն որակելը դժվար է, եւ ինչ-որ մեկին փրկելու խիստ անհրաժեշտություն չկա:   
Ցավոք, այս մոտեցումը չի փոխվել վերջին 10 տարվա ընթացքում. պարզապես որքան հնարավոր է, ավելի շատ են որպես ինքնասպանություն որակում: Իսկ եթե զոհերը մի քանիսն են, գործը կառուցում են թեթեւ առիթից ծագած վրեժխնդրության շուրջ, որի պատճառով իբր մեկը սպանում է բոլորին, հետո ինքնասպան լինում: Այդպես փորձում են կարճել գործը` տուժողներին զրկելով սպանության հանգամանքները պարզելու հնարավորությունից: Բայց այդ մտածելակերպը փոխելու համար պետք է մեծացնել հանրային ճնշումը իշխանության նկատմամբ, քանի դեռ իշխանությունը չի հասկացել, որ ինքն է պատասխանատու յուրաքանչյուր զինվորի կյանքի եւ անվտանգության համար: Չհասկացող մեղավոր պաշտոնյաներին, անկախ տրամաչափից, պետք է նյութապես սնանկացնել` Եվրադատարանի վճիռներով տուժածների ընտանիքներին փոխհատուցելու նպատակով: Իսկ առայժմ հանրային պայքարով մեկ-մեկ հաջողվում է գոնե անմեղ զինվորներին փրկել ապօրինի պատիժներից: Ուստի պետք չէ հուսահատվել, որովհետեւ ամեն ինչ սկսվում է փոքր հաղթանակներից…
 Սույն հոդվածը ֆինանսավորվել է ԱՄՆ պետդեպարտամենտի դրամաշնորհի շրջանակներում: Հոդվածի մեջ արտահայտված տեսակետները, մեկնաբանություններն ու եզրակացությունները հեղինակներինն են, եւ հնարավոր է, որ չհամապատասխանեն ԱՄՆ պետդեպարտամենտի տեսակետներին: Հոդվածը պատրաստվել է Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների շրջանակներում, որն իրականացվում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս