«Վարկի 6.5%-ը բարձրացավ ու դարձավ 9.5, ապա՝ 14.5%». «Թալգրիգ»-ը սնանկացել է ու փակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում օր օրի սնանկացող ընկերությունների թիվն աճում է. պատճառը վարկային եւ հարկային պարտավորություններն են եւ տնտեսության համընդհանուր անկումը: Վերջերս սնանկացող ընկերությունների շարքին ավելացավ նաեւ «Թալգրիգ» ՍՊԸ-ն: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս տարվա ապրիլի 8-ին «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն դիմել է դատարան «Թալգրիգ» ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով: «Թալգրիգ»-ի տնօրեն Հովհաննես Հակոբյանի պնդմամբ, սակայն, ընկերությունը բանկի գործունեության պատճառով է բռնել սնանկացման ճանապարհը:

Նշենք, որ «Թալգրիգ» ՍՊԸ-ն երկար տարիներ զբաղվել է ոչ միայն հրուշակեղենի, այլեւ ալյուրի արտադրությամբ եւ ներմուծմամբ: Այս ընկերությունը համարվել է «Գրանդ քենդի» ընկերության լուրջ մրցակիցներից մեկը, իսկ արտադրատեսակները տեղական շուկայում ավելի մատչելի գնով են վաճառվել, քան մյուսներինը: Սակայն այսօր «Թալգրիգ»-ը հայտնվել է ֆինանսական լուրջ դժվարությունների առաջ. ընկերությունն այլեւս չի գործում վարկային եւ հարկային պարտավորությունների պատճառով:

Ավելին` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2015 թվականի մայիսի 11-ի վճռով «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ դիմումն ընդդեմ «Թալգրիգ» ՍՊ ընկերության բավարարվել է, եւ «Թալգրիգ» ՍՊ ընկերությունը ճանաչվել է սնանկ: Այսպիսով, «Թալգրիգ»-ը «ՎՏԲ- Հայաստան բանկ» ՓԲԸ-ին պարտք է 8 մլն 226 հազար 935 դոլար, 500 հազար դրամ, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ին՝ 21 հազար 114 դոլար, ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ 38 մլն 29 հազար դրամ, ՖՆ խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությանը՝ 35 մլն 34 հազար դրամ:

Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀՀ պետական ռեգիստրում ներկայացված է երեք ընկերություն, որոնց անվանման մեջ առկա է «Թալգրիգ»-ը: Դրանք են՝ «Թալգրիգ», «Թալգրիգ պլյուս» եւ «Թալգրիգ գրուպ» ընկերությունները: Արդյոք այս երեք ընկերությունները կապված են իրար հետ: Այս հարցի պատասխանը ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց ընկերության սնանկության գործերով կառավարիչ Հովհաննես Եղյանի հետ, ով ասաց. «Սնանկացել է «Թալգրիգ» ընկերությունը, որը երկար տարիներ զբաղվել է հրուշակեղենի արտադրությամբ: Ժամանակին այն գործել է Վանաձորում, սակայն վերջին տարիներին հաստատվեց Երեւանում: Հիմնադիրն է Թովմաս Գրիգորյանը»:

«Թալգրիգ» ՍՊԸ-ի սնանկության գործերով կառավարիչը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ցավով նշեց, որ ընկերությունը վարկային մեծ պարտավորություններ ունի, որոնք էլ չի կարողանում մարել: «Այսօր նրանք, ովքեր ունեն վարկային մեծ պարտավորություններ, այլ պարտքեր, չեն կարողանում դրանք մարել: Սրան զուգահեռ ե՛ւ մարդկանց քանակն է նվազում, ե՛ւ սպառման շուկան է փոքրանում, այդ ամենն էլ իրենց դառը հետեւանքներն են թողնում գործարար դաշտի վրա»,- փոխանցեց Եղյանն՝ ընդգծելով, որ նախնական ուսումնասիրությունների համաձայն՝ ընկերությունը վարկային մեծ պարտավորությունների պատճառով է հայտնվել անելանելի վիճակում: Առայժմ հայտնի չէ՝ ընկերությունը առողջացման ծրագիր կներկայացնի՞, թե՞ ոչ: «Դեռ պարտատերերի առաջին ժողովը չի կայացել, բացի այս, պարտատերերի նախնական ցուցակը հաստատված չէ: Այս պատճառով հստակ չէ՝ արդյոք իրենք հնարավորություն ունե՞ն առողջացման ծրագիր ներկայացնել, թե՞ ոչ»,- հավելեց մեր զրուցակիցը:

Սնանկանալու իրական պատճառները պարզելու համար «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց ընկերության տնօրեն Հովհաննես Հակոբյանի հետ, ով հայտնեց, որ իրենք փորձում են առողջացման ծրագիր մշակել, որպեսզի հասկանան՝ հնարավո՞ր է վերականգնել ամեն ինչ, թե՞ ոչ: «Խնդիրը հիմնականում կապված է «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի հետ. մեր վարկային պարտավորությունը պայմանագրով նախատեսված էր 10 տարի ժամկետով, սակայն կարճաժամկետ վարկերի տրամադրումից տարիուկես հետո տոկոսի կտրուկ բարձրացում եղավ իրենց մոտ, եւ այդ ամենը վատ անդրադարձավ մեզ վրա, ու ընկերությունը գնաց դեպի սնանկացում: Պատկերացրեք, որ վարկի 6.5 տոկոսը բարձրացավ ու դարձավ 9.5, ապա՝ 14.5 տոկոս: Ավելի քան երկու անգամ բարձրացավ տոկոսը, որն էլ տնտեսվարող սուբյեկտի մոտ ֆինանսական մեծ դժվարություններ առաջացրեց: Ընդ որում, մենք ունեինք 7 մլն դոլարի վարկային պորտֆել, ու դրա տոկոսը 6.5-ից դարձնել 9.5, ապա 14.5, դա արդեն լուրջ հարված է, որին էլ չդիմացավ մեր ընկերությունը»,- ներկայացրեց Հակոբյանը:

Հ.Գ. Բիզնես դաշտում ընդունված մարտավարական քայլ է. երբեմն ընկերություններն արհեստական սնանկանում են՝ այդ կերպ խուսափելով հարկային եւ վարկային պարտավորություններից: Բայց այն ընկերությունները, որոնք տարիներ են ներդնում, ապրանքանիշ են ստեղծում, շուկայում տեղ են զբաղեցնում, իրենց նման «շռայլություն» թույլ տալ չեն կարող:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս