Գյուղատնտեսության նախարարության հրահանգը` սնանկացման պատճառ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գինու արտադրության ոլորտում հայտնի «Արենի վայն» ընկերությունը սնանկ է ճանաչվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դեռեւս 2016 թվականին Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի դատարան է դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն: Այսինքն` երեք տարի է, ինչ այս դատական քաշքուկը շարունակվում է գործարարի եւ ՊԵԿ-ի միջեւ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերության պարտքը 2016 թվականի դրությամբ կազմել է 3 մլն 173 հազար դրամ:

Պարզվում է` «Արենի Վայն» ընկերությունը հիմնականում նման իրավիճակում է հայտնվել հարկային բեռի ավելացման հետեւանով, իսկ չմարված հարկային պարտավորություններն առաջացել են` 2015 թվականից սկսած, երբ սկսվել է խաղողի բերքահավաքը: Կհիշեք, հենց այդ շրջանում ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից հրահանգ իջավ` առավելագույն չափով խաղող գնելու մասին, իսկ «Արենի Վայն»-ն էլ այդ հրահանգի շրջանակներում իրականացրել է 35 մլն դրամի չափով Արենի տեսակի խաղողի մթերում եւ պարտավորվել է այն վճարել 2 տարվա ընթացքում` մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 31-ը: Բացի այս, ընկերության ֆինանսական դրության վատթարացմանն են նպաստել նաեւ մի շարք կազմակերպությունների վճարային պարտականությունների ոչ պատշաճ կատարումը:

Եւ չնայած սրան` «Արենի Վայն»-ը երեք տարիների ընթացքում շարունակել է աշխատել, բայց չի կարողացել ժամանակին կատարել իր հարկային պարտավորությունները, որի պատճառով առաջացել են տույժեր` 1 մլն 711 հազար դրամ, եւ տուգանքներ` 318 հազար դրամ գումարի չափով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը 2018 թվականի հունվար ամսից սկսել է պարտքերի մարումը եւ այն կարողացել է նվազեցնել 728 հազար դրամի չափով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընկերության տնօրեն Միքայել Գրիգորյանն ասաց, որ, հարկային պարտավորություններից բացի, ընկերությունն ի վիճակի է եւ կկարողանա կատարել խաղողի համար վճարումները:

«Արդեն լավ վիճակում ենք. վճարում ենք, պարտքերը կմարենք: Արդյունավետ բիզնես չենք կազմակերպել, դրա պատճառով էլ նման իրավիճակում հայտնվեցինք: Մեր պատճառով… Պարտքերը շատ չէին, հարկային պարտավորություններ են, վճարել ենք արդեն: Հիմա աշխատում ենք, ամեն բան կարգին է»,- վստահեցրեց ընկերության տնօրենը: Նշենք, որ «Արենի Վայն» ընկերությունը կարողանում է արտադրած գինին իրացնել միայն տեղական շուկայում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս