ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՋՐԲԱԺԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահական ընտրություններին չմասնակցելու մասին հայտարարելուց հետո ՀՅԴ-ն, ըստ էության, հայտնվել է հարկադիր պարապուրդում: Ավանդական այս կուսակցությունը չի շտապում հրապարակային քաղաքական դաշտում ակտիվ գործունեություն ծավալել: Ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, առայժմ ՀԴՅ-ն զբաղված է ներկուսակցական կազմակերպչական հարցերով, ինչպես նաեւ՝ առաջիկա քաղաքական անելիքների ծրագրավորմամբ:
«Մեր հետագա մարտավարության ու ռազմավարության մասին ավելի կոնկրետ կներկայացնենք նախագահական ընտրություններից հետո, որովհետեւ չենք կարծում, որ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում քաղաքական պրոցեսներ սկսելու ժամանակն է: Ընտրությունների ընթացքն ու ընտրությունների արդյունքները կարող են մարտավարության մեջ որոշակի շտկումներ մտցնելու անհրաժեշտություն առաջացնել, որոշակի խթան հանդիսանալ»,-նշեց Համբարձումյանը:
Նկատենք, որ ՀՅԴ-ն պատրաստվում է ակտիվ գործընթաց ծավալել ընտրություններից հետո, երբ երկրում նոր քաղաքական իրավիճակ ստեղծված կլինի: Ընդ որում, այդ նոր իրավիճակը կունենա մեկ նրբություն. քանի որ քաղաքական դաշտի երեք հիմնական խաղացողները՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, չեն մասնակցում նախագահական ընտրություններին, այս անգամ իշխանությունը կվերարտադրվի առանց լուրջ մրցակցության, առանց բարդությունների, ասել է թե՝ գոնե իրավաբանորեն նա կլինի լեգիտիմ: Տեսակետ կա, որ այս դեպքում արդեն որոշակիորեն կսահմանափակվեն ընդդիմության գործունեության հնարավորությունները: Ուստի Արսեն Համբարձումյանին երեկ հարցրինք՝ այդ դեպքում ինչպես է պատկերացնում հետագա պայքարը, ՀՅԴ հետագա գործունեությունը: «Դա կախված է ընդդիմադիր քաղաքական ուժերի վարած քաղաքականությունից: Չեմ կարծում, որ այսօր էլ դաշտը շատ լայն է»,-նշեց նա:
Մեր հարցին, թե այս պահին իշխանությունը խոցելի վիճակում է, Համբարձումյանը նկատեց. «Իրարից տարբեր ու անկախ պատճառներով երեք դերակատար քաղաքական ուժերի չմասնակցելն ընտրություններին աննախադեպ երեւույթ է Հայաստանի քաղաքական կյանքում եւ մտածելու տեղիք է տալիս թե՛ իշխանությունների, թե՛ հասարակության համար: Եթե այսքանից էլ անհրաժեշտ հետեւություններ չարվեն, քաղաքական համակարգի կայացման ուղղությամբ քայլեր չարվեն, անշուշտ, լավ վիճակ չենք ունենա: Ես հուսով եմ, որ քաղաքական ուժերը համապատասխան հետեւություններ կանեն, ու այս ընտրությունները ջրբաժան կլինեն»: Ջրբաժանը, սակայն, ըստ Համբարձումյանի, չի նշանակում, որ ընտրություններից հետո ՀՅԴ-ն կվերադառնա իշխանական ճամբար՝ կոալիցիա կազմելով Սերժ Սարգսյանի հետ: «Այս պահին կոալիցիա վերադառնալու հնարավորություն չկա, քանի որ դրա նախադրյալները չեմ տեսնում»,-նշեց նա: ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցչին նաեւ հարցրինք՝ ընտրություններին չմասնակցելուց հետո արդյոք մտավախություն չունեն, որ հասարակությունն էլ ինչ-որ չափով հիասթափվի իրենցից, քանի որ, ըստ էության, այդ կուսակցությունները գոնե ընտրությունների միջոցով չեն պայքարում իրենց հռչակած նպատակների համար: «Մենք համոզված ենք, որ ճիշտ որոշում ենք կայացրել եւ այն հասարակությանը ներկայացնելու կարիք ունենք: Ընտրություններին չմասնակցելու ՀՅԴ հիմնավորումները հայտնի են, եւ կարծում եմ՝ հասարակությանն անկեղծ, ճիշտ ու շիտակ ներկայացնելու պարագայում ընտրողների գերակշիռ մասը կհասկանա մեր տրամաբանությունը: Եվ երկարատեւ ժամանակի առումով չեմ տեսնում որեւէ վտանգ»,-ասաց Արսեն Համբարձումյանը:
Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցչի խոսքով, իրենք բացառում են Սերժ Սարգսյանին սատարելու տարբերակը: Իսկ մյուս թեկնածուների հանդեպ ՀՅԴ դիրքորոշումը, ըստ նրա, կախված է նախընտրական քարոզարշավից, եւ այդ մասին կհայտնեն առաջիկայում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս