«Նաիրիտ» գործարանի 600 աշխատակից դեռ աշխատավարձ չի ստացել: Armlur.am-ի խմբագրություն զանգահարած նաիրիտցիները դժգոհեցին, որ դեռ երեկվա դրությամբ` իրենք պետք է ստացած լինեին աշխատավարձերը, սակայն կրկին իրենց խաբում են:
Նաիրիտցիների աշխատավարձերը պետք է փոխանցի «Կոնվերս բանկ»-ը: Բանկից աշխատակիցներին տեղեկացրել են, թե ինչ-որ տեխնիկական խնդիրներ են առաջացել և ներողություն են խնդրել: Իսկ այսօր առավոտվա դրությամբ` 600 աշխատակիցներից մի մասի աշխատավարձը բանկը փոխանցել է, մնացածինը կփոխանցվի ժամը 2-ից հետո:
Armlur.am-ը փորձեց բանկից ճշտել` ինչ խնդիրներ են եղել փոխանցման հետ կապված: Սակայն մեզ որևէ տեղեկություն չտրամադրեցին, պատճառաբանելով, որ դա բանկային գաղտնիք է, և իրենք չեն կարող իրենց հաճախորդների բանկային հաշիվների մասին որևէ տեղեկություն տրամադրել. «Կարող եք գրավոր հարցում ուղարկել կամ մոտենալ մեր գլխավոր գրասենյակ, միգուցե Ձեզ ինչ-որ պատասխան կտան»:
Իսկ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն էլ մեզ տեղեկացրեց, որ գործարանի աշխատակիցները աշխատավարձ ստացել են, փոխանցումը կատարվել է. «Ես պաշտոնապես ասում եմ` փոխանցումը կատարվել է: Այսօր առավոտյան նրանք բոլորը ստացել են իրենց աշխատավարձերը: Կարող է` մի երկու հոգի կան, ովքեր ինչ-որ խնդիրներ ունեն, բայց այսօր առավոտվա դրությամբ բոլորն իրենց աշխատավարձերը ստացել են, գումարը փոխանցվել է բանկին»: