Ձերբակալված ժամանակ տղաս ցնցումների մեջ է եղել. Սուրիկ Խաչատրյանը` որդու առողջականի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իմ տղան հոգեկան խնդիրներ չունի»,-լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը` անդրադառնալով մամուլում տարածված այն հայտարարությանը, թե իր տղան «գժի թղթով» ազատվել է բանակից:

Լրագրողների այն հարցին, թե այդ դեպքում որն էր տարեկետմամբ ազատվելու պատճառը, Սուրիկ Խաչատրյանը նշեց, որ 3 ամիս ձերբակալված լինելու ժամանակ իր տղան ցնցումների մեջ է եղել, ինչի հետևանքով էլ առողջական խնդիրներ են առաջացել:

Իր տղայի ձերբակալությունը նա անարդար համարեց` հավելելով, որ Տիգրան Խաչատրյանը ծեծկռտուքի դեպքերի հետ ոչ մի առնչություն չունի:  «Ամեն դեպքում խնդիրներ չեմ տեսնում, քննությունը կգնա իրա արդար ճանապարհով և լուծումը կստանա»,-հավելեց նա: Դիտարկմանը, թե փաստորեն իրավապահ մարմինները չկանգնեցին ձեր թիկունքին, մարզպետը պատասխանեց, որ իրավապահ մարմինները միշտ էլ իրենց գործն են կատարում:

«Իրավապահ մարմիններն հիմնականում իրենց գործն են կատարում, թիկունքին կանգնելու խնդիրը բացառում եմ, քանի որ նման բան չկա»,- ընդգծեց նա: Լրագրողի այն հարցին, թե չի պատրաստվում հրաժարական տալ մարզպետի պաշտոնից, Ս. Խաչատրյանը նշեց. «Ինչո՞ւ հրաժարական տամ, ես ձեզ չեմ ուրախացնի»:

Հավելենք, որ քիչ առաջ Ս. Խաչատրյանը Կառավարության շենքում հանդիպել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:




Լրահոս