ՀՀ Կառավարության կողմից վերջին տարիներին իրականացված ամենակարեւոր բարեփոխումների թվում միջազգային կառույցները նշում էին անցումը «բաց երկնքի» քաղաքականությանը, իսկ անմիջականորեն այդ փոփոխությունն իրագործած նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում էր, որ սա հեղափոխական քայլ է, որը հանգեցնելու է ավիացիոն ոլորտի զարգացմանն ու ավիածառայությունների գների էական նվազեցմանը: Անցած շուրջ 2 տարիների ընթացքում ավիացիոն ոլորտում տեսանելի առաջընթաց չարձանագրվեց, ավելին` Հայաստանի «բաց երկինքն» իր գրավչությունը կորցրեց մի շարք օտարերկրյա ավիաընկերությունների համար, որոնք դադարեցրին դեպի Հայաստան չվերթները: Իսկ այն ընկերություններն էլ, (ինչպես արաբական Etihady), որոնք գայթակղվեցին հայաստանյան նոր` «բաց» շուկայով եւ փորձեցին այստեղ գործունեություն իրականացնել, կարճ ժամանակ անց հուսախաբ եղան եւ հեռացան:
Մրցակցային անհասկանալի պայմաններին չդիմացավ անգամ հայկական միակ` «Էյր Արմենիա» ընկերությունը, որը գործունեությունը սկսելուց ընդամենը 1 տարի անց ստիպված եղավ դադարեցնել ուղեւորափոխադրումները: Եվ եթե այս ամենին գումարում ենք նաեւ այն, որ դեպի Մոսկվա ավիատոմսերի սկզբնական էժանացումից բացի՝ անցած 1,5 տարվա ընթացքում նկատելիորեն թանկացան գրեթե բոլոր ուղղություններով ավիատոմսերի գները, պարզ է դառնում, որ այսպես շարունակվելու դեպքում Հայաստանում «բաց երկնքի» քաղաքականությունը շուտով կփակվի:
Ըստ ամենայնի, հենց այդ մտավախությամբ էլ երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը (ով, ի դեպ, վերջին շրջանում սկսել է լրջորեն հետաքրքրվել ավիացիայի խնդիրներով` սկսած «Չեխական ավիաուղիների» եւ այլ օտարերկրյա ավիաընկերությունների գործունեությունը Հայաստանում վերականգնելու շուրջ տարվող բանակցություններից, ավարտած օրերս համապատասխան մարմիններին տրված հանձնարարականներով) Կառավարություն էր հրավիրել ավիացիայի ոլորտի դոնոր կազմակերպություններին: Ըստ պաշտոնական հաղորդագրության` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ՀԲ-ի, ԱՄՀ-ի եւ IDeA-ի հետ քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են հետագա համատեղ քայլերին:
Ուշագրավ է, որ, ըստ պաշտոնական հաղորդագրության, «միջազգային կառույցների ներկայացուցիչները բարձր են գնահատել զբոսաշրջության խթանման, ավիացիայի ոլորտի զարգացման ուղղությամբ ՀՀ Կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը»: Թե կոնկրետ ինչն են նրանք բարձր գնահատել, հասկանալի չէ՝ օրեցօր պակասող չվերթներն ու թանկացող գները, թե ավիածառայությունների մատուցման հետզհետե ընկնող որակը:
Համենայնդեպս, անգամ պաշտոնական հաղորդագրությունից կարելի է հասկանալ, որ վարչապետը բոլոր այդ միջազգային «բարեփոխիչներին» հրավիրել էր ասելու` սա էիք ուզում, արեցինք, դե, հիմա օգնեք՝ տակից դուրս գանք: