«Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումն առաջիկայում պատրաստվում է լուրջ գործընթացներ սկսել: Armlur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց միավորման հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատու Վահե Մոսինյանը:
Վերջինս նշեց, որ ներկայումս միավորումը զբաղված է ներքին կազմակերպչական գործունեությամբ. «Ձևավորվել են շուրջ 15 միություններ և 3 աշխատանքային խմբեր: Հիմա զբաղված ենք այդ միությունների և խմբերի հետ կապված այլ հարցերով:
Սեպտեմբերից կձեռնարկենք արդեն մարզային և շրջանային գրասենյակների բացման գործընթացը, որի մասին նախօրոք կտեղեկացնենք, իսկ դեկտեմբերից շատ ավելի լուրջ գործընթացներ են մեզ սպասվում»,- ասաց նա: Իսկ թե ինչ լուրջ գործընթացների մասին է խոսքը, նա չմանրամասնեց. «Թույլ տվեք այս պահին չմանրամասնեմ: Սեպտեմբերին նախատեսված գործընթացներից հետո նոր մեր հետագա քայլերի մասին կտեղեկացնենք»:
Մոսինյանը հավելեց՝ միավորմանը 11 կուսակցություն և մոտ 80 հասարակական կազմակերպություններ են միացել, այդ թվում քաղաքացիներ, մշակույթի, գիտության գործիչներ: Վերջինիս խոսքով` միավորումը ոչ մեկի դեմ չի պայքարում և նպատակը հայկական վերածնունդ ստեղծելն է:
«Մեր պայքարն ոչ մեկի դեմ չէ, մեր պայքարը հանուն է. հանուն Հայաստանի հզորացման, հանուն Հայաստանի դաշտից արատավոր երևույթների վերացման: Մենք նպատակ ունենք ստեղծել սոցիալական արդարություն, ցանկանում ենք քաղաքական դաշտը իրականում դառնա քաղաքական դաշտ: Մեր նպատակն է ստեղծել հայ ժողովրդի հոգեբանության, հայ մշակույթի, արվեստի վերածնունդը» -եզրափակեց նա:
Արփինե Թովմասյան